Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Կանխատեսելու նոստրադամուսյան ունակություններին հավակնելը տեղին չէ

Կանխատեսելու նոստրադամուսյան ունակություններին հավակնելը տեղին չէ
26.02.2016 | 11:40

Երեքշաբթի-չորեքշաբթի կայացան Չեմպիոնների լիգայի լավագույն ութնյակում հայտնվելու համար պայքարի ելած հաջորդ քառյակի հանդիպումները: Ինչ խոսք, որ դրանք նախորդից ուժեղ էին իրենց որակական կազմով: Բավական է հիշել, որ երեքշաբթի մրցած զույգերից երկուսը` «Բարսելոնն» ու «Յուվենտուսը», նախորդ Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցներն էին, էլ չենք ասում, որ վերջինիս մրցակիցը համաշխարհային գրանդ ակումբներից մեկն էր: Թեպետ մանրամասնելու հարկ չկա, սակայն բոլոր դեպքերում ասենք, որ խոսքը Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարած Մյունխենի «Բավարիայի» մասին է:

ԿԱ ՄԵՍԻ, ՈՒ ԿԱՆ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ
Չեմպիոնների լիգայի այս փուլը կատարյալ փորձանք է դարձել Արսեն Վենգերի ու նրա սաների համար: Վիճակահանությունը դաժան հետևողականությամբ «Արսենալին» մրցակից է բաժին հանում ակումբների, որոնց շրջանցելը ճակատագրորեն դառնում է անիրականանալի: Իհարկե, «Բարսելոնի» հետ պատասխան խաղը դեռ կա, ու լոնդոնցիները կփորձեն ինչ-որ բան անել, բայց հավատալ որ այդ ինչ-որ բանը կարող է բացել քառորդ եզրափակչի դռները, անհավանականության տեսությունից է, թեպետ սույնով արդեն իսկ առաջին ոտնձգությունն արեցինք վերնագրի նկատմամբ:
Լոնդոնյան հանդիպումում զինագործները հնարավոր ամեն ինչ արեցին պատվարժան ներկայանալու համար, սակայն նրանց ողբերգությունն է, որ բարսելոնյան ակումբը թե՛ անհատապես, թե՛ կոլեկտիվ մտածողությամբ այլ ուղեծրում գտնվող թիմ է: Այդ ուժին դիմակայելու համար «Արսենալից» հավանաբար պահանջվում էր խաղի ողջ ընթացքում գործել այնպես, ինչպես առաջին կեսում, սակայն այս դեպքում էլ չկար հարյուրտոկոսանոց երաշխիք, որ կատալոնցիները զինանոցում չէին ունենա «Պլան Բ» կամ «Պլան Դ»:
Եթե փոքր-ինչ տնավարի ասելու լինենք, բարսելոնցիները փորձառու որսորդի պես ամբողջ առաջին խաղակեսը վազեցրին որսին, քամեցին, շնչահեղձ արեցին, ապա նոր անցան «պրոցեդուրայով» սահմանված մյուս գործողություններին: Իսկ այն, որ կա Մեսի, ու կան մնացածներ, կարծում եմ, ևս մեկ անգամ առարկայնորեն հաստատվեց: Այս բաժանարարը մենք դնում ենք ոչ թե մնացածներին թերագնահատելու, այլ Մեսիի կոսմիկական մեծությունը շեշտելու համար: Գոլերով ավարտված երկու փառահեղ անցում (դրանցից մեկում մինչհարվածյա դադարը պարզապես գրոսմայստերական էր), ու մրցակիցը վերածվեց դիտորդի: Ինչ վերաբերում է նրան, որ արգենտինացուց յոթ խաղ պահանջվեց Պետեր Չեխի պաշտպանած դարպասը գրավելու համար, նման բաներին կարևորություն մի տվեք, ինչպես որ դրան կարևորություն չի տալիս ինքը, ում համար շատ ավելի կարևորը ձեռք բերված հաղթանակն էր:
Եվս մեկ բան «Արսենալ»-«Բարսելոն» դիմակայությունից, ու փակենք թեման: Աշխարհում ամենազիլ բանը օբյեկտիվությունն է, ու իսկապես պիտի հավուր պատշաճը մատուցել «Արսենալի» ղեկավարին իր իրատեսության համար. «Նրանք մեզնից ուժեղ են, և դրանում ամոթալի ոչինչ չկա: «Բարսելոնը» Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնն է, ու դա պատահական չէ»: Եթե հիշում եք, ժամանակին նման մի արտահայտություն էլ արել էր լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնը «Բարսելոն»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունից հետո:

ՄԱՆՐՈՒՔՆԵՐԻ ՄԵՋ ԲՆԱԿՎՈՂ ՍԱՏԱՆԱՆ
Ինչպես և սպասվում էր, հանդիպումը սկսվեց մյունխենցիների ահասարսուռ գրոհներով: Գվարդիոլան այս տակտիկան օգտագործում է ոչ միայն նրա համար, որ «Բավարիան» ունի ահռելի պոտենցիալի հարձակման գիծ: Սա նաև կոմպենսացնում է այն թուլությունը, որ կա նրա թիմի պաշտպանական օղակում, իսկ ավելի ճշգրտված, պաշտպանության կենտրոնում, որն էլ, առաջ անցնելով ասենք, ի վերջո հանդիպումը բերեց նման հանգուցալուծման:
Բավարացիների առաջին գոլը հետևանք էր մրցակցի պաշտպանության կենտրոնում առաջացած վայրկենական շփոթի, ու Մյուլլերն արեց իրենը: Շատ ավելի պարադոքսային էր Ռոբենի կողմից դարպասի գրավումը: Ամենայն հավանականությամբ, աշխարհում չկա գոնե մեկ ֆուտբոլասեր, էլ չեմ ասում մարզիչ, որ չիմանա՝ հոլանդացու գլխավոր զենքն է աջ եզրից մեկ-երկու խաբքով կենտրոն մտնելն ու ընդգծված կորով դարպասին հարվածելը: Գիտեն ու կուլ են տալիս խայծը, գիտեն ու թույլ են տալիս այդպես անելը, գիտեն ու արդարացիորեն պատժվում են դա գիտենալու ու դեմն առնել չկարողանալու համար:
Հատկապես նման խաղերում 2:0-ն ահռելի մեծ առավելություն է: Սակայն Մասիմիլիանո Ալեգրին կարողացավ գտնել իր թիմի խաղը բեկելու բանալին: Հոգնած Խեդիրայի փոխարեն խաղադաշտ մտած Ստուրարոն կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը, ի դեպ,՝ նույնպես փոխարինման ելած Մորատիի փոխանցումով, իսկ նրանից առաջ գոլի հեղինակ էր դարձել Դիբալան՝ օգտվելով Մանջուկիչի հրաշք փոխանցումից:
ՈՒշադիր ընթերցողը նկատած կլինի, որ խաղերի տեսությունը ներկայացնելիս մենք սովորաբար տուրք չենք տալիս մանրամասներին՝ համոզված լինելով, որ ֆուտբոլը սեփական աչքերով տեսնելու, սեփական կաշվի վրա զգալու, յուրաքանչյուր նյարդային բջիջով ապրելու բան է, ոչ թե պատմելու: Պատմում կամ ներկայացնում են թիմի դավանած փիլիսոփայության, գեղագիտական ընկալման, կատարողական վարպետության, ուրիշ այլ հանգուցային բաների մասին` որքան էլ մանրամասներն են էականը, ու սատանան այդ մանրուքներում է:
Հիմա կարող է հարց առաջանալ՝ բա այս դեպքում ինչո՞ւ առարկայական եղա այս դիմակայության հարցում:
Ասեմ՝ վերը նշված պատճառներով:
«Բավարիան» կամ Գվարդիոլան պիտի՛ իմանային, որ երբ խաղադաշտում է Խեդիրան, «Յուվեն» սովորաբար չի պարտվում: «Բավարիան» կամ Գվարդիոլան պիտի՛ հիշեին խաղից առաջ Մանջուկիչի արած հղումը (այդ մասին նախորդ համարում գրել ենք), իսկ եթե դրան կարևորություն չէին տվել, պիտի՛ որ կարևորություն տային այն փաստին, որ ֆուտբոլիստը նույն այդ «Բավարիայից» հեռացել էր վիրավորված ու ձեռքից բաց չէր թողնելու վրեժը լուծելու առիթը: Բա ի՞նչ եք կարծում՝ Ալեգրին երեկվա տղան է՞, որ շատ ավելի «գազան» վիճակում գտնվող Մորատային պահում է պահեստային նստարանին ու մրցակցին քրքրելու նախապատվությունը տալիս է հորվաթ հարձակվողին: Չմոռանա՜ք՝ այն Մորատային, ով գրանդ ակումբներին պատժելու առանձնահատուկ կիրք ունի: Հիշում եք, չէ՞, թե անցած Չեմպիոնների լիգայում իրեն ծնած, շահած, պահած «Ռեալի» հետ ինչպես վարվեց: Էլի թվարկումներ կարող եմ անել, սակայն բավարարվենք սրանցով: Բա որ ասում եմ՝ սատանան մանրուքների մեջ է (սատանայի այսօրինակ վկայակոչումը, ի դեպ, մերը չէ. դա մեզնից շատ ավելի առաջ արել է մի շատ ավելի լուսավոր գլուխ, իսկ մենք ընդամենը ցիտում ենք նրան):
Եվ այնուամենայնիվ, 2:2-ը շատ ավելի ձեռնտու հաշիվ է այդ նույն «Բավարիայի» համար, որը «ծեր սինյորայի» հետ դեռ պատասխան հանդիպում ունի, այն էլ՝ սեփական հարկի տակ, ու շարունակում է մնալ մրցակցության ֆավորիտը, ինչպես կարծում են մասնագետներից շատերը: Իսկ գուցե այս ընկալումը շատ ավելի ձեռնտու է Մասիմիլիանո Ալեգրիին, ով, ի՞նչ իմանաս, թե մտքում ինչ մշակումներ ունի դիմակայության վերջնարդյունքի հարցում, մանավանդ որ, ո՛չ 0:0-ն, ո՛չ էլ1:1-ը նրա թիմին դուրս չի բերում մեկ քառորդ, իսկ 2:2-ը բազմաթիվ հարցականների տեղ է թողնում: Ստեղծված իրավիճակում միակ ելքը մնում է հաղթելը, իսկ հանուն դրա արժի խիզախել: Ինչո՞վ բավարար մոտիվացիա չէ: Միաժամանակ նկատենք, որ քչերին է հաջողվել Մյունխենում հաղթել «Բավարիային»:

ՔՉՈՎ ԲԱՎԱՐԱՐՎՈՂ, ՍԱԿԱՅՆ ՇԱՏԸ ՁԵՌՔ ԳՑՈՂ ՍԻՄԵՈՆԵՆ
Ներքին առաջնությունում հոլանդական «Էյնդհովենը» ութ անընդմեջ անպարտ խաղերի սերիայով առանձնացող թիմ է, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով, եկեք ձվերը մի զամբյուղում դնենք, ընկույզները՝ մեկ այլ: Չեմպիոնների լիգան մնում է Չեմպիոնների լիգա, իսկ «Աթլետիկոն» էլ հոլանդական առաջնության թիմ չէ: Ավելին, ձեզ մի գաղտնիք բացեմ, ինչը կարող է և մոռացած լինեք. «Աթլետիկոն» ներկայացնում է իսպանական առաջնությունն ու ոսկու համար «քյալլա» է տալիս համաշխարհային այնպիսի գրանդ ակումբների հետ, որպիսիք են «Բարսելոնն» ու «արքայականը»:
«Էյնդհովեն»-«Աթլետիկո» դիմակայությունը տխուր ոչ մի կերպ չես անվանի, որքան էլ խաղավարտից հետո լուսատախտակի վրա 0:0 հաշիվն էր: Իհարկե, կարելի է մի փոքր տարակուսել այն բանի համար, որ մոտ կես ժամի չափ ունենալով թվային գերազանցություն, մադրիդցիները չկարողացան «թացացնել» հաշիվը, բայց ի՞նչ իմանաս, որ, չնայած խաղի կարևորությանը, Սիմեոնեն ավելի շատ մտքում չուներ ներքին առաջնությունում «արքայականի» հետ գերկարևոր հանդիպումն ու տղաների ուժերը չէր խնայում հենց այս խաղի համար, որի նշանակությունը դժվար է գերագնահատել: Հիշեցնենք, որ նրանք կռիվ են տալիս եթե ոչ երկրի առաջին, գոնե երկրորդ թիմ ճանաչվելու համար: Մի խոսքով, չասենք բարձրագույն մաթեմատիկա է այս ամենը, բայց որ գոնե պարզագույն թվաբանության հայտ է ներկայացնում, անվիճելի է, իսկ մե՜նք` գուշակության ցավով տառապողնե՜րս, մոռացած բազմաթիվ այսօրինակ գործոններ, ավարտված խաղից հետո ենք միայն հիշում հավելյալ կարևորությունների մասին ու զարմանում, թե ինչու այս անգամ էլ վրիպեցինք մեր կանխատեսումներում:
Էյնդհովենյան ոչ-ոքին «Աթլետիկոյին» ոչնչով չի ազատում սեփական հարկի տակ մրցակցին հաղթելու պարտավորությունից, եթե թիմը, ինչ խոսք, Չեմպիոնների լիգայի հետ կապված հույսեր է փայփայում, մի բան, որին դժվար է կասկածելը: Սպասենք, սպասենք այս պատասխան հանդիպմանը, որը խոստանում է ինտրիգային լինել, որքան էլ «Աթլետիկոն» ակնհայտ ֆավորիտ է համարվում:

ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ՈՉ ՄԻՇՏ Է ԱՌՈՂՋԱՐԱՐ
«Մանչեստր Սիթիի» հետ խաղին Կիևի «Դինամոն» դաշտ դուրս եկավ ձմեռային տևական արձակուրդից հետո: Իհարկե, այս ընթացքում թիմն ընկերական հանդիպումներ ունեցել էր, սակայն դրանք մի բան են, պաշտոնական հանդիպումներն իրենց պարտավորեցնող բնույթով` միանգամայն այլ բան: Պատասխան խաղից առաջ 1։3 հաշվով պարտությունը, այն էլ սեփական հարկի տակ, հոգեբանական ծանր բեռ է, եթե չասենք` մահին հավասարազոր բան ուկրաինացիների համար: Պատասխան խաղում միակ հույսը մնում է «Սիթիի» անկանխատեսելիությունը, որը, չնայած խաղացողների անհամեմատ բարձր կարգին, մեկ էլ տեսար մի աբսուրդ հորինեց: Իհարկե, դժվար է սրան հավատալը, բայց այս լուսնի տակ պակա՞ս անհեթեթություններ են եղել:
Ամփոփենք:
Պատասխան խաղերում այս չորսից առնվազն երկու հրաշք դիմակայություն կունենանք՝ ի դեմս «Բարսելոն»-«Արսենալ» ու «Բավարիա»-«Յուվենտուս» ճակատումների: Առաջինում երկրորդը պիտի լրջորեն ճգնի մարտադաշտն արժանապատվորեն թողնելու համար, երկրորդում կլինի երրորդ համաշխարհային պատերազմը ու հետաքրքրական է, որ պատմությունից հայտնի օրինակով հարցն իր լուծումը դարձյալ ստանալու է գերմանական տառապյալ հողում: Մյուս երկուսի վերաբերյալ սկզբունքորեն ավելացնելու բան չունենք, իսկ եթե ընթերցողը կարծում է, թե ինչ-որ թերասացություն, այնուամենայնիվ, մնաց, թող խոնարհաբար ների, քանզի, եթե կարողանայինք բոլոր հարցերին պատասխանել, էն է, Նոստրադամուսը կլինեինք, սակայն թարսի պես ոչ այդ ֆենոմենալ ֆրանսիացու իմաստնությունն ունենք, ոչ էլ կանխատեսելու շնորհքը: Մյուս կողմից էլ, Աստծուն փառք, որ չունենք, թե չէ ինչ գել-գազան ասես դռներիս էր չոքելու իր հիմար հարցերի պատասխանը գտնելու հույսով` սկսած Ազգային ժողովի պատգամավոր դառնալուց մինչև հարևանի տան լույսի մարելը: Բառիս ուղիղ ու փոխաբերական իմաստներով:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 975

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ