BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ֆինանսների բացակայությունն ընդդիմադիրներին զրկում է միայնակ պայքարելու հնարավորությունից»

«Ֆինանսների բացակայությունն ընդդիմադիրներին զրկում է միայնակ պայքարելու հնարավորությունից»
09.02.2016 | 00:54

Քաղաքական ուժերը յուրովի են պատրաստվում առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Ոմանք ԱԺ-ում վերստին լինելու համար նախընտրում են իշխանության հետ համագործակցությունը, մյուսները` կտրականապես մերժում այն և նոր «ելքեր» որոնում: ՎՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության անդամ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ ևս իշխանության հետ չի ցանկանում նույն նավում լինել:

-Դուք ի՞նչ ձևաչափով եք պատրաստվում ընտրություններին:
-Այսօր քաղաքական դաշտում դերակատարություն ունեցող քաղաքական ուժերից ոչ մեկը մեծ հնարավորություն չունի ընտրություններին միայնակ մասնակցելու: Կարծում եմ, կլինեն դաշինքներ, որոնք յոթ տոկոսը հաղթահարելու խնդիր կդնեն: Անկասկած, մենք մասնակցելու ենք 2017-ի խորհրդարանական ընտրություններին և հավանաբար դաշինքով: Առաջարկներ կան, քննարկումներ ընթանում են: Դեռ կուսակցությունը վերջնական որոշում չունի:
-Այդուհանդերձ, առաջարկներն ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական դաշտից են:
-ՀՀԿ-ի հետ այդ հնարավորությունը չեմ տեսնում, առավել ևս նրանք այդպիսի առաջարկով հանդես չեն եկել, կարիք էլ չկա: Չեմ բացառում, որ այն թիմը, որի հետ կմտնենք ԱԺ, հնարավոր է իշխանության հետ կոալիցիաներ ձևավորի: Այսօր ասել, թե ինչ դաշինք կլինի և ում հետ կմտնենք ԱԺ, վաղաժամ է:
-Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանում չկա մի ընդդիմադիր ուժ, որը կարող է ինքնուրույն հաղթահարել անցողիկ շեմը և մանդատ ունենալ: Այդպե՞ս է:
-Այո, բայց կուզենայի, որ այդ առիթով ՀՀԿ-ն չչարախնդա: Այն, որ ընդդիմադիր ուժերը չունեն ֆինանսական ռեսուրսներ, արդեն փաստում է, որ մեծ խնդիր ունեն: Ֆինանսների բացակայությունն ընդդիմադիրներին զրկում է միայնակ պայքարելու հնարավորությունից: Սա չի նշանակում, որ նրանք համակիրներ չունեն, պարզապես իշխող ուժն ունի գումարներ, լծակներ, վարչական ռեսուրս, որը մեծացնում է նրա հնարավորությունները: Եթե իշխանությունում ՀՀԿ-ի փոխարեն մեկ այլ կուսակցություն լիներ, էլի նույնն էր լինելու: Իշխանությունը միշտ էլ հնարավորություն ունի վերարտադրվելու: Բայց իշխանությունը պետք է գիտակցի, որ պետք է ունենալ նաև համարժեք ընդդիմադիր դաշտ, որը հնարավորություն կունենա նրա հետ մրցակցելու: Միայն այս դեպքում կարող ենք ասել, որ այս իշխանությունը կարելի է փոխարինել մեկ ուրիշով:
-Որոշ ընդդիմադիրներ գտել են մանդատ ունենալու ձևը` իշխանության հետ «ամուսնանալով»: Այսինքն, նույնիսկ ընդդիմադիր միավորումները, դաշինքները հույսեր չե՞ն ներշնչում:
-Կոալիցիա ստեղծելով, ՀՅԴ-ն լրացուցիչ լծակներ է ձեռք բերում, որով կփորձի իր համար անհրաժեշտ ընտրազանգված ապահովել: Երևի այս տրամաբանությունը դաշնակցության առումով աշխատում է: Մյուս քաղաքական ուժերն էլ փորձում են հարցին այլ կերպ մոտենալ, իշխանությունում ներառված չլինելով, աշխատել հանրության հետ և նրա ձայնը ստանալ: Ինչքանով Ընտրական օրենսգիրքը դրան կնպաստի, կերևա առաջիկա քննարկումներից: Այսինքն, ինչ մեխանիզմներ կսահմանվեն ԸՕ-ով, որ ընդդիմադիրները կարողանան իրենց ձայնը պահպանել: Չեմ կարծում, որ իշխանությունն ունի ավելի մեծ ընտրազանգված, քան ընդդիմությունը: Սովորաբար ժողովուրդը երբեք գոհ չի լինում իշխանությունից, իսկ մեր դեպքում դա լիովին արդարացված է, որովհետև մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը վերջին տասնամյակում չի բարելավվել: Հանրությունը դժգոհելու և իշխանություններին հակակրելու բոլոր հիմքերն ունի:
-Ստացվում է, ՀՅԴ-ն երիցս ճիշտ էր, որ պնդում էր, թե ՀՀԿ-ն հեղինակազրկված է:
-Իսկապես ՀՀԿ-ն հեղինակության խնդիր ունի: Նա պետք է իշխանության մեջ երկարաժամկետ գտնվելու հանգամանքն արդարացնի, առայժմ դա արդարացված չէ: Բայց այնպես չէ, որ միայն իշխանությունն է հեղինակազրկված, ընդդիմադիր դաշտն էլ այսօր փոշիացած է: Պատճառն այն է, որ երբեմն նշաձողը շատ բարձր են վերցնում, հռետորաբանությունը խոստումներով պարուրված է լինում, քան իրական հնարավորություններ ունեն: Հանրությունն էլ հասկանում է, որ իր ձգտումներն ընդդիմադիր ուժերը չեն կարողանում իրականացնել: Չի կարելի խոստանալ մի բան, որն ի վիճակի չես անելու: Հասկանալի է նաև, որ ընդդիմությունն այդպես է վարվում, որ հանրահավաքներին շատ մարդ հավաքի: Բայց պետք է մտածել, թե հետո ինչ ես անելու: Խոստանալով ու չանելով, ժողովուրդը հերթական անգամ հիասթափվում է, չի հավատում այդ քաղաքական ուժին: Հետևաբար արտահայտությունների մեջ պետք է զգույշ և զուսպ լինել: Ավելին, իշխանությունը միշտ ունի լծակներ այս կամ այն շարժումը ճնշելու համար: Ընդդիմությունը ևս պատասխանատվության խնդիր ունի. եթե ասում ես մի բան, ուրեմն պետք է ամեն գնով անել: Եթե չես կարող, ուրեմն ժողովրդի հետ պետք է ազնիվ լինել:
-Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում այս պահին իշխանության հետ կոալիցիա կազմելը, համագործակցելը:
-Կոալիցիան այս պահին ոչ մի բանով չի նպաստելու մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի փոփոխմանը: Գումարելիների տեղերը փոխելով գումարը չի փոխվում: Լուրջ բարեփոխումների կարիք կա: Դաշնակցական գործընկերներիս մոտ էլ եմ ասել, որ այս համագործակցությունն իրենց ոչինչ չի տա: Միգուցե մեկ տարով պորտֆելներ ստանան, բայց վարկանիշային առումով լուրջ կորուստ են ունենալու:
-Նշեցիք, թե համագործակցելու առաջարկներ ունեք, արտախորհրդարանական ուժերի հետ այդպիսի քննարկումներ կա՞ն:
-Հիմնական քաղաքական ուժերն ԱԺ-ում են: Արտախորհրդարանական ուժերից ոմանք փորձում են համախմբվել և ինչ-որ ձևաչափով հավանաբար կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին: Որքան հասկանում եմ, կլինեն մի քանի դաշինքներ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի «մակարդակով»: Կլինի ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ, ԲՀԿ-ն ունի մեծ հնարավորություններ, ՕԵԿ-ը` անվանափոխված, բայց կարծում եմ, անունը փոխելով քաղաքական դեմքերի էությունը չի փոխվում: Եթե Արթուր Բաղդասարյանն է այդ կուսակցության հիմքում, հանրային վստահությունը քիչ է: Հիմնական քաղաքական պայքարն ընթանալու է խորհրդարանական ուժերի միջև: Չեմ բացառում, որ արտախորհրդարանական մի քանի ուժեր համագործակցաբար հաղթահարեն անցողիկ շեմը:
-Արտախորհրդարանական ուժերը ռեսուրս չունեն, ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ է, ՕԵԿ-ը, ինչպես ասում եք, հավատ չի ներշնչում, «Ժառանգության» անունը կա, ամանում չկա, ՀԱԿ խմբակցությունում էլ մարդ չի մնացել: «Տակը» ի՞նչ մնաց:
-Ձեր թվարկած բոլոր քաղաքական ուժերը, իհարկե, ռեսուրսի խնդիր ունեն, բայց ունեն մեծ փորձառություն և ընտրազանգված: Համենայն դեպս ՀԱԿ-ի առումով կասեմ, որ որքան էլ այն դիտարկվի թուլացած, տարանջատված ուժ, միևնույն է, բավականին լուրջ մրցակից է: Մեծ հնարավորություններ ունի Նիկոլ Փաշինյանը, ամեն դեպքում չեմ կարծում, որ ընդդիմադիր քաղաքական ուժերի պակաս զգացվի: ԲՀԿ-ն ևս լավ հնարավորություններ ունի, որքան էլ ասեն, որ Գագիկ Ծառուկյանից հետո ԲՀԿ-ն այլևս գոյություն չունի, իրականում այդպես չէ: Պահպանվել են կուսակցության բոլոր կառույցները, կա անգամ համալրում, ԲՀԿ-ն լուրջ հայտ է ուզում ներկայացնել:
-Խաղաղ չեն նաև իշխանական «արշալույսները»: Խոսակցություններ են պտտվում, թե իշխանության վերևներում ևս լարված վիճակ է: Որպես կողքից դիտող, ի՞նչ եք կարծում՝ կհաջողվի՞ իշխանությանն ընդհանուր հայտարարի գալ, թե՞ պառակտումները, պայթյունները հնարավոր են:
-Նախ փաստեր չունենք, որ տարաձայնություններ կան, դրանք ենթադրությունների վրա կառուցված լուրեր են: Տարիներ շարունակ նման խոսակցությունների վկան ենք եղել ու տեսել, որ դրանք վերջնական արդյունքում չեն հաստատվել: Իշխանությունը միշտ կարողացել է իր ուժերը համախմբել և իր իշխանությունը պահել: Իրենք միասնական լինելու լուրջ շարժառիթ ունեն, այն է` պահել իշխանությունը և վերարտադրվել: Նրանք կարողանում են վճռական պահին համախմբվել, եթե անգամ կան տարաձայնություններ:
-Ի՞նչ եք կարծում, ապագա խորհրդարանի պատկերը կենթարկվի՞ լուրջ փոփոխությունների:
-Դա կախված է նրանից, թե ինչ քաղաքական ուժեր կկարողանան խորհրդարան մտնել, ինչ կոալիցիաներ կձևավորվեն: Դանդաղ սերնդափոխություն պետք է լինի: Իհարկե, միանգամից չպետք է միջին և ավագ սերնդին մեջտեղից հանել: Սա նաև սխալ է, քաղաքականության մեջ փորձը շատ կարևոր է: Կարծում եմ, որոշակի սերնդափոխություն տեղի կունենա հենց ՀՀԿ-ում: Իրենք էլ են գիտակցում, որ մինչ այսօր ունեցած կադրային բազայով չեն կարողանա նորից ներկայանալ: Սերնդափոխություն անհրաժեշտ է, բայց այն պետք է կտրուկ չլինի: Պետք է ողջունել երիտասարդների ներկայացվածությունը:
-Շմայսներից, թոխմախիմհերներից ու նման մյուս մանդատավորներից խորհրդարանը «կազատվի՞»:
-Դա կախված է ՀՀԿ վերնախավի քաղաքական կամքից: Եթե կարծում են, որ նման կերպարները վարկաբեկում են իրենց, ուրեմն պետք է մտածեն, թե ումով կարելի է նրանց փոխարինել:


Զրուցեց
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ