Հետևելով որոշ հայ պաշտոնյաների պահվածքին, տպավորություն ես ստանում, թե նրանք կամ հոգնած են, կամ հանրության հետ շփվելու, հաղորդակցվելու խնդիր ունեն, կամ էլ մշտապես սեփական ոլորտից անտեղյակ են: Ավելի ճիշտ, շատ հաճախ այս բոլոր գործոններն էլ մեկտեղ են լինում: Բանակի տոնի առթիվ Եռաբլուր այցելած պաշտոնատար անձանց պահվածքը ջղաձիգ լինելուց բացի, նաև արհամարհական վերաբերմունք է հանրային կարծիքի նկատմամբ: Ի վերջո, լրագրողները, այսպես ասած, «միջնորդի», կամրջի դեր են ստանձնում: Ասել է` տվյալ անձինք իրենց գործունեության վերաբերյալ տեղեկություն չեն ցանկանում տալ մարդկանց, իմա` խուսափում են հրապարակել իրենց աշխատանքի «պտուղները»:
Այս ամենից կարելի է եզրահանգել, որ վերջիններս էլ համոզված են, որ ապաշնորհ են ու հաստատ լավ չեն աշխատում, այլապես վանդակում ընկած «կենդանու» նման չեն փախչի լրագրողների հարցերից: Սա դեռ հարցի մի կողմն է. նրանց ցինիզմն ու անպարկեշտությունն այն աստիճանի է հասել, որ ոչ միայն քամահրական վերաբերմունք ունեն սեփական ժողովրդի հանդեպ, այլև իրենց պարտականությունների հետ կապված հարցերին հեգնանքով են պատասխանում կամ ավելի վատ` «զզվանքով»:
Ի՞նչ է, իրենց թվում է, թե այդ պաշտոնները պապական ժառանգությո՞ւն են, թե՞ իրենց վայելքների համար են տրված: Անսանձ «ձիավորների» այս խմբին պետք է, չէ՞, մի անգամ իրենց տեղը ցույց տալ, ինչքա՞ն կարելի է օրենք խախտել, անպատիժ մնալ, ժողովրդից թալանել` հարստանալ, պաշտոնները տարիներով «ապահովագրել», բայց «թքած» ունենալ պարտականությունները կատարելու վրա:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ