Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ինչ կապ կարող է ունենալ Գառնիկ Մարգարյանը «զինված խմբի» հետ

Ինչ կապ կարող է ունենալ Գառնիկ Մարգարյանը «զինված խմբի» հետ
19.01.2016 | 00:59

Նորք-Մարաշում հայտնաբերված հանցավոր խմբի մասին հանրությունը նույնքան տեղեկացված է, որքան այդ «խմբավորման» հայտնաբերման առաջին օրը: Եվ հանկարծ՝ ԱԱԾ-ի հերթական անակնկալը՝ ձերբակալված է այս կամ այն քաղաքական գործիչը, ով հանդիպել է «զինված խմբավորման» ղեկավար Արթուր Վարդանյանի հետ: Մարդիկ հերթական անգամ զարմանք ապրեցին, երբ լրահոսում հայտնվեց ԱԱԾ-ի հայտարարությունն այն մասին, որ ձերբակալվել է «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանը: Այս քաղաքական գործիչը լրագրողական շրջանակում ընկալվում է որպես հավասարակշիռ, զուսպ անձնավորություն: «Իրատեսը» փորձեց քաղաքական տարբեր շրջանակներից պարզել, թե ինչ էր այս ձերբակալությունը նշանակում:

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԱՆԳԱՄ ՉԵՆՔ ՍՏԱՆՈՒՄ»
ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ (քաղաքական վերլուծաբան)


-Որպեսզի հասարակության շրջանում հարցեր չառաջանային, ճիշտ կլիներ, որ ժամանակ առ ժամանակ ԱԱԾ-ը «դոզավորված» տեղեկություն տրամադրեր այդ խմբի գործունեության մասին,- ասաց պարոն Հակոբյանը:- Առավել ևս, որ այդ դեպքից մեկ-երկու օր հետո ԱԱԾ-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ անցյալ տարվա ապրիլ ամսից խմբի ղեկավարին հետևում էին: Սա նշանակում է, որ եղել են օպերատիվ նկարահանումներ, ձայնագրություններ, գաղտնալսումներ: Հասկանում եմ, որ կա նախաքննական գաղտնիք, բայց որպեսզի անտեղի կասկածներ չլինեն, հարկավոր է որոշակի տեղեկություն: Հանրությանը հայտնի մարդկանց են ձերբակալում, և որպեսզի նախկին կասկածների վրա նորերը չգումարվեն, պետք է լինի գործի առնչությամբ որոշակի իրազեկում:
-Խորհրդային տարիներին Գառնիկ Մարգարյանը բավականին ծանրակշիռ պաշտոններ է զբաղեցրել: Նա շատ լավ գիտեր պետության հարգը, իսկ «պետական դավաճանությունը», թերևս, ամենաքիչն է «համատեղվում» նրա հետ: Մի քիչ զարմանալի չէ՞ նրա ձերբակալումը:
-Այդ մարդու գործունեությանը ես էլ ծանոթ եմ: Բնականաբար, ինչպես շատերը, ես էլ բազմաթիվ հարցեր ունեմ: Այո, նրա գործունեությունը եղել է քաղաքական, կոռեկտ, և լուրջ կասկածներ, բնականաբար, չեն եղել: Երկրորդեմ՝ նվազագույն տեղեկություն չենք ստանում, դրա համար կասկածները մեծ են:
-Փաստորեն, այս գործի «մթությունը» պայմանավորված է զուտ տեղեկատվության պակասո՞վ:
-Քանի որ մարդիկ ընդհանրապես տեղեկություն չեն ստանում, նման հանրային դեմքերի ձերբակալումը, բնականաբար, կասկածների առիթ է տալիս: Եթե հետևել են այս խմբին և ունեն փաստեր, օրինակ, խոսակցության ձայնագրություն, պետք է ինչ-որ չափով հրապարակեն, որպեսզի առկա կասկածները փարատվեն: Ձերբակալության օրից մինչև հիմա որևէ տեղեկություն չի ավելացել այդ խմբի մասին, միայն ձերբակալվածների թիվն է ավելանում: «Հին» անտեղյակության վրա գումարվում է «նորը»: Այս պարագայում որևէ եզրահանգում անելը անշնորհակալ գործ է:

«ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԱՅԴ ԽՄԲԻ ՀԵՏ ԿԱՐՈՂ Է ՈՐԵՎԷ ԿԱՊ ՈՒՆԵՆԱԼ»
ԼԵՌՆԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (ՀՀԿ խմբակցության անդամ)


-Գառնիկ Մարգարյանը և՛ լրագրողական, և՛ քաղաքական շրջանակներում ընկալվում է որպես պետականամետ, հավասարակշիռ քաղաքական գործիչ: Նրա կապն այդ «զինված խմբի» հետ, ձերբակալումը Ձեզ զարմանալի չե՞ն թվում:
-Հարցը երկու կողմ ունի` քաղաքական և իրավական: Իրավական առումով դժվար է ինչ-որ բան ասել, քանի որ մանրամասներին պետք է ծանոթ լինել: Երբ մարդը տրամադրված է իշխանափոխության, դժվար է հասկանալ՝ որքան է քաղաքականը, որքան` իրավականը: Չեմ բացառում, որ այդ խմբի հետ որևէ կապ կարող է ունենալ: Հնարավոր է խմբի ծրագրերին, տեխնոլոգիաներին ծանոթ չլինել, բայց համաձայնել իշխանափոխության հարցում: Չի կարելի հստակ ասել՝ նա մասնակի՞ց է այդ ամենին, թե՞ ոչ: Պետք է բացահայտվի նախ այդ խմբի ողջ ծրագիրը՝ ինչ էին կամենում իրագործել: Ես էլ եմ կարծում, որ նա հավասարակշռված անձ է, բայց, ունենալով իշխանությունների հանդեպ դժգոհություն, կարող էր որոշակի կապ ունենալ նրանց հետ: Պետք է հետևել քննությանը:
-Ասում եք` «խմբի հետ որևէ կապ կարող է ունենալ»: Ձերբակալությանը հետևած կցկտուր տեղեկություններից պարզ դարձավ, որ Գառնիկ Մարգարյանն ընդամենը հանդիպել ու Արթուր Վարդանյանի հետ քննարկել է երկրի քաղաքական վիճակը: Եթե սա հիմք ընդունենք ձերբակալության համար, ապա հոկտեմբերի 27-ից հետո պետք է ձերբակալվեին բոլոր այն լրագրողները, ովքեր գոնե մեկ անգամ Նաիրի Հունանյանի հետ զրուցել էին: Աբսուրդային վիճակ չի՞ ստացվում:
-Գոյություն ունի անմեղության կանխավարկած: Ձերբակալությունը չի նշանակում, որ տվյալ անձը մեղավոր է: Հոկտեմբերի 27-ի հետ կապված էլ մինչև այսօր բազմաթիվ հարցեր կան: Այսինքն, այսօր դժվար է ենթադրել՝ այդ խումբն ի՞նչ նպատակներ է հետապնդել: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, ձերբակալությունը հնարավոր է նաև որոշակի հարցերի պարզաբանման համար լինի:
-Ի՞նչ եք կարծում, հանրության կասկածները փարատելու համար ԱԱԾ-ը չպե՞տք է որոշակի տեղեկություն տրամադրի խմբի գործունեության մասին:
-Իրավական առումով լիարժեք տեղեկատվությունը ճիշտ չէ: Տեղեկություն տրամադրելն այլ բան է, ճշմարտությունն ասելը` այլ: Ճշմարտությունը կարելի է ասել այն ժամանակ, երբ գործի քննությունն ավարտվի: Բնական է, քանի դեռ քննությունը չի ավարտվել, շատ հարցեր կլինեն: Այսօր 100-տոկոսանոց բաներ ասելը սխալ է, գաղտնիությունը պետք է պահպանվի, քանի որ կարող է ազդել նախաքննության օբյեկտիվության վրա:


Ճեպազրույցները`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 897

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ