Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Հյուրախաղերի հարցում «Ռեալի» մոտ ինչ-որ բան այն չէ

Հյուրախաղերի հարցում «Ռեալի» մոտ ինչ-որ բան այն չէ
23.02.2016 | 10:15

Զիդանյան ժամանակների Մադրիդի «Ռեալի» համար, կարծես, պրոբլեմային են դառնում արտագնա խաղերը, ու դա այս անգամ «Մալագայի» ձեռամբ, մասամբ էլ Ռոնալդուի օժանդակությամբ, ով խաղային դրվագներից մեկում դարձավ հրաշալի գոլի հեղինակ ու անփառունակորեն վրիպեց տասնմեկմետրանոցից` թիմին զրկելով կենսական երեք միավորից, արքայականի վրիպումից չկարողացավ օգտվել մադրիդյան «Աթլետիկոն», «Լաս Պալմասի» հետ խաղում «Բարսելոնը» սովորականի պես տպավորիչ չէր, սակայն հաղթած վերադարձավ տուն, «Յուվենտուսի» հետ խաղում «Բոլոնիան» հրաշալի նվեր արեց «Նապոլիին», ու սկուդետեում երկիշխանություն հաստատելու համար վերջինիս մնում է սեփական հարկի տակ ընդամենը հաղթել «Միլանին», եթե այդ ընդամենն ընդամենը ընդամեն է, գավաթային խաղում «Չելսին» քարտեզի վրայից ջնջեց «Մանչեստր Սիթի» անունն ու դա արեց ստորացնող առավելությամբ և արդյունքի տեսանկյունից բնավ էլ նշանակություն չունի, որ Պելեգրինին հիմնականում խաղացրել է փոխարինող կազմը, «Պարի Սեն Ժերմենը» շարունակում է բարձր տոնուսի մեջ մնալ, քանի որ Ֆրանսիայում չկա մեկ այլ թիմ, որ կարողանա նրան համաքայլ լինել:

ԻՍՊԱՆԻԱ
Քսանհինգերորդ տուրը լա լիգայում սպառնաց լինել սահմանային ու ահա թե ինչու: Արտագնայում Մադրիդի «Ռեալը» երկու թանկարժեք միավոր կորցրեց «Մալագայի» հետ խաղում (1:1) ու չեմպիոնական մրցավազքում արդեն ամբողջ ութ միավորով է հետ մնում «Բարսելոնից»: Նույնքան միավորով կատալոնյան ակումբից հետ է արդեն և առաջնության ոսկու հավակնորդներից մյուսը՝ Մադրիդի «Աթլետիկոն», որը նույնպես երկու նույնքան թանկարժեք միավորի կորուստ ունեցավ «Վիլյառեալի» հետ խաղում՝ 0:0: Իսկ մադրիդյան ակումբների մինուս վեցը մինուս ութի վերածվեց այն բանից հետո, երբ Կանարյան կղզիներ ուղևորությունից «Բարսելոնը» վերադարձավ երեք միավոր վաստակած՝ 2:1: Ինչ խոսք, որ այդ հաղթանակը սպասվածի պես տպավորիչ չէր. «Բարսելոնին» հարկ եղավ պահանջվածից շատ ավելի քրտնել առաջնությունում մնալու խնդիրներ լուծող «Լաս Պալմասի» հետ խաղում, բայց չմոռանաք, որ այն հաղթական էր ու, պատկերավոր ասած, կրնկի վրա բաց են Կոստանդնուպոլիս տանող ճանապարհի դարպասները: Նշենք, որ ընթացիկ օրացուցային տարում սա կատալոնցիների տասներեքերորդ հաղթանակն էր, իսկ Սուարեսի գոլը տասներկուերորդն էր վերջին յոթ խաղում, քսանհինգերորդը՝ մրցաշրջանում:
«Բարսելոնն» ունի 63 միավոր:

ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայի հերթականում երեքական միավոր վաստակեցին թե Մյունխենի «Բավարիան», թե Դորտմունդի «Բորուսիան»: Առաջինի առջև ծնկեց «Դարմշտադտը» (3:1), երկրորդը դժվարագույն հաղթանակ կորզեց նախորդ տուրի արդյունքներով երրորդ հորիզոնական բարձրացած «Բայերից»՝ 1։0 Նկատենք, որ սա դորտմունդցիների երկրորդ անընդմեջ հաղթանակն է նվազագույն առավելությամբ, մինչդեռ նրանք ոչ վաղ անցյալում աչքի էին ընկնում գոլառատ խաղերով ու նաև դրա համար էին գրավիչ: Նախորդ տուրում կրած պարտությունը որոշակիորեն կոմպենսացրեց «Հերտան»՝ սեփական հարկի տակ մեկական գոլ փոխանակելով «Վոլֆսբուրգի» (1:1) ու տեղը փոխելով «Բայերի» հետ:
Մյունխենցիները 59 միավորով առջևում են, դորտմունդցիներն ունեն 51, «Հերտան»՝ 36 միավոր:
ԻՏԱԼԻԱ
«Յուվենտուսի» հետ տնային խաղում «Բոլոնիան» «ծեր սինյորային» բացատրեց, որ «Նապոլիի» հետ հաղթական խաղ ունենալն ուրիշ բան է, իր հետ նման զգացողություններով խաղալը՝ բոլորովին ուրիշ բան: Արդյունքում բոլոնիացիները «Նապոլիին» միավորներով առաջատարին հավասարվելու հնարավորություն տվեցին, բայց դրա համար նրանք դեռ պիտի կարողանան հաղթել «Միլանին» (հանդիպումը կայացել է երեկ ուշ երեկոյան): «Ատալանտայի» հետ խաղում «Ֆիորենտինայի» հաղթանակը հեշտերից չես անվանի (3:2), սակայն կարևորը վաստակած երեք միավորն էր ու երրորդ հորիզոնականը հօգուտ իրեն ամրագրված պահելը:
«Յուվենտուսն» ունի 58, «Ֆիորենտինան»՝ 52 միավոր:
ՖՐԱՆՍԻԱ
Փայլուն մարզավիճակում գտնող շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը, ով իր իսկ խոստովանությամբ անցկացնում է մարզական կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկը, ակտիվ մասնակցություն ունեցավ «Ռեյմսին» ջախջախելու գործում՝ դառնալով երկու գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ (4:1): Փարիզցիների այս չարացածությունը հանգիստ կարելի կլիներ բացատրել թե առաջնության վերջին խաղում «Լիլի» հետ գոլազուրկ հանդիպման դժգոհությամբ, թե Չեմպիոնների լիգայում «Չելսիի» նկատմամբ ունեցած հաղթանակի ոգևորությամբ, եթե խոշոր հաշվով հաղթանակները նրանց համար տոնի պես բան լինեին, ինչը, գիտեք, այդպես չէ, եթե չասենք ավելին՝ նորմալ երևույթ է: Իր հերթին երկրորդ տեղում ընթացող «Մոնակոն» էլ առանձնապես բարեհամբույր տանտեր չեղավ «Տրուայի» համար՝ 3:1: «Սենտ Էտիենը» երրորդ տեղում մնալու քննություն հանձնեց «Մարսելին»: 41-ից ավելի միավոր կարող էին ունենալ երրորդ-չորրորդ հորիզոնականները կիսող «Նիցցան» ու «Սենտ Էտիենը», սակայն երկուսն էլ ոչ-ոքի են խաղացել (ի դեպ՝ արտագնայում) համապատասխանաբար «Բորդոյի» (0:0) ու «Մարսելի» հետ (1:1): Նշենք նաև, որ հաղթանակի դեպքում երրորդ հորիզոնական կարող է տեղափոխվել 39 միավոր ունեցող ու մեկ պակաս խաղ անցկացրած «Նանտը»:
ՊՍԺ-ն ունի 73, «Մոնակոն»՝ 49 միավոր:

ԱՆԳԼԻԱ
Երկրի գավաթի մեկ ութերորդի շրջանակում «Հալի» հետ իր սաների գոլազուրկ ոչ-ոքիից դժգոհելու բոլոր հիմքերն ունի Արսեն Վենգերը, քանզի առանց այն էլ խաղային խիտ գրաֆիկի պայմաններում ևս մեկ ավելորդ հանդիպում ունենալը չափազանց հոգնատանջ է: Սակայն ոչինչ չես կարող անել, քանզի գավաթային հանդիպումների օրենքն է այդպիսին, ու հետևություն անողները նախ իրենք` լոնդոնցիներն էին լինելու: Փոխարենն իր հարցերն արտակարգ թեթևությամբ լուծեց «Չելսին» ու սա, ոչ ավել, ոչ պակաս, «Մանչեստր Սիթիի» հետ դիմակայությունում: Հանդիպման 5:1 հաշիվն ավելի քան սառը ցնցուղ է «քաղաքաբնակների» համար, սակայն եկեք խոստովանենք, որ Պելեգրինին խաղադաշտ է հանել գերազանցապես երիտասարդ ֆուտբոլիստների փոխարինողների կազմից. խաղացողների կեսից ավելին քսան տարեկան էլ չի եղել: Նույնպիսի հաշիվ գրանցվեց և «Վեստ Հեմ»-«Բլեքբերն» մրցակցությունում, իսկ ահա «Տոտենհեմ»-«Կրիստալ Պելաս» հանդիպման ելքը որոշեց հյուրերի խփած միակ գոլը: «Ռեդինգը» 3:1 հաշվով առավելության է հասել «Վեստ Բրոմվիչի» նկատմամբ, «ՈՒոտֆորդը» գերազանցել է «Լիդսին» (1:0), «Էվերտոնը»՝ «Բորնմուտին»՝ 2։0:
Համաձայն վիճակահանության, գավաթի մեկ քառորդում իրար հետ կմրցեն «Ռեդինգն» ու «Կրիստալ Պելասը», «Էվերտոնն» ու «Չելսին», «Արսենալ»-«Հալ» դիմակայության հաղթողն ու «ՈՒոտֆորդը», «Շրուսբերի Թաուն»-«Մանչեստր Յունայթեդ» մրցակցության հաղթողն (այս խաղը կայացել է երեկ) ու «Վեստ Հեմը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 851

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ