Հիմնարկեքից մեկ տարի անց Երևանում բացվեց գեղասահքի նորակառույց մարզադպրոց, որը կոչվել է Իրինա Ռոդնինայի անվամբ: Ի դեպ, այն գործելու է լեգենդար գեղասահորդուհու ղեկավարությամբ: Դպրոցն իրականություն է դարձել ռուսաստանաբնակ գործարար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով, նվիրաբերվել է մայրաքաղաքին: Այն ունի միջազգային չափորոշիչներին համապատասխանող պարամետրեր: Ծրագրի ընդհանուր արժեքը 7,55 միլիոն ամերիկյան դոլար է: Ասենք, որ դեռևս 1971 թվին Երևանի Բագրատունյաց 48/1 հասցեում շահագործման հանձնված գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը վերջին տարիներին գտնվում էր անբարեկարգ պայմաններում, իսկ սահադաշտը տևական ժամանակ չէր գործում: Ներկայիս սահադաշտը գործում է Ծովակալ Իսակովի 27/10 հասցեում՝ հեծանվահրապարակի հարևանությամբ: Մարզադպրոցի բացմանը, ի դեմս բազմաթիվ պատվավոր հյուրերի, ներկա է եղել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ