Նոյեմբերի 24-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում հայտարարվեց «Արարատբանկի» արժեկտրոնային պարտատոմսերի 10-րդ՝ հոբելյանական թողարկման մասին: Թողարկվել է 800000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 7 % տարեկան տոկոսադրույքով, 2 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով և 2 տարի շրջանառության ժամկետով: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը իբրև օրվա գլխավոր իրադարձությանն առնչվող «լիրիկական մեջբերում» նախ խոսեց բանկային և ֆինանսական ընդհանուր գրագիտության բարձրացման անհրաժեշտության մասին, ինչը նպատակ ունի պոտենցիալ ներդրողներին ցույց տալու, որ կան ավելի շահավետ գործիքներ, որոնք ապահովում են բարձր եկամտաբերություն և հուսալի են: Բուն միջոցառմանն անդրադառնալով՝ Կոնստանտին Սարոյանն ասաց, որ «Արարատբանկը» հերթական անգամ պարտատոմսեր է թողարկում՝ ֆինանսական այդ գործիքի նկատմամբ որոշակի աճի միջավայրում: Նա նշեց, որ այդ հարթակում բանկը նորեկ չէ և բազմաթիվ հաջող թողարկումներ է իրականացրել, ավելին՝ փորձում է որոշակի դիվերսիֆիկացիա կատարել հաճախորդներին մատուցվող ծառայություններում, ավանդներին զուգահեռ առաջարկելով պարտատոմսերի գնման մեխանիզմը և հընթացս նպաստելով Հայաստանի ֆինանսական շուկայի կայացմանն ու բազմազանության մեծացմանը: Ֆինանսական շուկան կարող է կայանալ նմանատիպ գործողություններով՝ կարծում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենը: Պարտատոմսերի ու բաժնետոմսերի թողարկման քայլերը Կոնստանտին Սարոյանը կարևորում է բանկային ու ֆինանսական համակարգի կայացման առումով:
«Արարատբանկի» գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը պարտատոմսերի տասներորդ՝ հոբելյանական թողարկման առիթով հետահայաց ներկայացրեց ազգային արժույթով և արտարժույթով՝ դրամով ու դոլարով պարտատոմսերի թողարկման պատմությունը: Մանրամասնելով թողարկման պայմանները՝ նա նշեց, որ այս անգամ էլ տեղաբաշխումն իրականացվելու է բաժանորդագրման միջոցով: Ի տարբերություն նախորդ թողարկումների՝ ընտրվել է մեկ շաբաթ, որովհետև պահանջարկն այնքան մեծ է, որ մեկ շաբաթը բավական է ողջ ծավալը սպառելու համար: «Պարտատոմսերը կարող եք ձեռք բերել «Արարատբանկի» գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում, բանկը կարող է հաճախորդների հաշվեհամարներ բացել և գործարքն իրականացնել մի քանի րոպեում»,- հավաստիացրեց Դավիթ Հարությունյանը: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքով՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: Պարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է անձնական հաշիվ բացել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմից հաշվի օպերատորի կարգավիճակ ստացած ընկերություններում: Կորպորատիվ պարտատոմսերը կարելի է ձեռք բերել նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 1-ը «Արարատբանկի» գլխավոր գրասենյակում ու մասնաճյուղերում, իսկ 2015-ի հունվարի 11-ից մինչև 2017-ի դեկտեմբերի 12-ը՝ երկրորդային շուկայում՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայի առևտրական հարթակում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով: Շուկայի մասնակիցներին հնարավորություն կտրվի արտարժութային պարտատոմսերով առքուվաճառքից բացի ռեպո գործարքներ կնքել: Արժեկտրոններով վճարումները կկատարվեն երեք ամիսը մեկ: Պարտատոմսերի թողարկումը ծանուցելուց հետո հարց ու պատասխանից պարզվեց, որ պարտատոմսերի վաճառքից ձեռք բերված գումարներն ուղղվելու են տնտեսության վարկավորմանը՝ փոքր ու միջին ձեռնարկություններին: