ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Հեղինակությունը բացարձակ կատեգորիա չէ

Հեղինակությունը  բացարձակ կատեգորիա չէ
08.12.2015 | 01:52

«Բորուսիաների» օր գերմանական ֆուտբոլում. մյոնխենգլադբախցիներն ընթացիկ մրցաշրջանում «Բավարիային» հարկադրում են առաջին անգամ ճաշակել պարտության դառնահամը, իսկ ապշեցուցիչ մարզավիճակում գտնվող Հենրիխ Մխիթարյանն իր գոլային հրաշալի փոխանցումներով երեք միավոր է պարգևում դորտմունդցիներին, մանչեստրյան ակումբներից «Սիթին» դառնում է առանձնապես ոչնչով աչքի չընկնող, մրցաշարային աղյուսակի միջնամասերում գտնվող «Ստոկ Սիթիի» զոհը, իսկ «Վեստ Հեմը» «Յունայթեդին» նրա իսկ դաշտում հարկադրում է գոհանալ մեկ միավորով, մեկական միավոր վաստակած են հեռանում իրարից «Թուրինն» ու «Ռոման», «Վալենսիան» ու «Բարսելոնը», ու վերջիններս դրանից դժգոհելու բոլոր հիմքերն ունեն, որովհետև մրցավարի սուլոցից առաջ վաստակած հաղթանակ են ձեռքից բաց թողնում: Սակայն եվրոպական առաջատար տերությունների առաջնությունները միայն այս հանդիպումներով չառանձնացան:

ԻՍՊԱՆԻԱ
Գավաթային խաղերից հեռացված Մադրիդի «Ռեալն» ում դեմ ինչ մուռ ուներ, վերցրեց ու թափեց խեղճ «Խետաֆեի» գլխին՝ 4:1: Հաղթական հանդիպում ունեցավ նաև մադրիդյան մյուս առաջատար ակումբը՝ «Աթլետիկոն», արտագնայում երկու չոր գնդակի առավելությամբ պարտության մատնելով «Գրանադային»:
Թվում էր, թե այս երկյակի հաղթական երթը չշարունակելու ոչ մի հիմք չուներ «Բարսելոնը», սակայն թե ինչ մոծակ խայթեց ողջ խաղի ընթացքում մրցակցի նկատմամբ բացարձակ առավելություն ունեցող կատալոնցիներին, դժվար է ասել: Բոլոր դեպքերում արժանին մատուցենք վալենսիացիներին հատկապես փայլուն խաղավարտի համար, ինչն էլ հնարավորություն տվեց նոր մարզչի՝ ոչ վաղ անցյալում բրիտանացի հանրահայտ ֆուտբոլիստ Գարի Նևիլի ղեկավարությամբ միավոր պոկել առաջատարից՝ 1:1:
Սակայն բարսելոնցիների այս ոչ-ոքիից առանձնապես չպիտի տխրել: Բացի այն, որ կորցրած միավորներն ավելի կչարացնեն կատալոնցիներին, իսկ այդ չարությունից ֆուտբոլասերի հրճվանքը կավելանա, այն հետ բերեց նաև առաջնության ինտրիգը, որովհետև մի բան է մերձակա հետապնդողից առաջ պոկված լինել հինգ, մեկ այլ բան՝ երկու միավորով: Երեսուն միավոր ունեցող արքայական ակումբն էլ իր հերթին է երկու միավորով հետ մնում «Աթլետիկոյից»:

ԱՆԳԼԻԱ
Ընթացիկ մրցաշրջանում «Չելսին» առաջին անգամ տնային խաղում չկարողացավ գրավել մրցակցի դարպասը, սակայն սա չի նշանակում, թե սեփականը կարողացավ պահել անառիկ: «Բորնմուտը» լոնդոնցիներին առարկայնորեն ցույց տվեց, թե ինչպես պիտի խաղալ ֆուտբոլ, ինչպես պիտի օգուտ քաղել առաջին իսկ նպաստավոր պահից: Ճիշտ է, հանդիպման 1:0 հաշիվը տպավորիչ չէ, ինչը չես ասի դրա բերած երեք միավորի մասին, որն աղյուսակը եզրափակողներից մեկի համար օդի փրկարար զանգված էր:
Համառության դասի մի հեղինակ էլ դարձավ «Վեստ Հեմը»՝ արտագնայում գոլազուրկ հանդիպումով միավոր կորզելով Լուի վան Գալի օրոք անկանխատեսելի ֆուտբոլ խաղացող «Մանչեստր Յունայթեդից»:
Ավելի մեծ դժբախտություն եղավ մանչեստրյան մյուս թիմի հետ: «Ստոկ Սիթին» Պելեգրինիի սաներին պատժեց երկու անպատասխան գնդակով:
Առաջատար եռյակում գրանցված մնալու համար կատաղի պայքարի մեջ մտած «Լեստերը» չդավաճանեց իր հյուսած երազին՝ «Սոունսիի» հետ պայքարից դուրս գալով հաղթանակած՝ 3։0, ինչն էլ հնարավորություն տվեց 32 միավորով միանձնյա գլխավորելու աղյուսակը:
Մանչեստրյան ակումբների սայթաքումից օգտվեց նաև «Արսենալը»՝ տնային խաղում առավելության հասնելով (3:1) «Սանդերլենդի» նկատմամբ ու մեկ միավորով շրջանցելով նրանց, ինչը երկու միավորով է պակաս «աղվեսների»՝ «Լեստերի» ունեցածից:
Պրեմիեր լիգայում ոչ պակաս գեղեցիկ մի հանդիպում էլ եղավ ի դեմս «Նյուքասլ»-«Լիվերպուլ» դիմակայության: Տասնչորս տուրում ընդամենը երկու հաղթանակ տոնած տանտերերը պարտության մատնեցին Յուրգեն Կլոպի սաներին: Նշենք, որ գերմանացի մասնագետի ղեկավարության օրոք սա լիվերպուլցիների առաջին պարտությունն էր:

ԳԵՐՄԱՆԻԱ
Տասնչորս տուրից հետո մինչև այժմ ընդամենը մեկ անգամ վշտացած (այն էլ ոչ-ոքիի տեսքով) Մյունխենի «Բավարիային» ծանրագույն հարված հասցրեց մրցաշրջանը հինգ պարտությամբ սկսած ու, որպես դրա հետևանք, գլխավոր մարզիչ փոխած Մյոնխենգլադբախի «Բորուսիան»՝ 3:1: Քառասուն միավոր ունեցող անառարկելի առաջատարի նկատմամբ այս հաղթանակը տանտերերի համար արժեքավոր էր նաև նրանով, որ 26 միավորով բարձրացան երրորդ հորիզոնական՝ լրացուցիչ գործակիցների հաշվին այնտեղից դուրս մղելով «Վոլֆսբուրգին», որն անչափ դրամատիկ հանդիպում ունեցավ մյուս «Բորուսիայի» հետ: Սա իսկապես կատաղի գեղեցկությամբ դիմակայություն էր մեր Մխիթարյանի փայլուն խաղով: Խաղավարտին «գայլերին» հաջողվեց տասնմեկմետրանոցից վերականգնել հաշվի հավասարությունը, սակայն մրցավարի եզրափակիչ սուլոցից վայրկյաններ առաջ հետևեց Մխիթարյանի հերթական ոսկերչական փոխանցումը, և դորտմունդցիները տարան հաղթանակ՝ 2։1: Այժմ նրանց անվան դիմաց երեսունհինգ միավոր է գրանցված՝ հինգով պակաս բավարացիներից: Հանդիպման արդյունքով Մխիթարյանը հերթական անգամ ճանաչվել է դորտմունդցիների լավագույն ֆուտբոլիստ և, կասկած չկա, որ հերթական անգամ կհայտնվի տուրի խորհրդանշական հավաքականում: Ահա այսպիսի Հենո:

ԻՏԱԼԻԱ
Հնարավոր արագությամբ մրցաշարային դիրքերն է բարելավում երկրի գործող չեմպիոնը՝ «Յուվենտուսը», տանելով հինգերորդ անընդմեջ հաղթանակը: Այս անգամ նրա առաջ ծնկողը «Լացիոն» էր՝ 0:2: Ինչ վերաբերում է առաջատար եռյակը կազմածներին, աղյուսակը 33 միավորով գլխավորող «Ինտերը» նվազագույն հաշվով առավելության է հասել «Ջենովայի» նկատմամբ: «ՈՒդինեզեի» նկատմամբ երեք անպատասխան գնդակի առավելությամբ հաղթանակ տոնած «Ֆիորենտինան» նրանից հետ է ընդամենը մեկ միավորով: Իր հերթին վերջինից մեկ միավոր պակաս ունի «Նապոլին», որը Բոլոնիայում 2։3 հաշվով զիջեց տեղի համանուն թիմին ու առաջնության լիդերի դիրքերը զիջելու կողքին թերևս կարող է մխիթարվել նրանով, որ հանդիպման վերջին երկու գոլն է հեղինակել:
Դրամատիկ ընթացք ունեցած «Թուրին»-«Ռոմա» դիմակայության մասին այստեղ չենք հիշատակում, քանի որ դիմակայության մասին նշել ենք նյութի ներածականում:

ՖՐԱՆՍԻԱ
«Պարի Սեն Ժերմենն» «Անժի» հետ նախորդ տուրի վրիպումից հետո (ոչ-ոքի է խաղացել) վերադարձավ իր առօրյա հաղթական գրաֆիկին: «Նիցցան» ոչնչով չկարողացավ դիմադարձել մայրաքաղաքայինների հաղթական պոռթկումին՝ 0:3: Ի դեպ, այստեղ երկու գոլով առանձնացել է Զլատան Իբրահիմովիչը՝ 12 գոլով դառնալով առաջնության լավագույն ռմբարկու:
Ինչ վերաբերում է «Պարի Սեն Ժերմենի» հետ խաղում հերոսացած բրետոնցիներին, նրանք հաղթական վոյաժ ունեցան երկրի հարավ՝ «չորով» լուծելով «Լիոնի» հարցերը՝ 2:0: ՊՍԺ-ն ունի 45, «Անժը»՝ 30 միավոր: Միավորների նույն պաշարով՝ 29, երրորդ հորիզոնականում մնաց «Կաննը»՝ չնայած սեփական հարկի տակ 1:2 հաշվով «Լիլին» զիջելու փաստին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 990

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ