Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Շիրակը Հայաստանի մասն է, ոչ մի դաշնակ, հնչակ չեն կարող մարզը վերցնել»

«Շիրակը Հայաստանի մասն է, ոչ մի  դաշնակ, հնչակ չեն կարող մարզը վերցնել»
19.02.2016 | 08:40

ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության պաշտոնականացման ձգձգումն արդեն զավեշտալի է դառնում, և սա այն դեպքում, երբ մամուլը հասցրել է դաշնակցությանը կառավարության մաս և պաշտոնների տեր դարձնել: Հայտնի է, որ Շիրակի մարզը ևս «տրվելու» է ՀՅԴ-ին: Այս և Գյումրու քաղաքապետի առաջիկա ընտրության շուրջ զրուցեցինք Գյումրի քաղաքի ավագանու անդամ, «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ հետ:

-ՀՀԿ-ն որոշել է Շիրակը «տալ» դաշնակցությանը: Սա ի՞նչ փոփոխություն է խոստանում մարզին:
-Ոչ ոք իրավունք չունի մարզը ինչ-որ մեկին տալու: «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Շիրակը Հայաստանի մասն է, ոչ մի դաշնակ, հնչակ չեն կարող մարզը վերցնել (գյումրեցու հումորով սկսեց զրուցակիցս- Ռ.Խ.): Մենք արդեն ունեցել ենք դաշնակցական մարզպետ, որն իր գիտելիքներով, կարողություններով, կառավարչական հմտությամբ չի փայլել: Ընդհանրապես, մարզերի «իմ» ու «քոնն» անելը խոսում է խորքային կոռուպցիայի, վարչական ռեսուրսի տիրապետման մոլուցքի մասին:
-Ի դեպ, ըստ տեղեկությունների, ՀՅԴ-ն չի ցանկանում Շիրակի մարզպետի պաշտոնը, քանի որ խնդիրներով լի մարզ է:
-Ի՞նչ է, կոնֆե՞տ ես ուզում, գնա Սյունիքի մարզը վերցրու, այնտեղ «ամեն ինչ կարգին» է, Սյունիքում շարունակեք ֆեոդալիզմը: Մարզերի զարգացումը որոշվում է Երևանում, խտրականությունը մայրաքաղաքի և մարզերի միջև որոշվում է կառավարական տանը:
-Մարզպետների կուսակցական պատկանելությունն ի՞նչ որոշիչ ազդեցություն է ունենում: Կապ ունի՞, թե մարզպետը որ կուսակցության անդամ է:
-Նախկինում ուներ այդ ազդեցությունը: Մի շարք պետական հաստատությունների ղեկավարները և կոլեկտիվը կուսակցականացվել են: 2011-ին հարցում անցկացրինք 20 խոշոր քաղաքների դպրոցների ղեկավարների շրջանում, պարզվեց, որ նրանց 70 %-ը ՀՀԿ-ական է, հիմա երևի 90-95 %-ն է հանրապետական: Եթե ՀՅԴ-ն ստանձնի Շիրակի մարզպետի պաշտոնը, շատ դժվար կլինի ՀՀԿ-ականներին համոզել դառնալու դաշնակցական, մանավանդ որ դպրոցների ՀՀԿ-ական տնօրենները գիտեն, որ ՀՅԴ-ն կախված է տարվա եղանակից, Սերժ Սարգսյանի կամքից, իրենց ախորժակից, «գնացող-եկող» է, իսկ ՀՀԿ-ն «հավերժական» է: Եթե մարզպետը լինի դաշնակցական, մարզի զարգացման հարցում որևէ շոշափելի ազդեցություն չի լինելու: Մյուս կողմից էլ, հայեցողական շատ քիչ պաշտոնյաների նա կարող է փոխել, մնացածը քաղծառայողներ են: Շիրակի մարզի, Գյումրի քաղաքի բնակչությունն այն խեղճերից չէ, որ քաղծառայողին ասեն` դու թռար, էստեղ գալու է իմ մորքուրի տղեն: Սյունիքում կարող են դա անել, Շիրակի մարզում դժվար կլինի:
-Տեսակետ կա, որ ՀՅԴ-ին մարզպետների պաշտոնները պետք են, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրություններում կարողանան մարզերից իրենց քվեներն ապահովել:
-Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱԺ ընտրությունից ընտրություն ՀՅԴ պատգամավորների թիվը խորհրդարանում պակասում է: Իմ համոզմամբ, ընտրությունից առաջ ՀՀԿ-ին եղբայրանալու կամ քույրանալու մղումը պայմանավորված է ԱԺ-ում տեղերի երաշխիքներ ստանալով: Գուցե սխալվում եմ: Իրենք կասեն՝ հանուն հայրենիքի են «կոալիցվում», հետո «ապակոալիցվում»: Մարզում որևէ դրական տեղաշարժ դժվար է սպասել, ավելին` գուցե նահանջ լինի: Որքան հասկանում եմ, եղածներից Ցոլակյան Ֆելիքսը, որպես մարզպետ, ավելի բարեխիղճ է եղել, կանոնավոր է աշխատել, իր աշխատակազմը պատասխանատու է պահել: Գուցե սխալվում եմ, բայց որևէ մեկը ՀՅԴ-ում ինձ չի ներկայանում առավել պատրաստված: Շատ հաճախ պետական իշխանության դարդը մարզերում դժգոհության բռնկումները, ըմբոստությունները, ցույցեր թույլ չտալն է դառնում, սնուցում, ֆինանսավորում են մարզերը, որ դրանք հանկարծ չդառնան ըմբոստության օջախներ: Իսկ Շիրակի մարզն ապացուցել է, որ հասարակական տրամադրությունների առումով շատ դժվար կառավարելի է:
-«Խնդրառատ» մարզի համբավ ունեցող Շիրակին ինչպիսի՞ մարզպետ է պետք:
-Ամենահրաշալի մարզպետն անգամ ոչինչ չի կարող փոխել, որովհետև խնդիրը պետական «գռփող» քաղաքականության մեջ է: Չնչին գումարներ են պետք որոշ խնդիրներ լուծելու համար, ասում են` չկա, բայց պետք է Գալուստ Գրիգորիչի համար հերթական թանկարժեք մեքենան գնել, կա: Այսինքն, անարդյունավետ շատ ծախսերի համար փող միշտ կա: Որևէ մարզպետ հրաշագործություն անել չի կարող, կարելի է, իհարկե, կառավարության հետ լեզու գտնել և մի քիչ ավելի ֆինանսավորում ստանալ, քան մեկ այլ մարզ: Սա էլ խելքի, կարողության, շնորհքի, ազդեցության հարց է, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ մարդկանց էլ բյուրոկրատական ճահիճն է քաշում։
-Առաջիկայում նախատեսվում է նաև Գյումրու քաղաքապետի ընտրությունը, և արդեն ապագա քաղաքապետի թեկնածուների մի քանի անուններ են շրջանառվում: Նրանցից ո՞վ է Ձեզ համար նախընտրելի:
-Նախ՝ դեռ պարզ չէ, թե ինչ ընտրակարգով պետք է լինի ընտրությունը: Կա երկու տարբերակ. առաջինը` գործող կարգը` ուղիղ ընտրությամբ, երկրորդը` «երևանյան» տիպի ընտրություն, ինչն իշխանության ցանկալի ընտրակարգն է: Հայտնի են մի շարք թեկնածուներ` գործող քաղաքապետը, ԱԺ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Հովհաննես Մարգարյանը և նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ես այդ չորսից ոչ մեկին չեմ նախընտրում, ամեն մեկը, իր արժանիքներով հանդերձ, ունի բազում թերություններ: Կարևոր հարց է՝ նրանք քաղաքի ոչ թե զարգացման, այլ փրկության ի՞նչ ծրագիր ունեն: Մեկը տասը տարուց ավելի եղել է քաղաքապետ, մյուսը` երեք-չորս, մյուսները երկար տարիների պատգամավորներ են: Նրանք քաղաքի փրկության ի՞նչ ծրագիր ունեն, ցույց տվեք: Վախենամ՝ ոչ մեկն էլ չկարողանա քաղաքն այս փոսից հանելու ծրագիր ներկայացնել: Փոսը շատ խոր է՝ բնակչության 15 %-ը տնակներում է, 45-47 %-ը՝ աղքատ, երեխաների կեսը սոված է քնում, արտագաղթն ահռելի ծավալների է հասել: Մնացել է նախաերկրաշարժյան բնակչության 30-35 %-ը, տնտեսական ցուցանիշներն էլ շատ ցածր են, ունենք ընդամենը 7 մլն դոլարանոց բյուջե, իսկ քաղաքի անհետաձգելի կարիքի համար պահանջվում է շուրջ 150 մլն դոլար, որից 40-45 մլն դոլարը անօթևանների խնդրի կարգավորումն է պահանջում: Ով հավակնում է այդ պաշտոնին, պետք է ասի, թե ինչպես է տարեկան 7 մլն դոլարով կարգավորելու այդ խնդիրները: «Հորս արև, լավ կաշխատեմ, լավ կկառավարեմ» ասելը շատ քիչ է, լավ ծրագրեր են պետք: Տեսնենք, ինչ կլինի:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ