Կես տարի առաջ պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին հաղթած Թայսոն Ֆյուրին օրերս Մանչեստրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ևս մեկ հաղթանակ է տոնել: Ճիշտ է՝ լեզվակռվի մակարդակով, սակայն այդ «մարտն» այնքան ներգործուն է եղել, որ ուկրաինացին չի դիմացել ու պատասխանել է հայհոյախառն բառերով:
Այնքան էլ ոչ հեռավոր սեպտեմբերին, Բետմենի հագուստով հայտնվելով լրագրողների առաջ, Ֆյուրին խոստացել էր գերծանր քաշում աշխարհն ազատել չեմպիոնից, ով տասը տարի շարունակ անմնացորդ տիրություն էր անում այնտեղ: Երկու ամիս անց Դյուսելդորֆում նրան հաջողվեց խոսքը վերածել գործի: Այժմ եկել է մատչ-ռևանշի ժամանակը: «Ես սպասում եմ, որ երկրպագուների մեծ մասը լինելու է Թայսոնի կողմից,- ասել է Կլիչկոն:- Սա նրա հարազատ քաղաքն է, և ես ուրախ եմ, որ ռևանշի կհասնեմ այստեղ»:
Տեղեկացնենք, որ մարտը կայանալու է Մանչեստրում, հունիսի 9-ին:
Ասուլիսի ընթացքում հնչել են մեծ թվով անպարկեշտ բառեր, որոնք, բնականաբար, մենք չենք փոխանցի, միայն շատ մեղմիկ ասենք, որ Ֆյուրին խոստացել է պոկել Կլիչկոյի տղամարդկային արժանապատվությունը վկայող հարստությունը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ