Տուրի խաղերում հեթ տրիկի հեղինակներ դարձան Օբամեյանգն ու Լուիս Սուարեսը, իսկ ֆուտբոլային շաբաթվա ամենասպասված խաղում մանչեստրյան ակումբները չկարողացան որոշել ուժեղագույնին: Երկու առաջնությունում տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն, երկու առաջնությունում երկու հանդիպում է կայացել առաջին ու երրորդ հորիզոնականներում գտնվող թիմերի մասնակցությամբ, երկու առաջնությունում առաջին երկու տեղերում գտնվողներն ունեն հավասար միավորներ:
ԻՍՊԱՆԻԱ
18-ական միավոր ունեցող ու աղյուսակի առաջին երկու հորիզոնականներում գտնվող «Սելտայի» ու Մադրիդի «Ռեալի» առճակատումը, բնականաբար, շատ հարցերի պատասխան էր տալու, այդ թվում, թե «Սելտան» որքանո՞վ ի զորու կլինի առաջատարի իր դերին հավատարիմ մնալուն: Մրցակցությունը լարված էր, և, այդուհանդերձ, «Ռեալը» համոզիչ հաղթանակ տարավ՝ 3:1: Պարտությունը «Սելտային» արժեցավ նահանջ` չորրորդ հորիզոնական:
3:1 հաշիվը կրկնվեց նաև «Բարսելոն»-«Էյբար» հանդիպումում, բնականաբար, հօգուտ կատալոնցիների, որոնք կամային հաղթանակի հեղինակ են դարձել: «Կապտանռնագույնների» երեք գոլն էլ Լուիս Սուարեսի ակտիվում է: Ի դեպ, ուղիղ կարմիր քարտ է ստացել ու խաղից հեռացվել Բուսկետսը, ում, ամենայն հավանականությամբ, սպասում է որակազրկում չորս խաղով:
Վերջապես լավագույն եռյակի մաս կազմեց Սիմեոնեի գլխավորած «Աթլետիկոն»: Վալենսացի Ալկասերը տասնմեկմետրանոցի հաջող իրացումով կարողացավ միայն հաշվի տարբերությունը հասցնել նվազագույնի: Մադրիդցիներն ունեն 19 միավոր:
ԱՆԳԼԻԱ
Նորից պարտությունից չխուսափեց Լոնդոնի «Չելսին»՝ արտագնայում զիջելով «Վեստ Հեմին» (1:2): Ի դեպ, Սլավեն Բիլիչի սաներն այս մրցաշրջանում «անցել» են նաև «Արսենալի», «Լիվերպուլի», «Մանչեստր Սիթիի» վրայով: Այնպես որ, այս հաղթանակի վրա զարմանալ չի կարելի, որքան էլ Մոուրինյոյի սաները չափից դուրս անհաջող են մեկնարկել մրցաշրջանում: Սակայն ճշմարտությունը պահանջում է ասել, որ խաղի գլխավոր մրցավարն իր կոպտագույն սխալներով լրջագույնս ազդել է թե՛ խաղահաշվի ձևավորման, թե՛ ընդհանուր մթնոլորտի վրա: Լրատվամիջոցները փաստում են, որ Ջոն Մոսսի գործողություններում աչքի է զարնել արհամարհական պահվածքը:
2:1 հաշիվն է գրանցվել նաև «Արսենալ»-«Էվերտոն» դիմակայությունում, որտեղ առավել հաջողակ են եղել լոնդոնցիները: Հաղթանակը «Արսենալին» մեկ օրով ապահովել է առաջատարություն՝ կիրակի կայանալիք մանչեստրյան ակումբների բախման արդյունքի սպասումով: Դիմակայությունն ավելի քան լարված էր ու պայմանավորված չէր միայն նրանով, որ առաջին ու երրորդ հորիզոնականներում գտնվող թիմերն էին մրցակցում: Սա մանչեստրյան դերբի էր, որ նշանակում է ճակատամարտ մինչև վերջին շունչը փչելը: Անկեղծ լինենք՝ փչեցին էլ, սակայն այդպես էլ չկարողանալով մեկմեկու դարպաս գրավել: Արդյունքում «Յունայթեդը» նահանջեց չորրորդ հորիզոնական, «Սիթին» պահպանեց առաջին հորիզոնականում իր տեղը, սակայն նրա հետ հավասար՝ 22 միավոր ունի և «Արսենալը»: Ինչ վերաբերում է երրորդ հորիզոնականին, 20 միավորով այնտեղ է հարմարվել վերը հիշատակված «Վեստ Հեմը»: Նույնքան միավոր ունի և «Յունայթեդը»:
Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ հերթական ոչ-ոքին խաղաց «Լիվերպուլը»: Այս անգամ նրա մրցակիցը խաղավարտին պարտությունից խուսափած «Սաուտհեմպտոնն» էր՝ 1:1:
ԳԵՐՄԱՆԻԱ
Հերթական տուրում Մյունխենի «Բավարիայի» հաղթանակն ազդարարելուց առաջ ասենք, որ երկամսյա ընդմիջումից հետո բավարացիների շարք է վերադարձել Արիեն Ռոբենն ու խաղամուտը նշել գոլով: Տասը խաղից տասը հաղթանակ՝ նման մեկնարկ եվրոպական ֆուտբոլում մեկ էլ ունեցել են «Տոտենհեմը» (1960-61), «Մանչեստր Յունայթեդը» (1985-86), «Ռոման» (2013-14): «Բավարիայի» այս անգամվա զոհը եղել է «Քյոլնը»՝ 4:0:
Վստահ մրցելույթով աչքի ընկավ Տուխելի գլխավորած Դորտմունդի «Բորուսիան»: «Աուգսբուրգի» նկատմամբ 5:1 հաշվով հաղթանակն ասվածի վառ ապացույցն է: Ասենք, որ այստեղ հեթ տրիկի հեղինակ է դարձել Օբամեյանգը, ով ռմբարկուների մրցակցությունում խփած գոլերի թվով՝ 13, հավասարվեց Ռոբերտ Լևանդովսկուն:
Շարունակեց 19 միավորով երրորդ հորիզոնականում մնալ «Շալկեն», որը արտագնայում ծանր խաղ ունեցավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ՝ 1:3: Սա տանտերերի հինգերորդ անընդմեջ հաղթանակն էր:
ԻՏԱԼԻԱ
Անգլիական պրեմիեր լիգայի օրինակով «Ֆիորենտինա»-«Ռոմա» հանդիպումը մրցաշարային աղյուսակի առաջին և երրորդ տեղերում գտնվող թիմերի մրցակցություն էր: Նախորդ տուրում «Նապոլիից» կրած պարտությանը ֆլորենտացիներն ավելացրին և պարտությունը «գայլերից»՝ 1:2, ու նրա հետ փոխատեղվեցին: Հանուն այս դիմակայության, փաստորեն, արդեն նախկին առաջատարին չօգնեց և Չեմպիոնների լիգայում կիսառեզերվային կազմով հանդես գալը:
«Կիևոյի» հետ արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթանակը «Նապոլիի» միավորների թիվը հասցրեց 18-ի ու ապահովեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Ի դեպ, նույնքան միավոր ունի և «Ինտերը», որը «Պալերմոյի» հետ խաղում բավարարվեց մեկ միավորի տեր դառնալով: Ինչ վերաբերում է երկրի գործող չեմպիոնին, «Յուվենտուսը» տանը հաղթեց «Ատալանտային»՝ 2:0, սակայն նրա համար դեռ անհասանելի է մնում առաջին տասնյակի մաս կազմելը:
ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնում շարունակում է հաղթական հանդիպումների շքերթը «Պարի Սեն Ժերմենը»: Փարիզցիների չորս գոլին «Սենտ Էտիենը» կարողացել է պատասխանել միայն մեկով:
Չնայած «Գենգամի» հետ ունեցած ոչ-ոքիին՝ 0:0, «Անժը» շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում՝ 22 միավոր: Այստեղ երրորդը 21 միավոր ունեցող «Կանն» է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ