Գրոզնիում ավարտվեց ծանրամարտի` Ռուսաստանի Դաշնության նախագահի գավաթի թվով հինգերորդ խաղարկությունը: Հայաստանը ներկայացված էր մեկ պատվիրակով՝ գերծանրքաշային Գոռ Մինասյան: ՈՒրախալի է, որ մեր քսանմեկամյա հսկան, չնայած աշխարհի առաջնությունից անցած կարճ ժամանակահատվածին, պահպանել էր ֆիզիկական պատրաստվածությունն ու կարողացավ արժանանալ երկրորդ մրցանակին՝ երկամարտում ցույց տալով 425 (195+230) կիլոգրամ արդյունք: ՈՒժեղագույնը Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուսլան Ալբեգովն էր, ով փորձեց գրոհել հրում վարժությունում Ալեքսեյ Լովչևին պատկանող աշխարհի ռեկորդը՝ 264 կգ, սակայն ապարդյուն: Ի դեպ, այդ 264-ը Լովչևին օգնել էր տեր դառնալու նաև երկամարտում աշխարհի ռեկորդին, որը, հրում վարժության հետ մեկտեղ, տասնհինգ տարի շարունակ իրանյան գրանցում ուներ՝ ի դեմս լեգենդար Հոսեին Ռեզազադեի:
Գավաթի խաղարկությանը մասնակցում էր ևս մեկ հայ մարզիկ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող Նորայր Վարդանյանը՝ լեգենդար Յուրի Վարդանյանի որդին: Ավելորդ չհամարենք հիշել, որ ոչ վաղ անցյալում նա հանդես էր գալիս Հայաստանի ընտրանու կազմում՝ ժամանելով նույն Միացյալ Նահանգներից: Նորայրը 94 կգ քաշայինների մրցավեճում ցույց է տվել վեցերորդ արդյունքը՝ 373 կիլոգրամ (171+202): Իսկ մրցումների կատարյալ զարդը Իլյա Իլյինն էր: Ղազախստանը ներկայացնող ռուս մարզիկը, ինչպես և նախօրեին խոստացել էր, սահմանել է աշխարհի երկու ռեկորդ, մեկը՝ հրում վարժությունում՝ 246 կիլոգրամ, մյուսը՝ երկամարտում՝ 437 կիլոգրամ: Այս քաշային կարգում աշխարհի բոլոր ռեկորդներն արդեն նրանն են: Հատկանշական է, որ հրում վարժության աշխարհի ռեկորդն օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնը թարմացրել է միանգամից չորս կիլոգրամով: Ընդ որում, դա արել է երկրորդ մոտեցման ժամանակ, երբ 105 կգ քաշայինների չեմպիոնական մեդալն արդեն իսկ գրպանում էր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ