Օրվա իրադարձությունը՝ ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Երևանում է, ԳԱԱ նիստերի դահլիճում ասուլիս է տվել ու հայտարարել, որ մասնակցելու է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին: Ինչպե՞ս, եթե նա Հայաստանում չի բնակվում: Նույնիսկ եթե հիմա գործը մի կողմ թողնի ու հաստատվի Հայաստանում, երկուսուկես տարին բավարար չէ: Նա այդ հարցին էլ է պատասխանել, կա՝ մասնակցության երկու տարբերակ՝ նոր կուսակցություն կստեղծի, կամ կհամագործակցի եղած կուսակցություններից որևէ մեկի հետ: Արա Աբրահամյանը հայտարարել է, որ այդ հարցերի վերջնական պատասխանը կլինի երևի թե 2016-ի գարնանը: Այսինքն՝ մինչև գարուն նա ժամանակ է տվել ինքն իրեն ու քաղաքական դաշտին: Ինչի՞ համար: Հասարակական ու կուսակցական տեսակետները ուսումնասիրելո՞ւ: Թերևս ոչ, որովհետև նա չի գալիս Հայաստանում գործելու հայաստանյան խնդիրների լուծման իր ծրագրով: Նա գալիս է ռուս-հայկական համագործակցությունը խորհրդարանում վերահսկելի դարձնելու համար: Առավել ևս, եթե դեկտեմբերի վեցին Հայաստանը փոխի կառավարման համակարգը և անցնի խորհրդարանական կառավարման: Ռուսաստանում բոլորովին չեն հասկանում, թե ինչ շիլա է եփվում Հայաստանում, և որովհետև չեն հասկանում, որոշել են լինել ոչ թե համտեսողների, այլ՝ եփողների մեջ: Այդպես ավելի անվտանգ է: Քաղաքական դաշտը դադարեց կրկես լինել և վերածվում է փորձադաշտի: Փորձի արդյունքներին սպասելը ժամանակի կորուստ է, երբ հնարավոր է փորձը անձամբ դնել ու անձամբ արդյունքները ծրագրել:
Որպես փորձի անկողմնակալության հավաստիք՝ Արա Աբրահամյանը ասել է մի քանի առանցքային նախադասություններ՝ «Պուտինը միշտ ճիշտ է», հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, պատմել իր մտադրությունները, նա ասել է՝ ինչո՞ւ ոչ, և վերջապես՝ Արա Աբրահամյանը ճշտել է, որ չի ուզում նախագահ կամ վարչապետ դառնալ Հայաստանում: Ի՞նչ է նա իրականում ուզում՝ դեռ ինքն էլ չգիտի: Գործունեության երեք հիմնական տարբերակներ կան.
1. Արա Աբրահամյանը ստեղծում է նոր կուսակցություն: Բայց կուսակցություն ստեղծելը քաղաքի կենտրոնում, գուցե նաև մարզերում մեկ կամ մի քանի գրասենյակ ունենալը, ամիսը մեկ-երկու հարցազրույց տալը չէ: Կուսակցությունը ամենօրյա աշխատանք է, թիմ ու, որքան էլ տարօրինակ է հնչում՝ կուսակցության անդամներ: Ովքե՞ր են անդամակցելու այդ կուսակցությանն ու ինչու: Հին գվարդիա՞ն է հավաքվելու, որ նախ հեռացավ ՀԺԿ-ից, հետո ԲՀԿ-ից: Բայց նրանք կձգե՞ն մի գործ, որի համար աշխատել է պետք, ոչ թե միանգամից պտուղները ճաշակել: Նորի՞ց ընտրություններից հետո պետական կառույցներում աշխատանք ստանալու, հընթացս փող-մող աշխատելու ու ընդհանրապես գործընթացի մեջ լինելու համար: Բայց Հայաստանում արդեն համարյա բոլորը կուսակցական են, ավելին՝ մի քանի անգամ կուսակցություն են փոխել: Ո՞Ւմ կուսակցությունից է Արա Աբրահամյանը անդամներ տանելու:
2. Արա Աբրահամյանը բացահայտ ստեղծում է նոր կուսակցություն, զուգահեռ սկսում կամ շարունակում է ֆինանսավորել նորաստեղծ կամ հայտնի հին կուսակցություններին՝ ապահովության բարձիկ ունենալու համար: Սեփական կուսակցությունը կարող է և ձախողվել, պետք են փոխարինող կազմեր: Խնդիրը մեկն է, լուծողները կարող են տարբեր լինել: Ո՞ր խելոքն է բոլոր ձվերը մի կողովում դնում տեղափոխելիս: Նկատեցի՞ք, որ նախքան նրա Երևան գալը շրջանառվում էր ՕԵԿ-ի հետ դաշինք կազմելու տարբերակը, բայց Արթուր Բաղդասարյանի այլ գործով Մոսկվա գնալուց և Երևանում Արա Աբրահամյանի Սերժ Սարգսյանին հանդիպելուց հետո այսօր ասուլիսում երևան եկավ քաղաքական ասպարեզ մտնելու այլ տարբերակների հավանականությունը:
3. Մինչև 2016-ի գարուն դեռ երկար ժամանակ կա՝ երկար քաղաքական ժամանակ՝ դեկտեմբերի վեցի հանրաքվեում, եթե կառավարման մոդել չփոխվի, Արա Աբրահամյանի հայրենիք վերադառնալու ծրագրերը կարող են փոխվել: Ինչո՞ւ ոչ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՈՒմ համար՝ ոնց, ինձ համար այսօրվա թիվ մեկ իրադարձությունը ԻԻՀ փոխնախագահի Երևան այցն էր: Հատկապես՝ հեռանկարի առումով: