Ի հաշիվ վերջին տասը րոպեներին խփած երկու գոլի, «Դեպորտիվոն» սենսացիոն արդյունք է գրանցում «Բարսելոնի» հետ հանդիպումում, որ հեղինակությունը բացարձակ կատեգորիա չէ, ինչպես վերնագրել էինք մեր նախորդ նյութը, արքայականի հետ մրցավեճում հաստատում է նաև «Վիլյառեալը», «Յուվենտուսը» կուլ չի տալիս «մանուշակագույնների» արագ գոլն ու տոնում է առաջնության իր վեցերորդ անընդմեջ հաղթանակը՝ ծանրորեն նստելով առաջին եռյակը կազմողների շնչին, կամային հաղթանակ է տոնում Դորտմունդի «Բորուսիան»՝ պահպանելով «Բավարիայից» առանձնապես հետ չմնալը: Մի խոսքով՝ ինչպես վերնագրում:
ԻՍՊԱՆԻԱ
Մեկ շաբաթվա մեջ երեք խաղ (երկուսը` ներքին առաջնությունում, մեկը՝ Չեմպիոնների լիգայում, ու երրորդ անընդմեջ ոչ-ոքին, ինչը, խոստովանենք, «Բարսելոնի» համար շատ մեծ շռայլություն է: Այս վերջին ոչ-ոքին նրա «պարգևն» էր «Դեպորտիվոյին»՝ 2:2: Կատալոնիայի մայրաքաղաքից առած իր համար սույն ավետիսը Մադրիդի «Ռեալը» հավանաբար այնքան խնդությամբ էր տոնել, որ «Վիլյառեալի» հետ խաղում այդպես էլ չկարողացավ դուրս գալ «խումարից»: Արդյունքը եղավ այն, որ «կապտանռնագույններից» հետ մնալը հինգից երկուսի հասցնելու փոխարեն, ամեն ինչ հաջողեցրեց թողնել նույնը: Որքան էլ «Վիլյառեալից» կրած պարտությունը նվազագույն հաշվով էր, միևնույն է, այն չի դադարում սենսացիոն լինելուց: Իր հիմնական մրցակիցներին արած բարսելոնցիների նվերը, ի դեպ, կարող էր չար կատակ դառնալ նաև «Աթլետիկին» հյուրընկալած «Աթլետիկոյի» համար, սակայն մադրիդցիները բաց թողած գնդակից հետո կարողացան ուշքի գալ ու հասան կամային հաղթանակի՝ միավորներով հավասարվելով «Բարսելոնին» ու հաստատելով երկիշխանություն:
ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայի առաջատար եռյակը կազմողներից «Արսենալն» ու «Մանչեստր Սիթին» կարողացան երեքական միավոր վաստակել: Առաջինը հյուրընկալվելիս առավելության է հասել «Աստոն Վիլլայի» նկատմամբ 2:0 հաշվով, երկրորդը վերջին պահին հաղթանակ է կորզել «Սուոնսիից»՝ 2:1: Վերջին պահի էֆեկտը, ի դեպ, «աշխատել» է նաև «Լիվերպուլ»-«Վեստ Բրոմվիչ» հանդիպման ժամանակ՝ լիվերպուլցիներին փրկելով պարտությունից՝ 2:2: Հերթական անակնկալն է մատուցել առաջնության նորեկ «Բորնմուտը», որի զոհն է դարձել «Մանչեստր Յունայթեդը»՝ 2:1: Ինչ վերաբերում է մինչև այս տուրն առաջնությունը գլխավորող «Լեստերին», «Չելսիի» հետ նրա հանդիպումը երեկ ուշ երեկոյան էր: Բոլոր դեպքերում նշենք, որ աղյուսակը 33 միավորով գլխավորում է «Արսենալը»: Նրանից մեկ միավոր պակաս ունեն «Մանչեստր Սիթին» ու «Լեստերը»:
ԳԵՐՄԱՆԻԱ
«Այնտրախտի» հետ խաղը Դորտմունդի «Բորուսիայի» համար ծանր սկիզբ ունեցավ: Արդեն վեցերորդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ: Տասնհինգ րոպե անց Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը, իսկ երկրորդ խաղակեսն անցավ տանտերերի բացահայտ գերազանցության պայմաններում: Հանդիպման վերջնահաշիվն է 4:1:
Ծանր պարտություն կրեց «Բայերին» հյուր գնացած Մյոնխենգլադբախի «Բորուսիան»՝ 0:5, ու միանգամից դուրս մղվեց առաջատար եռյակի կազմից: Նրա տեղը զբաղեցրեց «Հերտան»՝ շնորհիվ արտագնայում «Դարմշտադտի» նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակի՝ 4:0: Ինչ վերաբերում է 43 միավորով աղյուսակը միահեծան գլխավորող «Բավարիային», առաջնության նորեկ «Ինգոլշտադտը», որքան էլ դիմադրեց, այնուամենայնիվ ստիպված եղավ երկու անգամ գնդակը հանել սեփական դարպասից: Դորտմունդի «Բորուսիան» ունի 38, «Հերտան»՝ 29 միավոր:
ԻՏԱԼԻԱ
«ՈՒդինեզեի» նկատմամբ «Ինտերի» հաղթանակը 4:0, նվազագույնը ևս մեկ տուրով երկարացրեց աղյուսակի առաջին հորիզոնականում լինելը, իսկ ահա «Նապոլի»-«Ռոմա» հանդիպման ոչ-ոքին՝ 0:0, պիտի որ ձեռք չտա կողմերից ոչ մեկին, թեպետ նեապոլցիները պահպանեցին «գայլերից» ունեցած երեք միավորի առավելությունն ու շարունակեցին մնալ երրորդ հորիզոնականում: Ասում ենք՝ ձեռք չի կարող տալ, որովհետև նրանց արդեն բավական մերձ է գտնվում վերջին հինգ տուրերում բացառապես հաղթանակներ տոնած «Յուվենտուսը», որը կիրակի օրն ընդունեց երկրորդ հորիզանականում գտնվող «Ֆիորենտինային» ու հաղթելու դեպքում ոչ միայն էապես «կհալեցներ» նրանից ու «Նապոլիից» ունեցած միավորների տարբերությունը, այլև չորրորդ տեղից դուրս կմղեր «Ռոմային»: «Ծեր սինյորան» այդպես էլ վարվեց՝ նախ սրբելով մրցակցի արագ գոլի անպատվությունը, ապա անցնելով իր համար հաղթական 3:1 հաշվի ձևավորմանը: Ակումբն արդեն ունի երեսուն միավոր, ինչն ընդամենը երկուսով է պակաս «Ֆիորենտինայի» ու «Նապոլիի» կուտակածից:
ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնում հերթական գոլային հրավառությունը կազմակերպեց «Պարի Սեն Ժերմենը»՝ հինգ անգամ գրավելով «Լիոնի» դարպասը: Հարավցիները, թերևս, կարող են մխիթարվել նրանով, որ հեղինակության գոլի հեղինակ են դարձել: «Բորդոյի» հետ տնային խաղում «Անժը» կարողացավ խուսափել պարտությունից՝ 1:1, իսկ «Մոնակոն» սեփական հարկի տակ երեք միավոր կորզեց «Սենտ Էտիենից»՝ 1:0: ՊՍԺ-ն ունի 48, «Անժն» ու «Մոնակոն»՝ 31-ական միավոր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ