Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ինչո՞ւ է Մամեդյարովը ծիծաղում

Ինչո՞ւ է Մամեդյարովը ծիծաղում
03.02.2016 | 15:18

«Մենք դժգոհ ենք Մինսկի խմբի համանախագահների աշխատանքից»,- երեքշաբթի երեկոյան հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ինչո՞ւ են դժգոհ: Համանախագահները անցած տարիներին չկարողացան որևէ տեղաշարժի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ի՞նչ տեղաշարժ էին ուզում: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Պահանջում ենք, որ Մինսկի խումբը իր գործունեությունը կառուցի հենց այդ ուղղությամբ: Ադրբեջանական հողերը օկուպացված են: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամներ ղեկավարում են Մինսկի խումբը, բայց ոչ մի տեղաշարժ չի եղել»,- բացատրել է Էլմար Մամեդյարովը: Բայց չի բացատրել, թե ի՞նչ տարածքային ամբողջականության մասին է խոսքը, իրավական ի՞նչ հիմքեր կան, ռազմական, ինչո՞ւ ոչ, նաև քաղաքական: Ադրբեջանը զինադադարի կնքման օրից պայքարում է զինադադարի դեմ՝ ինչքան կարողանում է և ինչպես կարողանում է: Բանակցությունների սեղանի շուրջ կրկնում է նույնը, շփման գծում կրակում է՝ ավելին չի կարողանում: Երբեմն փորձում է կրակել և դիվանագիտական դաշտում: Եթե ստացվում է, համարում է արժանի հաղթանակ, եթե չի ստացվում, ասում է, որ ծիծաղը գալիս է: «Համանախագահների նամակը Ստրասբուրգ միայն ծիծաղ է հարուցում: Ես բողոքով նամակներ եմ ուղարկել համանախագահ երկրների արտգործնախարարություններ, որոնցում նշել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հետ կապված ցանկացած հարցի հրատապություն հաղորդելը մեր անձնական գործն է: Ոչ ոք չի կարող խառնվել դրան: Նրանք չեն կարող ճնշում գործադրել եվրոպացի խորհրդարանականների վրա: Դա անտրամաբանական է», - ասել է Էլմար Մամեդյարովը՝ ԵԽԽՎ հակահայկական երկու բանաձևերի նախագծերի քննարկումից առաջ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մասին: Հետաքրքիր է, չէ՞, «անձնական գործի» պատկերացումը: Նաև՝ անտրամաբանականի ու տրամաբանականի: Ստացվում է՝ ամբողջ աշխարհում «անձնական գործի» իրավունք ունի միայն Ադրբեջանը, մնացածները առավոտից երեկո պիտի կատարեն Ադրբեջանի «անձնական գործից» բխող պահանջները: Սա՞ է Մամեդյարովի տրամաբանությունը: Ինչի՞ համար է Մինսկի խումբը, եթե չի կարող զբաղվել իր գործով, որովհետև, ըստ Մամեդյարովի, «ոչ ոք չի կարող խառնվել դրան»: Հունվարի 22-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԵԽԽՎ-ին կոչ էին արել չանել քայլեր, որոնք կարող են վնասել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցություններին։ Ընդամենը: Չէին ասել՝ ում անձնական գործն է, ով է խառնվում, ինչին է խառնվում: Իսկ Մամեդյարովը փոխարենն անցնում է սովորական շանտաժի՝ ՄԽ համանախագահների նոր հանդիպման մասին նա հայտարարել է. «Երբ նրանք նամակ ուղարկեցին Ստրասբուրգ, չեմ կարծում, թե հանդիպում հնարավոր է»: Այսինքն՝ մինչև համարժեք հակահայկական հայտարարություն չանեք՝ ձեզ հանդիպող չկա: Եվ դա ասում է այն պետության արտաքին գործերի նախարարը, որ բոլոր մակարդակների պաշտոնյաների կատարմամբ ՄԱԿ-ի ամբիոնից մինչև սեփական լոգարան՝ բոլոր հնարավոր ելույթներում նույն երգն է երգում՝ Հայաստանի ապակառուցողական քաղաքականության պատճառով հարցը տեղից չի շարժվում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչի՞ վրա է Էլմար Մամեդյարովի կամ Իլհամ Ալիևի հույսը: Ժամանակ շահելո՞ւ: Որ ի՞նչ: Փետրվարի կեսին Բաքու է գնալու Էրդողանը: Փետրվարի մեջ Թեհրան է գնալու Ալիևը: Բաքուն հույս է հայտնել, որ ռուս-թուրքական հարաբերությունները չեն ազդի տարածաշրջանի վրա: Ինչո՞ւ է Մամեդյարովը ծիծաղում: Տարբեր պատճառներով: Ստրասբուրգից Բաքու վերադարձած ԵԽԽՎ-ում Միլի մեջլիսի պատվիրակության ղեկավարին հանեցին: Բայց դա նրա ձախողումը չէր: Ադրբեջանի արտաքին քաղաքականության ձախողումն էր՝ Ղարաբաղի հարցը դուրս բերել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից և տեղափոխել այլ հարթակ, լավագույն տարբերակը ԵԽԽՎ-ն է, որտեղ Բաքուն ունի ոչ միայն Եվրոպայի բոլոր մուսուլմանների (հենց այդ պատճառով էր Իլհամ Ալիևը հիշեցնում իրենց մուսուլման լինելը), այլև Բաքու-Անկարա տանդեմի հետ քաղաքական ու տնտեսական շահեր ունեցող երկրների աջակցությունը: Անգամ իսպանացի Պեդրո Ագրամունդի գլխավորությամբ ԵԽԽՎ-ն չլուծեց այդ խնդիրը՝ Բաքվի համար ակնհայտ դարձնելով Մինսկի ձևաչափին վերադառնալու անհրաժեշտությունը: Հաջորդ հրաժարականը, տրամաբանորեն, պիտի լինի Էլմար Մամեդյարովինը: Բայց նա հրաժարական չի տա՝ տրամաբանություն քաղաքականության մեջ չկա, կա առևտուր՝ բանակցային սեղան վերադառնալու համար: Չի բացառվում, որ այդ առևտրի մաս լինի Թուրքիային միջնորդական առաքելության մեջ ընդգրկելու հին թեմայի վերարծարծումը, ոչ թե իրագործելու, այլ՝ ԱՄՆ Կոնգրեսի շփման գծում դիտարկող սարքեր տեղակայելու առաջարկը, որը նաև ՄԽ համանախագահներն են անհրաժեշտ համարում, չընդունելու դիմաց: Բաքուն վիրավորված է և փոխհատուցում է ուզում, իսկ մինչ այդ մտածելու փոխարեն, գերադասում է ծիծաղելը: Միշտ չէ, որ ծիծաղում են, որովհետև ուրախ են:

Դիտվել է՝ 930

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ