«Ոչ»-ի ճակատը, ի թիվս այլ մտահոգությունների, հիմա էլ կանգնած է վստահված անձինք չունենալու խնդրի առջև: Մեր տեղեկություններով, սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն ամբողջությամբ վերահսկելու համար ընդդիմադիրները չունեն համապատասխան քանակի և «որակի» մարդիկ: Այսինքն, այնպիսի լուրջ և «պինդ» քաղաքացիներ, որոնք մինչև վերջ կկանգնեն ու կհսկեն ընտրական գործընթացը:
Հասկանալով իր վիճակի «ծանրությունը», ընդդիմությունը քարոզարշավը տանում է զուտ հանրահավաքային մարտավարությամբ: Նույնիսկ հեռուստաեթերի հնարավորություններից չեն օգտվում, անգամ եթե անվճար քարոզչություն է նրանց առաջարկվում: Սա է պատճառը, որ իշխանությունն անգամ դժգոհում է, թե իր դիմաց լուրջ ուժ չկա: Դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ միջազգային հանրությանը պետք է ցույց տալ, թե Հայաստանում սահմանադրական բարեփոխումներով շահագրգիռ ուժեր կան: Այլ խոսքով, ընդդիմությունը բացարձակապես հետաքրքրված չէ սահմանադրական փոփոխություններով, միայն ամեն անգամվա պես հերթապահ իշխանափոխության կոչեր են հնչում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ