Անզուգական քնարերգու Համո Սահյանի անունն այս վերջին մեկ ամսում շահարկվում է արդեն այլ տիրույթում։ Մինչ այդ որոշ գրական ռևիզիոնիստներ մեր տեսանելի անցյալի դասականների գրական ժառանգության չեղարկման սամումն էին բարձրացրել։ Սամում կերտողներից մեկը ահա թե ինչ դատավճիռ է կայացնում. «...Այդ սերնդի բանաստեղծները` Համո Սահյան, Հովհաննես Շիրազ, Վահագն Դավթյան, Սիլվա Կապուտիկյան, մշակութաբանական տեսակետից որևէ արժեք չունեն»։ Անկասկած, այս սամումն էլ կկորչի, հետևում թողնելով փուշ և փոշի, որոնք, իհարկե, կմաքրվեն գալիք անձրևների հետ։
Համո Սահյանի որդին` Նաիրի Սահյանը, կամենում է վաճառել բանաստեղծ հոր արխիվի ինչ-ինչ անտիպ էջեր։ Ըստ նրա, վաճառքից ստացված գումարով հնարավոր կլինի բանաստեղծի ծննդավայր Լորում բացել տուն-թանգարան, Երևանում նրա հուշարձանը ստեղծել և տեղադրել, նաև վերականգնել անմխիթար վիճակում գտնվող հուշաքարը։ Այս աշխատանքներն ի մի բերելով և դրանց գումարային տեսք տալով հասկանում ես, որ խոսքը շուրջ 50 հազար ԱՄՆ դոլարի մասին է։ Սակայն խնդիրն ամենևին գումարի չափը չէ, այլ Նաիրիի անըմբռնելի հետևողականությունը` առևտրաշահ գործարք կատարելու։ Այստեղ մի փոքր շեղվենք բուն պատմությունից և փորձենք պարզություն մտցնել այդ բարդ, նաև նուրբ ոլորտում։ Համոզված ենք, որ դասականի ժառանգությունը, հանդիսանալով ազգային մշակույթի անքակտելի մաս, բացառապես պետք է տնօրինի պետությունը։ Դասականների ժառանգների իրավասությունները անվերապահորեն անօտարելի են, նրանք յուրաքանչյուր երկրում ստանում են որոշակի գումար ստեղծագործությունների հրատարակման, հնչեցման կամ վաճառքի դեպքերում։ ՀՀ-ում էլ այդպես է։ Սակայն որոշ ժառանգորդներ փորձում են խախտել նախ բանականության, այնուհետև նաև բարոյականության հայտնի ու անխախտելի սահմանները։
Նաիրի Սահյանը, եթե չի դավաճանում հիշողությունս, 90-ականներին ձեռներեցությամբ էր զբաղվում և սեփականաշնորհել էր հանրածանոթ «Կոմիտաս» կինոթատրոնը համանուն փողոցում։ Թե հետագայում ինչպես են ընթացել նրա գործերը, անտեղյակ եմ, հուսամ, որ առանց խութերի ու խոչընդոտների։ Այսօր ինչ-ինչ խութեր և խոչընդոտներ են ի հայտ եկել, որոշակի հավակնությունների տիրույթում և հավակնում են դարակազմիկ մի պատմություն թխել վաղուց հանգած թոնրում։ Մեր թերթին տված բացատրության մեջ ահա թե ինչպես է խնդիրը մեկնաբանում ՀՀ մշակույթի փոխնախարար տիկին Արև Սամուելյանը. «...ձեռագրերը վաճառելու և անհանգստանալու կարիք չկա, տուն-թանգարանի կառուցումն ավարտվում է, էքսպոզիցիոն պլանը կազմված է, կիսանդրին` պատրաստ։ Թանգարանը գործելու է Սյունիքի մարզպետարանի ենթակայության ներքո, բայց հավաքածուն պետական է, հաշվառված է Եղիշե Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում։ Մնում է ավարտվեն շինարարական աշխատանքները»։ Փոխնախարարը վստահեցրեց, որ «մեծ գրողի տուն-թանգարանն իր դռները կբացի եկող տարի` Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ին»։ Ինչ խոսք, մենք հետևելու ենք, թե որքանով կիրականանա փոխնախարարի պաշտոնական խոստումը, հուսանք` ամբողջովին։ Այժմ էլ անդրադառնանք բանաստեղծի որդու մտահոգություններին։ Այսպիսով, պարոն Նաիրին կամենում է լրացնել պետական կառույցների բացթողումը (2014-ին` Սահյանի 100-ամյակի միջոցառումները նախապատրաստող կառավարական հանձնաժողովի որոշմամբ` բանաստեղծի ծննդյան օրը` ապրիլի 14-ին, տուն-թանգարանը պետք է բացեր դռները, սակայն դռները դեռևս գոց են)։ Ինչն էլ ստիպել է Նաիրի Սահյանին վաճառել բանաստեղծի արխիվի մի մասը, ուր Համո Սահյանի, Գուրգեն Մահարու, Պարույր Սևակի, Ստեփան Զորյանի, Վահագն Դավթյանի, Անդրեյ Տարկովսկու ուղարկած նամակների բնօրինակներն են, նաև անտիպ ստեղծագործություններ, ձեռագրեր և հեռագրեր։ Անշուշտ, Սահյանի արխիվը մեր գրական մշակույթի անքակտելի մասն է, բայց մի՞թե Հայաստանն այն հարուստ և ապահով երկիրն է այսօր, որի կառավարությունը կարող է պատկառելի գումարներ վճարել ինչ-ինչ անտիպ նյութերի համար, թեկուզ դրանք չքնաղ քնարերգու Համո Սահյանի գրչի արտացոլանքն են կրում։ Չէ՞ որ Հայաստանում անհամար մշակութային, նաև գրական-մշակութային արժեքներ են այսօր մոռացության մատնված և վաղո՜ւց, շա՜տ վաղուց դրանց «վերակենդանացման» ժամը հնչել է։ Սահյանի ժամանակակից և ընկեր Պարույր Սևակի հայրական տունը, ուր ծնվել, հասակ է առել այս աննախօրինակ գրական-բանաստեղծական երևույթը, այսօր խիստ անմխիթար վիճակում է։ Նման անմխիթար եղելություններ են գրեթե ամենուր։ Այս ամենից բացի, բանաստեղծի որդին արդյոք որևէ պատկերացում ունի՞ առ այն, թե մեծագույն ցանկության դեպքում անգամ արդյոք Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանը տնօրինո՞ւմ է հսկայական միջոցներ և կարո՞ղ է, դրանց մի մասը զոհաբերելով, ձեռք բերել բանաստեղծի արխիվի մնացորդը։ Ցավոք, ոչ։ Նաիրի Սահյանի հավակնությունների բավարարման համար հավանաբար անհրաժեշտ է ՀՀ բյուջեի 2016-ի մշակույթի զարգացմանն ուղղված ողջ միջոցները ի մի բերել։
Այնպես որ, հարցն այս ունի իր տրամաբանական, բանական և բարոյական լուծումը` Նաիրի Սահյանը պետք է դադարեցնի իր ոչ պատվաբեր ողբ ու կականը, պետությունն էլ, ի դեմս Արև Սամուելյանի խոստման, պիտի վերականգնի Համո Սահյանի հուշաքարը Լոր գյուղում, պետք է ավարտի բանաստեղծի տուն-թանգարանի հիմնանորոգումն ու դրա դռները հանդիսավոր բանա հանրության առաջ, և պիտի կանգնեցնի բանաստեղծի հուշարձանը Երևանում, Շախմատի տան հարևանությամբ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ