Ավարտվեցին Չեմպիոնների լիգայի խմբային հանդիպումները: Վերջին տուրից առկախված ժառանգության հարցն էլ լուծվեց՝ պարզ դարձնելով, թե ովքեր են պայքարը շարունակելու Չեմպիոնների լիգայի փլեյ օֆում, ովքեր են գործուղվում Եվրոպայի լիգա, ովքեր են բացառապես կենտրոնանալու ներքին առաջնությունների վրա:
ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՉԷԻՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼA ԽՈՒՄԲ
Չլինեին կանոնակարգային պահանջները, ինչը նաև բացառիկ հարգանք է պահանջում մարզասերների նկատմամբ, այստեղ ավարտականը կարելի էր և չանցկացնել, որովհետև ամեն ինչ վաղօրոք էր պարզ. Մադրիդի «Ռեալն» առաջինն է, «Պարի Սեն Ժերմենը»՝ երկրորդը, Դոնեցկի «Շախտյորը»՝ երրորդը, «Մալմյոն»՝ չորրորդը: Ինչ վերաբերում է միմյանց միջև կայացած ավարտական հանդիպումներին, «Ռեալը» թաց հռհռոցի մեջ խեղդեց շվեդական ակումբին՝ ութ անպատասխան գնդակ ուղարկելով նրա դարպասը (այստեղ առանձնապես ջանացին չորս և երեք գոլերի հեղինակ դարձած Ռոնալդուն ու Բենզեման), «Պարի Սեն Ժերմենը» բարեկամական ապտակ հասցրեց ուկրաինական ակումբին՝ 2:0:
C ԽՈՒՄԲ
Լիգայի փլեյ օֆի հետ կապված՝ ով առաջին, ով երկրորդ տեղով դուրս գալու հարցն էր սոսկ օրակարգում, ու թերևս միակ հետաքրքրականն այն էր, որ «Աթլետիկոն» ու «Բենֆիկան» խնդիրը լուծելու էին իրար միջև կայանալիք խաղում: Չնայած արտագնայի պարագայում՝ մադրիդցիները խնդիրը լուծեցին հօգուտ իրենց՝ 2:1, ու գոնե մեկ տուրով ապահովագրվեցին եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլի հուժկու եռյակի՝ «Բարսելոնի», «Ռեալի», «Բավարիայի» հետ հանդիպելու փորձանքից, թեպետ, եթե անկեղծ, «Աթլետիկոն» գոնե «Ռեալի» հետ հանդիպումների անլիարժեքության բարդույթով չի տառապում:
Խմբային մյուս հանդիպումը «Գալաթասարայի» ու «Աստանայի» միջև էր ու հետաքրքրականն այն էր, որ հաղթելու դեպքում ղազախական ակումբը կարող էր Չեմպիոնների լիգայի ամենախոշոր անակնկալի հեղինակը դառնալ՝ Եվրոպայի լիգայում հանդես գալու թափանցիկ հեռանկարով: Ղազախներին չհաջողվեց հասնել առավելագույնին, բայց որ ծայր անհրաժեշտ միավորի համար թուրքերին պահանջվածից ավելի քրտնացրին, սա արդեն բժշկական փաստ է՝ 1:1:
D ԽՈՒՄԲ
Ինչ ուզում եք ասեք, միևնույն է, հակառակի մեջ ինձ չեք կարող համոզել՝ «Սևիլիան» Եվրոպայի լիգայի հետ ոչ թե նշանված, այլ ամուսնական ամուր կապերի մեջ գտնվող թիմ է, ու «Յուվենտուսի» հետ հանդիպումը հետաքրքիր էր այնքանով, թե իտալացիները խմբայինը կավարտեն առաջի՞ն, թե՞ երկրորդ հորիզոնականում: Իսպանացիներն իտալացիներին հարկադրեցին գոհանալ երկրորդով՝ 1:0, իսկ արդյունքում ուրախությունից խելագարվեց «Մանչեստր Սիթին», որը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ շատ ծանր հանդիպումում, այնուամենայնիվ, կարողացավ հաղթանակի նժարն իր կողմը բեկել ու արժանանալ «Աթլետիկոյի» ճակատագրին, ասել է թե՝ գոնե մեկ տուրով խուսափել «Բարսելոնի», «Ռեալի», «Բավարիայի» հետ բախվելու դաժան փորձությունից: Այստեղ պիտի ընթերցողին խոնարհաբար խնդրեմ առանձնապես չոգևորվել մանչեստրցիների հաղթական 4:2 հաշվով, որովհետև հանդիպման մինչև 81-րդ րոպեն խաղի հաշիվը հավասար էր, ու թե չլինեին «Բավարիայի» հետ օրեր առաջ գլադբախցիների չափազանց լարված հանդիպումն ու դրա բերած ահռելի հոգնությունը (հարկավ հիշում եք «Բորուսիայի» համար այդ հանդիպման հաղթական հաշիվը), դեռ խոշոր հարց է, թե իրականում ում «մերն էր տղա բերելու»:
«ԱՆՏԵՐ ՄՆԱ ԲԱՋՈԶԼՎԱ ՊՈԵԶԸ»
B և G խմբեր
Եթե ինձ նման մի քիչ հին մարդ եք, հանրահայտ երգի բառերը, հարկավ, կհիշեք, իսկ որ որոշակի պատճառներով դրանք կարող էին չիմանալ, զորօրինակ, «Մանչեստր Յունայթեդն» ու «Պորտուն» (B և G խմբեր), բնավ էլ նրանց հեռու չի պահում պատուհասվածից:
Սկսենք B խմբից: Աղյուսակը ինը միավորով գլխավորող «Վոլֆսբուրգին» հյուր գնացած ու նրանից մեկ միավորով հետ մնացող «Մանչեստր Յունայթեդին» փլեյ օֆում հանդես գալու հարյուրտոկոսանոց երաշխիք էր տալիս դիմակայությունում միայն ու միայն հաղթելը, մինչդեռ մրցակցին, իհարկե, որոշակի զարգացումների դեպքում, կարող էր բավարարել և ոչ-ոքին: Ինչ արեցին գերմանական «գայլե՞րը»: Իսկ ի՞նչ են սովորաբար անում գայլերը, այն էլ, երբ բաղձալի նպատակը մոտ է: Կեցցեք: Իհարկե հոշոտում են: ՈՒ «գայլերն» այնպե՜ս հոշոտեցին մանչեստրյան դենդիներին, որ նրանցից մնաց միայն նախախաղային պարֆյումի բույրը: Ես էլ չեմ ասում Լուի վան Գալի սաների ներքնաշորերից չմնացած ծվենների մասին, որովհետև, ամոթ է, ընթերցողների մեջ կարող են լինել չափահասության տարիքի չհասածներ:
Ասում եք՝ անտեսում եմ, որ խաղում, այնուամենայնիվ, 3:2 հաշիվն է գրանցվել ու դա խոսում է կատաղի դիմադրության մասի՞ն: Էս ի՞նչ եք ասում տարիների փորձության մեջ միայն փորձառությունը որպես կապիտալ կուտակած ծերացած գայլիս: Հիմա ասե՞մ, թե՞ չասեմ, որ անգամ սիրով տրվելիս է կինը դիմադրում, իսկ «Մանչեստր Յունայթեդը» սեռային արական պատկանելության որոշակիությունը, ավաղ, անվերադարձ թողել է սըր Ֆերգյուսոնի դարաշրջանում ու դրա մասին կարոտախտով հիշողների հոգիներում:
Մինչ «Յունայթեդն» ինքնամոռաց հանձնված էր վոլֆսբուրգյան բզկտումներին, զուգահեռ ընթացող «Էյնդհովեն»-ԲԿՄԱ խաղում հոլանդացիները պայքարում էին այն հստակ գիտակցմամբ, որ հաղթանակը կարող է շատ ավելի մեծ գին ունենալ, և որ Չեմպիոնների լիգայի փլեյ օֆում հանդես գալն այնքան էլ աղոտ երազանք չէ: Սակայն հանդիպման ընթացքում մի պահ այնպես եղավ, որ հոլանդացիները հայ-հայ է` կարող էին ռուս բանակայինների ռմբակոծման տակ մնալ: Հարկավ, խոշոր բարեբախտություն է, որ արագ սթափվեցին՝ մոսկվացիների հետ հասնելով քաղաքական պայմանավորվածության՝ Սիրիայում իսլամիստների ռմբակոծման շնորհն ու մենաշնորհը՝ ձեզ, ֆուտբոլային Եվրոպայում սրածելու իրավունքը՝ մեզ: Արդյունքում՝ 2:1:
B-ի օրինակով G խմբում նույն դրամատիկ զարգացումներն էին: Ներքին առաջնությունում իր սաների խայտառակ մրցելույթներից վերջնականապես խելագարված Մոուրինյոն «բացառիկի» իր գետնահալած հեղինակության փրկության մի հույս ուներ՝ հաղթել գոնե այստեղ: «Չելսիի» մրցակիցը «Պորտուն» էր, թիմ, որը երկու տուր առաջ այնքան աներեր դիրքեր ուներ խմբում, որ ամենահոռետեսն անգամ չէր համարձակվի Չեմպիոնների լիգայի փլեյ օֆում նրա չլինելու մասին մտածել: Բնականաբար, կողմերից մեկնումեկի հաղթանակը հօգուտ Կիևի «Դինամոյի» էր լինելու, որովհետև հուսալ, թե «Մակկաբին» կհաղթի «Դինամոյին», քիչ հավանականության ոլորտից էր, եթե, իհարկե, պարտվելու հրահանգ չտար ՈՒկրաինայի մայրաքաղաք ժամանած ամերիքըն Բայդեն պապան, ով իր իսկ խոստովանությամբ ավելի շատ է լինում ՈՒկրաինայի նախագահ Պորոշենկոյի, քան սեփական կնոջ հետ (մեղա՜-մեղա՜՝ էս ի՜նչ անկեղծ խոստովանությունների ժամանակներում ենք ապրում. Աստված մեր նկատմամբ գոնե էնքան բարեգութ լինի, որ չպատվազրկված գնանք էն աշխարհ): Ինչևէ: Մեր այս աղերսալից խնդրանքների արանքում փաստենք, թե ինչ արդյունքներ գրանցվեցին խմբում: Հաղթանակը՝ 2:1, լոնդոնցիներին հանեց աղյուսակի գլխամաս, նույն այդ հաղթանակը՝ 1:0, կիևեցիների առաջ բացեց Չեմպիոնների լիգայի եզրափակչի դռները: «Պորտուն» մնաց Եվրոպայի լիգայի հույսին:
«ԲԱՐՍԵԼՈՆՆ» ՈՒ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
E ԽՈՒՄԲ
«Բայերին» հյուր գնացած «Բարսելոնը» մրցաշարային առումով բնականաբար խնդիր չուներ լուծելու (առաջինից բարձր էլ տեղ չկա), հետևաբար կարող էր «պրախոդ» տալ գերմանացիներին, սակայն, բնականաբար, ոչ պարտվելու գնով: Այսպես ասենք՝ թարմացած կազմով հանդես եկող կատալոնցիների հետ խաղում գերմանացիները միավոր վաստակեցին՝ 1:1, սակայն այն կբավարարե՞ր Չեմպիոնների լիգայում պայքարը շարունակելուն, պատասխան էր տալու «Ռոմա»-ԲԱՏԷ դիմակայությունը, որի արդյունքն անտարակուսելիորեն սպասվում էր հօգուտ իտալացիների, թեպետ, ունեցած միավորների պաշարով բելառուսցիներն էլ հավակնում էին առավելագույնին: Ի պատիվ ԲԱՏԷ-ի, ասենք, որ ճակատ տվեց ու մոտ էր երազանքների իրականացմանը, սակայն մեկ միավոր վաստակելուց ավելին չկարողացավ անել: Այս հանդիպման 0:0-ն իտալական «գայլերին» պարգևեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումների ուղեգիր, իսկ նրանց պես վեց միավոր վաստակած «Բայերին» նախանշեց մասնակցություն Եվրոպայի լիգայի խաղերին:
F ԽՈՒՄԲ
Խմբայինն այդպես էլ առաջին տեղով ավարտած «Բավարիայի» մասին ասենք, որ Զագրեբից վերադարձավ «աշխատանքային» երեք միավորով՝ ներքին առաջնությունում Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կրած խայտառակ պարտությունից հետո Բալկաններում բավարարվելով երկու գոլ խփելով ու արքայականին հեռակա կարգով հասկացնելով, որ համեմատաբար թույլերի հետ չի կարելի անմարդկային վերաբերվել, որովհետև, եթե կռիվ ունես, քո քաշայինների հետ փորձիր այդպես վարվել: Իհարկե, ես սույնով այնքան էլ չեմ ուզում ընթերցողին ուղղորդել դեպի էլ կլասիկո՝ «Ռեալ»-«Բարսելոն» մղձավանջ, բայց դե, ինչպես ասում են, բայց դե: Լավ, անցնենք այս թեմայի վրայով:
Այս խմբում անհամեմատ մեծ անհամբերությամբ էր սպասվում «Օլիմպիակոս»-«Արսենալ» դիմակայությունը, որտեղ Արսեն Վենգերի սաներին բացառապես հաղթանակ էր անհրաժեշտ: Խմբայինը խայտառակ վատ սկսած լոնդոնցիները կարողացան գործերը բարեհաջող հանգուցալուծման հասցնել, իսկ հույների նկատմամբ արտագնայում 3:0 հաշվով տարած հաղթանակն ապահովեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում հայտնվելու հնարավորությունը: Միջանկյալ ասենք, որ այդ խաղում, լիովին երջանիկ լինելու համար, «Օլիմպիակոսին» միանգամայն բավարարում էր և ոչ-ոքին: Բայց դե, ինչպես վերն ասել ենք, բայց դե:
H ԽՈՒՄԲ
Այստեղ «Զենիթին» չհաջողվեց վերջին հանդիպումում էլ հասնել բացարձակ արդյունքի: Պարտությունը «Գենտից»՝ 1:2, անկեղծ ասած, հիշեցնում է վերն արած «Էյնդհովեն»-ԲԿՄԱ պատմությունը՝ նույն քաղաքական աստառով, բայց մենք հո փչացած ձայնապնակ չե՞նք, որ նույնը հա կրկնենք: Ով չի հիշում, թող իրեն նեղություն տա ու մի երկու տող վերևում գրվածը նորից կարդա: Ինչ վերաբերում է «Զենիթի» հնարավոր հաղթանակի դեպքում «Վալենսիայի» առջև բացվող հեռանկարին, դրան իմաստ կունենար անդրադառնալ այն դեպքում, եթե իսպանացիները հաղթեին Չեմպիոնների լիգայի այս հատվածը խայտառակ անցկացրած «Լիոնին», բայց ո՞վ է մեղավոր, որ այդ նույն «Վալենսիան» այնպե՜ս անփույթ, այնպե՜ս մեծահոգաբար վերցնում ու խաղը 0։2 հաշվով տանուլ է տալիս: Հարցնում եմ՝ ո՞վ է մեղավոր: Միայն թե չասեք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ յուր նախագահով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ