BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Վարչապետին էլ եմ ասել՝ ինչո՞ւ չունենալ արտասահմանցի, Հարվարդն ավարտած, փորձառու խորհրդատու»

«Վարչապետին էլ եմ ասել՝ ինչո՞ւ չունենալ արտասահմանցի,  Հարվարդն ավարտած, փորձառու խորհրդատու»
22.01.2016 | 01:13

Տարին մեկնարկեց քաղաքական «վաճառքով» և տնտեսական խոր անկման գույժերով: Երկու ասպեկտներին «Իրատեսի» հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ խմբակցության անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:



«ԵԹԵ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ԿԱՐԾՈՒՄ Է, ԹԵ ՀԱՅՀՈՅԵԼՆ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐԻ ԿԵՐՊԱՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ, ԱՐԴԵՆ ՏԱՊԱԼՎԱԾ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ»


-ՀՅԴ-ն հայտարարել է, որ սկզբունքորեն դեմ չէ ՀՀԿ-ի հետ նոր կոալիցիա կազմելու առաջարկին: Սա նշանակում է կոալիցիա մեկ տարո՞վ, թե՞ ընդամենը քաղաքական առևտուր:
-ՀՀԿ-ն լուրջ մեծամասնություն ունի Ազգային ժողովում, հետևաբար որոշումներ կայացնելու և իր կառավարությանն աջակցելու համար որևէ մեկի օգնության կարիքը չունի: Ահա թե ինչու ՀՅԴ-ին արված այս քաղաքական առաջարկը չի կարելի պայմանավորել ԱԺ-ի այսրոպեական գործունեությամբ: Հանրապետության նախագահի առաջարկը բխում է կայացած, փորձառու, կանխատեսելի վարքագիծ ունեցող կուսակցության հետ բազմաշերտ համագործակցության անհրաժեշտությունից: Եվ եթե ավելացնենք, որ ՀՅԴ-ն այն քաղաքական միավորներից է, որն ունի հանրային կյանքի կազմակերպման իր տեսլականը և կայուն ընտրազանգվածը, ապա նման համագործակցությունը դառնում է առավել պահանջարկված: Այդպիսի գործընկերոջ հետ համագործակցությունը ակներև մեծացնում է իր ծրագրերն իրականացնելու ՀՀԿ-ի հնարավորությունները: Ինչո՞ւ չօգտվել դրանից: Անշուշտ, սա կոալիցիա չէ մեկ տարով: Բացի վերը նշվածից, կարևոր է նաև այն, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ շատ հստակ հայտնեց սահմանադրական բարեփոխումներին իր պաշտպանության մասին: Երկուսն էլ պարզ գիտակցում են, որ այս փոփոխությամբ ստանձնում են հանրային կյանքը որակապես այլ ուղի տեղափոխելու պատմական գործընթացի ողջ պատասխանատվությունը: Այսինքն, ակնհայտ է, որ սա մեկ տարվա կոալիցիա չէ:
-Կոալիցիաներ սովորաբար կազմվում են ընտրությունների արդյունքում: Այդպես չէ՞:
-Այո, կոալիցիաները կարող են կազմվել ընտրությունների արդյունքում, կարող են նաև ընտրություններին գնալու համար ձևավորվել:
-Ասել կուզի` սա նախընտրակա՞ն դաշինք է, խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ու դաշնակցությունը մեկ ցուցակո՞վ են գնալու:
-Չի կարելի որևէ բան բացառել: Հնարավոր է, երկուսին միանա նաև երրորդը, որպեսզի կայուն մեծամասնություն ձևավորվի: Նոր ընտրական համակարգի առավելությունն այն է, որ կարծրացած քաղաքական վարքագծին հակադրվում է մանևրելու մարտավարությունը: Հետևաբար, սա մեկ տարվա համագործակցություն չէ, այլ կոալիցիա է, որը սկիզբ է առնում սահմանադրական բարեփոխումներով և ենթադրում է երկարաժամկետ քաղաքական պատասխանատվություն:
-Հանրային ընկալումներում այս գործընթացը դիտարկվում է որպես քաղաքական առևտուր պաշտոններ ունենալու համար:
-Մենք ցանկացած քաղաքական գործընթաց սևացնելու վարպետ ենք դարձել: Կարող ենք այդ համագործակցություններին այնպիսի երանգ հաղորդել, որ անգամ նախաձեռնողների համար լինի անսպասելի: Մինչդեռ կոալիցիան բնականաբար ենթադրում է համագործակցություն ոչ միայն ԱԺ-ում, այլև պարտավորությունների ստանձնում գործադիր իշխանությունում: Բայց համաձայնեք, որ ներկա պայմաններում դա ավելի շատ ու նախ և առաջ նշանակում է պատասխանատվության ստանձնում, այլ ոչ թե հեշտ հաջողություններ արձանագրելու հնարավորություն: Պաշտոնը նպատակ չէ, այլ միջոց սեփական պատասխանատվությունն իրացնելու համար:
-Նախընտրական տարի է մեկնարկել: Քաղաքական դաշտի խաղացողները` և՛ ընդդիմադիրները, և՛ իշխանական ուժերը, իրենց համար ի՞նչ նշանակետ պետք է ընտրեն: Ի՞նչ «պաշարով» պետք է ընտրությունների գնան, որ շահեկան վիճակում հայտնվեն: Ի լրումն նշեմ նաև, որ այսօր հանրային վստահություն չունեն և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը:
-Համաձայն եմ, որ քաղաքական կուսակցությունների հանդեպ հանրությունը լուրջ վերապահումներ ունի: Անցյալ տարի շատ անսպասելիորեն ականատես եղանք, որ իշխանությունների դեմ ընդվզած քաղաքացիական նախաձեռնությունը մերժեց ընդդիմադիրներին: Խոսքը էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող երիտասարդների նախաձեռնության մասին է: Այն, որ նրանք ասում էին ոչ իշխող կուսակցությանը, հասկանալի էր, քանի որ իշխանության դեմ էր այդ բողոքը, բայց որ նրանք մերժում էին ընդհանրապես ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությունը, սա լուրջ մտորելու տեղիք է տալիս: Դա լակմուսի թղթի պես մի բան էր, որը ցույց տվեց, թե ինչպիսի վիճակում է քաղաքական համակարգը, այդ թվում՝ ընդդիմությունը: Որպես կանոն, իշխանությունից միշտ էլ դժգոհ են, քանի որ նա չի կարող բոլորի սպասելիքները բավարարել: Կարծում եք՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում հանրությունը գո՞հ է իր իշխանություններից, իհարկե ոչ: Սակայն աբսուրդ է, երբ դժգոհում ու մերժում են ընդդիմությանը, որը պետք է որ դառնար այդ իշխանությունների դեմ պայքարող ուժը: Ո՞րն է ընդդիմության քաղաքական ֆիասկոյի պատճառը: Ըստ իս, պատճառը հենց ընդդիմությունն է: Իննսունականներից սկսած ընդդիմությունն այնպիսի լոզունգներով է հանրության առջև հանդես գալիս, որոնք ի զորու չէ իրականացնելու, մինչդեռ դրանցով նա հանրության շրջանում ձևավորում է որոշակի սպասելիքներ: Արդյունքում արժեզրկվում է ընդդիմությունը: Հանրային կյանքում մեր համար մեկ խնդիրը ընդդիմության «վերականգնումն» է: Մեզ պետք է մրցունակ, կենսունակ, մասնագիտական կարողություններով հզոր ընդդիմություն: Սա կստիպի նաև իշխանությանն «աճել»: Առաջիկա տարում քաղաքական զարգացումների համատեքստում իշխանությունն իր անելիքները գիտի` հնարավորինս լավ իրագործելով իր ծրագրերը՝ է՛լ ավելի բարձրացնել վստահությունը իր նկատմամբ: Կարծում եմ, որ շատ ռիսկային տարի է, և բոլորովին չեմ նախանձում հանրապետության նախագահին կամ վարչապետին: Իսկ թե ինչ պետք է անի ընդդիմությունը, կներեք, լավ չեմ պատկերացնում: Ի՞նչ անի, որ իրեն սկսեն վստահել: Շարունակի միայն հայհոյե՞լ: Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե հայհոյելն է ընդդիմադիրի կերպարը և գործառույթը, ապա արդեն տապալված խաղ է խաղում: Ընդդիմությունը պետք է վերաիմաստավորի իր հանրային առաքելությունը, որը, ըստ իս, հանրային կյանքի կազմակերպման սեփական տեսլականի ներկայացում է նշանակում: Ոչ միայն քննադատել, այլև ասել, որ եթե ինքը իշխանության գա, ապա այս ոլորտում կանի սա, մյուսում` մեկ այլ բան, ինչն ունակ չէ կատարելու իշխանությունը: Եթե քաղաքական պայքարը տեղափոխվի այս հարթություն, հաջողությունն ակնհայտ կլինի:
-Հիմա ընտրական նոր օրենսգիրքն է քննարկման դրված: Ընդդիմությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք իշխանությունը մերժում է: Հիմա ի՞նչ անի այս ընդդիմությունը, որ կարողանա հանրային կյանքի կառավարմանը սեփական մասնակցությունն ունենալ:
-Նրանք առաջարկությունները հայտարարությունների տեսքով են ներկայացրել, իսկ իշխանությունը դրանք չի մերժել: Այդ առաջարկների մեծ մասը հիմա մենք քննարկում ենք՝ չսպասելով ընդդիմության նախաձեռնություններին: Օրինակ, ինչպես ընտրական գործընթացը դարձնել առավելագույնս թափանցիկ, ընտրությունների հանդեպ ապահովել հանրության հիմնական հատվածի վստահությունը: Այս հարցերը մենք քննարկում ենք, և դա անում ենք ոչ նրանց պահանջով: Հանրապետության նախագահն է անձամբ այս խնդիրը դրել և հետամուտ է դրանց լուծմանը: Այս հարցերով հանդիպումներ են լինում եվրոպական կառույցների պատասխանատուների հետ՝ նրանցից անհրաժեշտ տեխնիկական աջակցություն ստանալու կապակցությամբ: Որակապես նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը բխում է մեր շահերից, և դա բոլորովին էլ լոկ ընդդիմության պահանջը չէ: Բոլորն այսօր մատնանշում են ղրղզական ընտրական համակարգի օրինակը, բայց այն, ինչ մեր ընտրական օրենսգրքով է նախատեսվելու, ավելին է: Չեմ կարծում, որ ընդդիմությունն այնպիսի առաջարկներ կբերի, որոնք մենք կմերժենք: Բոլոր այն խնդիրները, որոնք ընտրությունների հանդեպ վստահության մեծացմանն են ուղղված, քննարկվում էին անգամ ավելի վաղ, քան ՀԱԿ-ը հայտարարություններ է արել:

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԴՐՈՂԻ ՌԻՍԿԵՐԻ ԱՌՅՈՒԾԻ ԲԱԺԻՆՆ ԻՐ ՎՐԱ ՎԵՐՑՆԻ»


-Արդեն նշեցիք, որ տնտեսական տարին ռիսկային է լինելու: Ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունը, ի՞նչ ծրագիր է ներկայացնում, որ փոքրիշատե մեղմի իրավիճակը:
-Նախ պիտի հասկանանք, թե զարգացման ինչ փուլում ենք: Չինացիները հին ասույթ ունեն. «Հոսող ջուրը, երբ արգելքի է հանդիպում, կանգ է առնում, սկսում է ժողովվել, կուտակվել, բարձրացնել իր պոտենցիալը, հետո հաղթահարել արգելքը»: Մենք օբյեկտիվ պատճառներով հանդիպել ենք այդպիսի արգելքի և հընթացս այն հաղթահարել չենք կարող: Պետք է այս ժամանակահատվածն օգտագործել սեփական պոտենցիալը կուտակելու և արգելքները հաղթահարելու կարողություններ ձևավորելու համար: Հիմա առավել, քան երբևէ, երբեմն անգամ ցավագին, բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն կա:
-Կառավարությունը «ցավագին» բարեփոխումների փորձ անո՞ւմ է:
-Անցյալ տարի հարկային ոլորտում էական, հեղափոխական փոփոխություններ տեղի ունեցան: 31 սահմանապահ համայնքների համար, ըստ էության, սահմանվեց այնպիսի հարկային ռեժիմ, որ այդ համայնքները դարձրեց ազատված գոտի: Սա փոքր և միջին ձեռնարկատիրություններին խթանելու համար իրականացվեց: Այսօր ՓՄՁ-ն մեզ հարկավոր է, որպեսզի մեղմենք սոցիալական վիճակը: Այս փուլում միայն ՓՄՁ-ի զարգացմամբ մեր տնտեսությունը չի կարող մրցունակ դառնալ, սա զուտ սոցիալական խնդիրները լուծելու համար է արվում: Բարձրացրինք շրջանառության հարկի շեմը, անցանք արտոնագրային վճարներին: Փորձեցինք այնպես անել, որ ՓՄՁ-ն հարկային տեսչության շնչառությունն իր թիկունքում չզգա: Միայն անցյալ տարվա ընթացքում հարկային վարչարարության մեջ այնպիսի փոփոխություններ կատարվեցին, որոնք պետության, հարկային մարմինների նկատմամբ վերաբերմունքը փոխեցին: Այս փոփոխությունների նպատակը բիզնես միջավայրն ավելի բարենպաստ և կանխատեսելի դարձնելն է: Եվ արդյունքները իրենց երկար սպասել չտվեցին: Տարեվերջին «Doing business»-ի ցուցանիշով Հայաստանը 35-րդն էր, այն դեպքում, երբ Ղազախստանը` 41-րդն էր, Ռուսաստանը` 51-րդը, Թուրքիան` 55-րդը:
-Շարքային քաղաքացուն ոչինչ չի ասում այդ ցուցանիշը, քանի որ նրա կենսամակարդակի վրա դա ոչ մի կերպ չի անդրադառնում:
-Սրանք բարեփոխումներ են, որոնց արդյունքները շարքային քաղաքացին անմիջապես չի կարող զգալ: Բայց եթե այս քայլերը չանենք, բիզնեսի համար նպաստավոր միջավայր չստեղծենք, ոչ մի ներդրող Հայաստան չի գա: Ե՞րբ շարքային քաղաքացին կզգա այս բարեփոխումների արդյունքները. երբ ներդրող լինի, աշխատատեղեր ստեղծվեն, և քաղաքացու համար կայուն եկամուտներ ունենալու անշրջելի հնարավորություններ ստեղծվեն: Կայուն եկամուտ ապահովելու երկու ճանապարհ կա` ՓՄՁ-ի համար նպաստավոր պայմաններ և ներդրումների ներգրավում: Կայուն եկամուտներ ապահովում էին նաև տրանսֆերտները, որոնք, ցավոք, կրճատվել են (անցյալ տարի՝ շուրջ 500 մլն դոլարով): Բայց նույնիսկ այս պայմաններում բանկերում ավանդներն ավելացել են 187 մլրդ դրամով: Այսինքն, մեր քաղաքացիները չեն ծախսում, խնայում են: Սա նորմալ է, գնահատում եմ, որ մեր շարքային քաղաքացին սկսել է ավելորդ ծախսեր չանել: Արդյունքն այն է, որ սպառումը նվազեց, ներմուծումը, արտահանումը, կապված ռուսական շուկայի հետ, նույնպես:
-Լավ օրից չէ, որ բանկերում ավանդներն ավելացել են: Մարդիկ խնայում են, որովհետև վաղվա օրվա հանդեպ հույսը կորցրել են, չգիտեն` ապրուստի փող կունենա՞ն, թե՞ ոչ:
-Խնդիրն այն է, որ մարդիկ չեն վստահում ոչ միայն իշխանություններին, այլև լսում են CNN ու տեսնում, որ նույն վիճակում են Եվրոպան, Ռուսաստանը: Աշխարհն է տնտեսապես ծանր վիճակում: Չեմ ասում, թե կառավարությունը անթերի է գործում, բայց դրսի գործոններն էական ազդեցություն ունեն: Այսօր իրավիճակն ավելի բարդ է, քան 2008-2009-ին, որովհետև այն ժամանակ տնտեսության վիճակը պայմանավորված էր տնտեսական գործոններով, մարտահրավերներն էլ կանխատեսելի էին և հաշվառելի: Այսօր խնդիրը քաղաքական հարթությունում է, օրինակ, ոչ ոք չգիտի՝ Ռուսաստան-Արևմուտք առճակատումը որքան կտևի, ուկրաինական, սիրիական կոնֆլիկտները ի՞նչ ճակատագիր կունենան, հիմա էլ արաբական աշխարհի խնդիրները: Այս պայմանններում կանխատեսումներ անելը շատ բարդ է, բայց անգամ այս պարագայում պարտավոր ես քո քաղաքացուն կայուն եկամուտով ապահովել: Սրա միակ լուծումը ներդրումներ ներգրավելն է, որի համար անհրաժեշտ են նոր գործիքակազմ և նոր մոտեցումներ: Նախորդ կառավարությունը խոսում էր ներդրումների մասին, սակայն, ցավոք, չէր իմաստավորում դրանց կարևորությունը: Ոմանց թվում էր, թե «Doing business»-ով բարձր դիրք գրավելը բավարար է, որ աշխարհը վազի դեպի Հայաստան: Դե իհարկե` ոչ: Պոտենցիալ ներդրողներ կան, որոնք Հայաստանի տեղն անգամ չգիտեն: Ինչո՞ւ, աշխարհը Հայաստանո՞վ է ապրում, ո՞վ ասաց, որ ներդրողը պետք է գա Հայաստան և ոչ թե Վրաստան, Բելառուս, Լատվիա: Հետևաբար, պիտի հասկանալ՝ ովքեր են մեր մրցակիցները ներդրումներ ներգրավելու գործում, ինչ առավելություններ կարող ենք ունենալ այդ երկրների հանդեպ: Սա տևական աշխատանք է պահանջում: Մեկ այլ խնդիր էլ ունենք` տարածաշրջանը ռիսկային է: Կառավարությունը պետք է ներդրողի հավանական ռիսկերի առյուծի բաժինն իր վրա վերցնի: Տնտեսությունը մրցունակ դարձնելու համար միայն ներդրումներ ներգրավելը բավարար չէ, պետք է լուծել արտահանման շուկաների դիվերսիֆիկացման խնդիրը: Ինչո՞ւ ենք այսպիսի ծանր վիճակում հայտնվել, որովհետև մեր արտադրողների մի մասն իրեն հարմարավետ էր զգում եվրոպական, մյուսները` ռուսական շուկաներում, երբեք էլ չեն մտածել այլ շուկաներ թափանցելու մասին: Հիմա երկու շուկաներն էլ անկում ապրեցին: Չինաստանի, Հնդկաստանի պես հսկայական շուկաները մեզ համար անհասանելի են: Օրինակ, ինչո՞վ է զբաղված Չինաստանում մեր դեսպանությունը: Հիմա սրանք արդեն օրակարգային խնդիրներ են: Մեր քաղաքացուն պիտի ազնվորեն ասել՝ դեռ դժվար է լինելու: Նույնիսկ 2,2 տոկոս աճի ապահովումը հերոսություն է: Որևէ երկիր Հայաստանից ավելի վատ պայմաններում չի գտնվում, մինչդեռ նույնիսկ աշխարհի ազդեցիկ տնտեսությունները նախատեսում են 2-3 տոկոս աճ: Այնպես որ, 2,2 տոկոս աճն էլ շատ ռիսկային է: Իհարկե, ճիշտ է անում վարչապետը, որ ասում է՝ կանենք հնարավորը, որ ավելին լինի, Աստված տա, բայց շատ դժվար է լինելու:
-Շատ դժվար տնտեսական վիճակ է Ռուսաստանում, բայց ամեն օր տեսնում ենք, թե այդ երկրի ղեկավարը, վարչապետը ինչ քննարկումներ են անում, ինչպիսի փորձագիտական խմբերի հետ են հանդիպում, որ նրանց գաղափարները «քաղեն», տանեն կառավարման ոլորտ և լուծեն առկա խնդիրները: Իսկ ի՞նչ է կատարվում մեզանում: Թվում է՝ կառավարությունում բոլորը ամենագետ են և ոչ մի գաղափարի, խորհրդի կարիք չունեն: Ի դեպ, վարչապետների ակումբ կար, Դուք էլ էիք դրա անդամ, ի՞նչ տվեց վարչապետների այդ «համախումբը»:
-Վարչապետին կից ձևավորվեց արտահանումը խթանող խորհուրդ, որտեղ ներգրավված են պաշտոնատար անձինք, որոնք առանց այն էլ իրենց իրավասության շրջանակներում վարչապետին պետք է ներկայացնեն առկա խնդիրների լուծումների առաջարկներ: Ըստ իս, օգտակար կլիներ այդպիսի խորհրդում ներգրավել փորձագետների, ինչի հետևանքով այդ կառույցի գործունեության արդյունավետությունն անհամեմատ ավելին կլիներ:

Իհարկե մենք ունենք տնտեսության ոլորտի փորձագետներ, սակայն կյանքը ցույց է տալիս, որ նրանց մեջ չկա առողջ մրցակցություն, միմյանց կարծիքներն այնպիսի կրքոտությամբ են մերժում, մեկը մյուսին այնպես է ստվերում, որ հաճախ չես ուզում անգամ նրանց հետ հարաբերվել: Նայեք օտարազգի փորձագետներին, մարդիկ իրենց կարծիքն են ասում ու վերջ՝ չանդրադառնալով ուրիշի տեսակետներին, չստվերելով դրանք: Չեն ասում` ես եմ աշխարհի պորտը:
-Մեզանում ամբիցիաների՞ խնդիր կա:
-Դա է խանգարում վարչապետին: Նա էլ օգնության կարիք ունի: Ճիշտ ժամանակն է անդրադառնալու ԳԱԱ էկոնոմիկայի ինստիտուտին, ի՞նչ է անում այդ կառույցը: Այն պետք է լիներ գիտական հետազոտությունների ուսումնասիրման կենտրոն: Համալսարանն այդպիսի մի կենտրոն պիտի ունենար: Մարտահրավեր՝ նշանակում է ոչ միայն սպառնալիք, այլև հնարավորություն, եթե դու ճիշտ ես օգտագործում այն: Կառնեգին ասում է. «Լավատեսը դժվարությունների մեջ հնարավորություն է տեսնում, հոռետեսը` հնարավորությունների մեջ դժվարություններ»: Մեր խնդիրն է լինել լավատես: Այս պայմաններում պետք է փորձել տեսնել հնարավորությունները: Կարծում եմ, կառավարությանը դա կհաջողվի: Վարչապետին էլ եմ ասել՝ ինչո՞ւ չունենալ արտասահմանցի, Հարվարդն ավարտած, փորձառու խորհրդատու, որը մեզ խորհուրդներ կտա: Ի՞նչ է, մենք ամեն ինչ գիտե՞նք:
-Մի պահ պատկերացնենք՝ աշխարհաքաղաքական գործոնները չկան, տնտեսական վիճակն էլ Ռուսաստանում շատ լավ է, Հայաստանի տնտեսությունը ոտքի կկանգնի՞:
-Ամեն ինչ չեմ կապում արտաքին գործոնների հետ, չնայած դրանք ուղղակի ազդեցություն են ունենում: Երկրորդեմ՝ պետք է շարունակել բարեփոխումները, ինչը նշանակում է խթանել բոլոր նախաձեռնությունները: Սակայն անհրաժեշտ է բարձրացնել առկա կառույցների աշխատանքի արդյունավետությունը: Օրինակ, էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործում է ՓՄՁ աջակցության կենտրոն, որը, ի թիվս այլ գործառույթների, նաև վարկեր է տրամադրում սկսնակ գործարարներին: Արդյո՞ք գործարար աշխարհը տեղյակ է, թե ինչ չափորոշիչներով են այդ վարկերը տրամադրվում, արդյո՞ք բոլոր գործարարները տեղյակ են այդ վարկերի տրամադրման պայմանների մասին, արդյո՞ք դա ազատ ու մատչելի է բոլոր գործարարներին: Թույլ տվեք կասկածել: Երբևէ հեռուստատեսությամբ, մամուլով այդ կառույցի իրական աշխատանքի մասին լսե՞լ ենք: Ո՛չ: Այսպիսի բազում օրինակներ կարող եմ բերել:
-Հարցը նաև այն է, որ տնտեսական վիճակի բարելավումը պայմանավորված է կոռուպցիոն ռիսկերի նվազմամբ:
-Եթե խոսում ենք բարեփոխումներից, դա նշանակում է նաև կոռուպցիոն ռիսկերի նվազում: Արդեն մի շարք ոլորտներում այդ բարեփոխումները տեսանելի են, բայց դրականը գնահատելու հնարավորություն հանրությանը չենք տալիս: Սա է հանրային կյանքի ամենամեծ խոցը: Ինձ թվում է, մենք սկսում ենք նմանվել այն ձկներին, որոնք իրենց լավ են զգում կեղտոտ ջրի մեջ, և եթե տեղափոխում ես մաքուր ջրի մեջ, խեղդվում են: Տպավորությունն այնպիսին է, որ շատերի համար այս բացասական միջավայրը շատ հարմարավետ է դարձել: Չենք գիտակցում, որ այդ կերպ կտրում ենք այն ճյուղը, որի վրա բոլորս ենք նստած:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1123

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ