Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Ինչը Կրեմլի համար կարևոր է (չէ)

Ինչը Կրեմլի համար կարևոր է (չէ)
25.10.2015 | 11:49

Ժողովրդական իմաստնությունը, որը համարյա միշտ կիրառելի է այս կամ այն պետության քայլերը գնահատելիս, հաստատում է. «Երբ երկուսն էլ անում են նույնը, դա նույնը չէ»: Մենք ապրեցինք-անցանք սառը պատերազմը՝ լինելով «Արևելքում», այդ պատճառով մեր շատ համերկրացիների մտքում արձագանքում է՝ Սովետական Միությունը խաղաղության ու սոցիալիզմի հենարանն է և դիմակայում է ագրեսիվ ու իմպերիալիստական ԱՄՆ-ի մշտական ու համամոլորակային ճնշմանը: ԱՄՆ-ի ռազմական ու հետախուզական գործունեությունը քննարկվում, բացահայտվում ու քննադատվում էր (բնականաբար, այսօր էլ), մինչդեռ ԽՍՀՄ-ի ու սոցիալիստական ճամբարի ճիշտ նույն գործունեության մասին ոչինչ չէր ասվում: Բոլորը «գիտեն»՝ ինչ են արել ամերիկացիները Կորեայում, Վիետնամում, Գրենադայում, բայց սովետական գործողությունները Աֆղանստանում չեզոքացվում էին այնտեղ ԱՄՆ/ՆԱՏՕ-ի ներկայությամբ 2001-ից հետո, իսկ սովետական մասնակցությունը Սոմալիի, Եթովպիայի, Անգոլայի, Մոզամբիկի պատերազմներին հասարակության մեծ մասին և անհայտ է, և անհետաքրքիր: Այդ պատճառով այն, ինչ 90-ականներին կատարվում էր հետխորհրդային տարածքում, ներառյալ պատերազմները Վրաստանում և ՈՒկրաինայում, միշտ և սկզբունքորեն մեկնաբանվում է իբրև Ռուսաստանի բնական արձագանքը բացասական երևույթներին տարածաշրջանում, որը նրան է «պատկանում»: Ինչպես հետխորհրդային տարածքում, այնպես էլ Սիրիայում կային ռուսական զինված ուժեր միշտ և սկզբունքորեն օրինական, համաձայնեցված են կառավարությունների հետ և նախաձեռնվում են շահագործվող ժողովրդի շահերից ելնելով քաոսի հետ պայքարի համար (որ ստեղծում են ԱՄՆ-ը/ՆԱՏՕ-ն/ԵՄ-ն) և կարգուկանոնի ու կայունության հաստատման համար: Թեպետ այդ ամենը ընդամենը (ան)բարեհունչ կարգախոսներ են, այդ բառերը շատ պերճախոս կարող են բացահայտել՝ ինչ է ժամանակակից ռուսական ղեկավարությունը մտածում աշխարհի մասին և աշխարհում իր դերի մասին: Յուրաքանչյուր հրապարակային ելույթում՝ նվիրված արտաքին քաղաքական կամ ռազմական իրավիճակին, նաև մյուս ելույթներում, հնչում է կտրուկ ու անզիջում քննադատություն ժամանակակից համաշխարհային աշխարհակարգի (անկարգության) ճարտարապետ ԱՄՆ-ի հասցեին: Այդ պատճառով Ռուսաստանին ու ինքն իրեն Պուտինը վերապահում է դեր, որ Ռուսաստանը պատմականորեն «միշտ» է խաղացել՝ տերության դեր, որ ապահովում է խաղաղություն ու կայունություն: Հատկապես ակնհայտ դա դրսևորվեց այս տարի Մեծ հայրենականում հաղթանակի 70-ամյակի տոնակատարության ժամանակ: Հետաքրքիր է, որ որոշ ելույթներում հաղթանակից ավելի, որի խորհրդանիշը Ռայխստագի վրա բարձրացված դրոշն էր, շեշտը դրվում էր Յալթայի ու Պոտսդամի կոնֆերանսների վրա, այսինքն՝ բանակցությունների, որոնք հիմք դրեցին հետպատերազմյան միջազգային հարաբերություններին:
Հաշվի առնելով այն ուշադրությունը, որին արժանացավ պատերազմի ավարտի 70-ամյակը, երկրորդ պլան մղվեց Վիեննայի կոնգրեսի 200-ամյակը, որտեղ Ռուսաստանն առաջին անգամ իր պատմության մեջ մասնակցեց Եվրոպայում միջազգային հարաբերությունների ստեղծման ճարտարապետությանը: Հենց այդ ժամանակ Ալեքսանդր I ցարին, ի տարբերություն պարտված Նապոլեոնի՝ «պատերազմի հանճարի», անվանեցին «խաղաղության հանճար»: Ալեքսանդրի գլխավոր ներդրումը միջազգային հարաբերությունների իր ժամանակի համակարգում փաստորեն ոչ թե խաղաղության պայմանագրերի կնքումն էր և Եվրոպական միության համակարգի ստեղծումը, այլ Սրբազան դաշինքի ստեղծումը: Որոշակի տեսակետով դա առաջին «մշտական» դաշինքն էր անվտանգության նպատակով, որ իր անդամներին պարտադրում էր հավաքական պաշտպանություն և պաշտպանություն «հեղափոխականներից»: Հետագա տարիները վկայեցին, որ «հետնապոլեոնյան» Եվրոպան հարուստ էր հենց հեղափոխություններով: Թեպետ նրանց մեծ մասը ճնշվեց արյունոտ մեթոդներով, գաղափարները շարունակում էին ապրել և այն երկրներում, որտեղ եղել էին հեղափոխություններ, աստիճանաբար պայմաններ էին ստեղծվում սահմանադրականությանն ու ազատականությանն անցման համար: Բայց դա չկար Ռուսաստանում, որն այն ժամանակ, հավանաբար, ինչպես հիմա Պուտինի օրոք (իսկ մինչև նա՝ Բրեժնևի օրոք), հակառակ ուղղությամբ ճանապարհ ընտրեց՝ շեշտը դնելով «ավանդական ու պահպանողական արժեքների վրա», որ կոլապսի հասցրեց 1917-ին (նաև 1989-1991-ին): Եթե լուսավորյալ կայսրուհի Ելիզավետան թվում էր Հյուսիսի Շամիրամ, իսկ նրա թոռ Ալեքսանդր I-ը, Նապոելոնի պարտությանը մասնակցության շնորհիվ, դարձավ եվրոպացի լիբերալների սիրելին, նրանց ժառանգները իրենց պահեցին իբրև միանգամայն մեծամիտ ներկայացուցիչներ երկրի, որ անհույս հետ է մնացել արժեքների ու տնտեսության առումով: Նկատեք, որ այն պահից, երբ հասկանալի դարձավ, որ ՈՒկրաինայի արևելքում, առավել ևս ամբողջ ՈՒկրաինայում Ղրիմի սցենարը չի կրկնվի, մենք լսում ենք սրբագրված բառապաշար, որով Պուտինն ու նրա շրջապատը դիմում են միջազգային հանրությանը: Ժամանակ առ ժամանակ առաջվա նման հիշատակվում է միջուկային զենքը, զորավարժություններ են կատարվում և հաղորդվում է զենքի մատակարարման նոր գործարքների մասին, բայց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Պուտինը, թեկուզ ռուսական ԶԼՄ-ներն ընդգծում են, որ կոշտ, վճռական ու նույնիսկ կտրուկ, ԱՄՆ-ին համագործակցության վերականգնման կոչ արեց: Ինչո՞ւ է նա դա անում այն ժամանակ, երբ Ռուսաստանը անհավանական ակտիվ է ու բոլորից հարգված: Հավանաբար այն պատճառով, որ, ինչպես Ֆարիդ Զաքարիան է նկատել, ակտիվությունը հաջողություն չէ: Միանգամայն ակնհայտ է, որ Ռուսաստանը Սիրիայում փոխեց ուժերի հարաբերակցությունը, բայց դա չի նշանակում, որ հաջողությամբ հասավ իր նպատակներին: Առայժմ Ռուսաստանի ու ԱՊՀ մյուս երկրների զինյալները ոչնչացված չեն, Ասադը չի վերադարձել կայուն իշխանության և հարց է՝ երբևէ կվերադառնա՞: ԲՌԻԿՍ-ի խումբը, որ դեռ մի երկու տարի առաջ, թվում էր, կոչված է վերցնել իշխանությունն աշխարհում, բախվեց նոր տնտեսական պրոբլեմների: Ընդ որում, այդ երկրների հին դժվարությունները, իսկ նրանք «սոցիալական անհավասարության չեմպիոններ էին», մնացին չհաղթահարված:
Ղրիմի հարցում Ռուսաստանին ոչ ոք չաջակցեց, Սիրիայում նա չունի ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից ոչ մեկի կայուն աջակցությունը: Բացի որոշ հանքային ռեսուրսներից (մասամբ՝ զենքը), Մոսկվան դրական ոչինչ չունի, որ կարող է առաջարկել աշխարհին, և քանի դեռ ԿԺԴՀ-ի նման, չի սկսում սպառնալ աշխարհին, ոչինչ չունի աշխարհի հետաքրքրությունը շարժելու համար: Հաշվի առնելով որակյալ աշխատուժի նվազումը, գիտության թերֆինանսավորումը և վերադարձը ռազմարդյունաբերական համալիրի պահանջների գերակայությանը, Ռուսաստանում աշխարհի համար գրավիչ ոչինչ չի էլ հայտնվի: Բայց Ռուսաստանն ու Պուտինը ծայրահեղ, պարզապես հուսահատ կարիք ունեն կայունության տանը, որ մինչև հիմա պահպանվում է նավթադոլարների հաշվին: Այդ պայմաններում Կրեմլին կարող է թվալ, որ իր համար շահեկան է քաոս հարուցել ամենուր, ուր հնարավոր է՝ «թաքնված»՝ ինչպես ՈՒկրաինայում, կամ բաց՝ ինչպես Սիրիայում: Լավագույն տարբերակում դա պետք է լինի ռուսական սահմանների մոտ, կամ՝ նախկին խորհրդային հանրապետությունների, որովհետև քանի դեռ հորիզոնում հրդեհ կա, սեփական բնակչությունը քչով կբավարարվի: Բացառված չէ, որ այդ ճանապարհին առաջին քայլերից մեկը արվեց անցյալ կիրակի ղազախական Բուրաբայում, որտեղ Պուտինն ԱՊՀ գործընկերներին առաջարկեց, չնայած բոլոր հաջողություններին, որոնց մասին անվերջ զեկուցում են ռուսական ԶԼՄ-ները, ոչ միայն սահմանների համատեղ պաշտպանություն մերձավորարևելյան ահաբեկիչներին, այլև մի շարք քայլեր, որ կնվազեցնեն կախումը արտաքին շուկաներից: Դրանք ոչ թե հաջողակ հաղթողի խոսքեր են, այլ նրա, ով զգում է, որ գտնվում է պաշարված ամրոցում: Չկասկածեք, որ հենց այդ կենսակերպը շատ լավ ծանոթ է սովետական համակարգի ժառանգներին:


Միխայիլ ՌՈՄԱՆՑՈՎ, «Natoaktual.cz», Չեխիա
Հ.Գ.
Անկախության սերնդի համար այս հրապարակումը գուցե անհասկանալի լինի, բայց մենք, որ գալիս ենք 20-րդ դարակեսից, կվկայենք, որ այդպես է, ու կվկայենք, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հակամարտությունները հետխորհրդային տարածքում դարձան քաղաքականության գործիք ու այսօր էլ շարունակում են մնալ այդպիսին: Սա մեր պատմությունն է ու այս պատմությունը շարունակվում է նաև անկախության սերնդի համար: Միխայիլ Ռոմանցովը խոսում է Պուտինի մասին ու Ռուսաստանի դերի՝ նշելով ՈՒկրաինան ու Սիրիան՝ իբրև վերջին օրինակներ, բայց ակնհայտ է, որ գրվածը վերաբերում է նաև Հայաստանին: Իսկ ի՞նչ ունենք մենք աշխարհին տալու: Անկախության շրջանից աշխարհում Հայաստանն ասոցացվում էր Սպիտակի երկրաշարժով, որ արդեն սկսում է մոռացվել, ու Ղարաբաղով, որ աշխարհի աչքում գուցե տարածքային վեճ է երկու հարևանների միջև, ու՝ ոչ ավելին: ՈՒրի՞շ: Սրա մասին է պետք մտածել: Դրական պատմության, որ մեր այցեքարտը կարող է դառնալ արտաքին աշխարհի համար, բայց մեզ համար պիտի լինի կենսագրություն ու ապագա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ