Սուրճը սառում է, շենքերը քանդվում են, ձվերը կոտրվում են, աստղերը մեռնում են տիեզերքում, որ կարծես դատապարտված է գորշ միօրինակության, որ հայտնի է իբրև ջերմային հավասարակշռություն: Աստղագետ ու փիլիսոփա Արթուր Էդինգտոնը 1927-ին էր հայտարարում, որ էներգիայի աստիճանական տարածումը ապացույցն է «ժամանակի նետի» անդառնալիության: Բայց ժամանակի նետի հասկացությունը չի համապատասխանում ֆիզիկայի հիմնական օրենքներին, որ ժամանակի մեջ գործում են ինչպես ուղիղ, այնպես էլ հակառակ ուղղությամբ: Եթե ինչ-որ մեկն իմանար տիեզերքի բոլոր մասնիկների ճանապարհները և հետ դարձներ դրանք, էներգիան կկուտակվեր, ոչ թե կցրվեր՝ սառը սուրճը կտաքանար, շենքերը ավերակույտից վեր կբարձրանային, իսկ արևի լույսը կուղղվեր դեպի Արևը:
Երկու օրից Շուշիի ազատագրման օրն է՝ մեր ազգային ելակետը, երբ դարերով կուտակված կենսական էներգիայի բոլոր մասնիկների ճանապարհները մեկտեղվեցին ու արևի լույսն ուղղվեց դեպի Արևը՝ մեզ համար: Ով՝ ինչպես, ես հավատում եմ, որ ժամանակի նետը վերադառնում է: Ժամանակի նետը միայն ֆիզիկոսների ու փիլիսոփաների համար չէ, ամեն ժողովուրդ ունի իր պատմության նետը, մենք հաճախ ենք կորցրել աղեղը, բայց երբ գտել ենք, մեր նետերը չեն վրիպել՝ Հայկից սկսած: Նետաձիգի մեր դիպուկությունը երբեք չենք կորցրել, ընդամենը աղեղն է թուլացել, բայց ժամանակները ձգում են և աղեղը, դա համատիեզերական օրենք է:
Այսօր ի՞նչ ենք անում մենք: ՀՀ նախագահը հրապարակեց երեք պայմաններ, որոնց կատարման դեպքում Հայաստանը կվերադառնա բանակցությունների: Հրապարակային արձագանքեց միայն Ադրբեջանը: Գուցե օրինաչափ էր, որ հասցեատերն էր առաջին արձագանքողը, բայց եթե հակամարտության մեջ խառնված չլինեին գերտերությունները, հարցը վաղուց լուծված կլիներ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որևէ հայտարարություն չեն արել: Հեռախոսում են Լավրովն ու Քերին, բայց դա նրանց համար արդեն սովորություն է՝ օրը մի քանի անգամ միմյանց զանգահարել, մեկ-մեկ՝ հրապարակել: Իսկ հրապարակվածը նույնն է՝ հարցը պիտի լուծվի խաղաղ բանակցություններով: Իսկ եթե Ադրբեջանը շփման գծում զենք ու զորք է կուտակում, հանուն խաղաղ բանակցությունների՞ է: Եթե Իլհամ Ալիևը անձամբ պարգևատրում է ռազմական հանցագործներին, հանուն խաղաղ բանակցությունների՞ է: Հասցեական հայտարարությունները չե՞ն տեղավորվում աշխարհաքաղաքական սցենարում, որ մշակված է տարածաշրջանի համար, թե՞ աշխարհը սպասում է՝ Ադրբեջանը նորից կրակի, որ արդեն ոչ թե խոսքով, այլ զենքով մտնեն կոնֆլիկտի մեջ: Հարց է, որի պատասխանը առաջինը մենք պիտի ունենանք:
Ֆիզիկոս Ջոն Բելի փորձերով ստուգված թեորեմը հաստատում է, որ չկա մասնիկների «իրական» վիճակ՝ հավանականությունը միակ հասկացությունն է, որ կարող է բնութագրել դրանք: Քվանտային անորոշությունը անխուսափելիորեն հանգեցնում է խառնաշփոթի, որը ժամանակի նետի ենթադրյալ աղբյուրն է: Քաղաքական անորոշությունը՝ նույնպես: Դիվանագիտականը՝ ևս: Բայց ոչ ռազմականը: Շուշին ազատագրող հայ զինվորի թիկունքին սպիտակ խաչ կար, լույսի նշան իրականում, իսկ կռվի մեջ՝ տարբերանշան: Նրանց առաջնորդում էր բերդը գրավելու և Ստեփանակերտի հրետակոծությունը դադարեցնելու հրամանը՝ դա ռազմական խնդիրն էր, ազգային խնդիրը հաղթանակն էր, որ ջնջում էր հնարավորի ու անհնարինի, կարելիի ու չի կարելիի, կուսակցականի ու անկուսակցականի սահմանները: Խաչը տանում էր դեպի փոփոխություն: Այսօր նույն իրավիճակն է՝ բոլորն ամեն ինչ գիտեն, ոչ ոք չգիտի՝ ե՞րբ: Փոփոխության խաչը վերադարձել է՝ գիտակցո՞ւմ ենք, թե՞ ոչ: Որքանո՞վ է այդ տրամաբանության մեջ ԼՂՀ-ի ճանաչումը: Ի՞նչ է փոխվել, որ տարիներ շարունակ Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը ԱԺ օրակարգ չէր մտնում: Փոխվել է իրավիճակը, այլևս ոչ թե Հայաստանն է բանակցությունները դադարեցնում, այլ Հայաստանն արձագանքում է բանակցություններից դուրս գալու Ադրբեջանի ռազմական ագրեսիային:
Ամեն ինչ ճիշտ ու տրամաբանական կլիներ, եթե դա Հայաստանի որոշումն է, ոչ թե Մոսկվայի սցենարը: Մոսկվան խաղում է երկու ճակատով՝ նոր զենք է տալիս ու ռազմական հրահանգիչներ ուղարկում՝ զենքը օգտագործել սովորեցնելու Բաքվին, իսկ Հայաստանին հուշում է քայլեր, որոնց հետևանքները հաղթահարելիս նորից մենակ է թողնելու:
Սառը սուրճը ինքն իրեն չի կարող տաքանալ: Սկզբունքորեն՝ սենյակի մաքուր վիճակի էվոլյուցիային համընթաց սուրճը կարող է առանձնանալ սենյակի ջերմաստիճանից և վերադառնալ նախկին վիճակին: Բայց խառը վիճակները ավելի շատ են մաքուր վիճակներից, և գործնականում երբեք սուրճը իր նախնական վիճակին չի վերադառնա՝ ուզում եք տեսնել, տիեզերքից երկար պիտի ապրեք: Վիճակագրական սակավ հավանականությունը ժամանակի նետը դարձնում է անդառնալի: Խառնաշփոթը վիթխարի տարածք է բացում՝ պատկերացրեք, որ այգի եք մտնում ու ձեր առաջ դարպաս է: Դարպասն անցնելով՝ դուք հավասարակշռությունից դուրս եք գալիս ու հայտնվում եք վիթխարի տարածքում: Դարպասին դուք այլևս երբեք չեք վերադառնա, եթե նույնիսկ հետ դառնաք:
Հետ դառնալու տեղ մենք չունենք: Դարպասը փակել ենք ու կորցրել: Այն, որ այս օրերի իրադարձություններում վերստին Կրեմլի ձեռագիրն է, վկայում է համանախագահների լռությունը: Իհարկե, կա տարբերակը, որ նրանք նախնական համաձայնությամբ են իրավիճակը «հանձնել» Մոսկվային և սպասում են, թե ինչի է հասնելու Կրեմլը: Բայց կա և շփման գծում վերահսկողության մեխանիզմների տեղակայման հարցը: ՌԴ արտգործնախարարը Երևանում հայտարարեց, որ ԵԱՀԿ նախագահող Գերմանիան այդ հարցով պիտի զբաղվի, այնուամենայնիվ, չասելով, որ Ռուսաստանը համաձայն է տեխնիկական միջոցների տեղակայմանը: Կա նաև այլ հարց՝ ասենք, տեխնիկական միջոցները տեղակայվում են հայկական տարածքում, որին Բաքուն առարկել չի կարող: Ի թիվս այլ պատրվակների՝ Էլմար Մամեդյարովն ասել էր, որ դա լեգիտիմություն կհաղորդի Ղարաբաղի ներկա կարգավիճակին, այսինքն, Ադրբեջանը բնավ չի պատրաստվում ընդունել ԼՂՀ-ն իբրև անկախ պետություն: ՈՒ ի՞նչ: Ընդունենք՝ վերահսկողության մեխանիզմները տեղակայվել են, արձանագրվել է, որ հրադադարը խախտում է Ադրբեջանը, ո՞րն է ԵԱՀԿ հաջորդ քայլը, կիրառվելո՞ւ են պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ: Լինելո՞ւ է համարժեք քայլ: Սա է խնդիրը: Դիվանագիտական պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակում են արտգործնախարարները: Նրանք միմյանց չեն հանդիպում, բայց հանդիպում են միջազգային կառույցներում, և եթե նրանց բոլոր ելույթներն ամփոփենք ու ընդհանուր հայտարարի բերենք՝ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ ո՛չ հանդիպումի, ո՛չ բանակցելու, ո՛չ էլ, գուցե պարադոքս է, չհանդիպելու և չբանակցելու: Սերժ Սարգսյանը մանրամասնեց Կազանի բանակցությունները, Էլմար Մամեդյարովը պատասխանեց փուլային լուծման՝ ռուսական առաջարկով ու ստացավ Շավարշ Քոչարյանի պատասխանը՝ առաջին փուլում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը և Ադրբեջանի գրաված տարածքների վերադարձի հարցն է: Փաստորեն՝ նորից փակուղի: Բաքուն, իր հայտարարությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչի: Ադրբեջանը դնում է տարածքային ամբողջականության վերականգնման խնդիր՝ ապրիորի փախստականների վերադարձով: ՈՒ ո՞րն է այստեղ Մոսկվայի խաղը: Վերադա՞րձ ստատուս քվոյին, բայց հանուն անվտանգության ապահովման՝ խաղաղապահների տեղակայումով:
Ժամանակի նետի մի առեղծված մնում է չբացահայտված: Ֆիզիկոսները չեն կարողանում բացատրել՝ ինչո՞ւ եք դուք սկսում այգու դարպասից՝ ինչո՞ւ ի սկզբանե տիեզերքի վիճակը հեռու էր հավասարակշռությունից՝ Մեծ պայթյունի՞ պատճառով:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Պրահայում ԵՄ Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի հանդիպման ժամանակ ասաց. «Բաքուն շարունակաբար մերժել է խնդրի բացառապես խաղաղ կարգավորման միջազգային հանրության կոչերը: Ապրիլի սկզբին, Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունները պատճառ են դարձել բազմաթիվ զոհերի և վիրավորների, դրանք, միաժամանակ, ուղեկցվել են միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով: Չնայած Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կնքած զինադադարի հաստատման վերաբերյալ 1994 թ. և հրադադարի ամրապնդման 1995 թ. եռակողմ համաձայնագրերն անվերապահ կատարելու վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների պարբերական կոչերին՝ Բաքուն փորձեր է կատարում կասկածի տակ դնելու այդ համաձայնագրերի վավերականությունը` ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում համապատասխան նամակներ տարածելու ճանապարհով: Այդ փորձերը ձախողվեցին Մինսկի խմբի համանախագահ երկրների արագ արձագանքի շնորհիվ, որոնք կոչ արեցին ամբողջովին հարգել 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերը»:
Նախարարն ասել է, որ Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնում է ծանր զինտեխնիկա և զորքեր, ուժգնացնում է ռազմատենչ հռետորաբանությունը և սադրիչ քարոզչությունը միջազգային հարթակում` փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք անկանխատեսելի հետևանքներ կունենան տարածաշրջանի համար. նա օրվա հրամայական է համարել կանխել ապրիլի սկզբին կատարվածի կրկնությունը, երաշխավորել, որ խնդրին ռազմական լուծում տալու վտանգավոր փորձերն արդյունավետ կսանձահարվեն:
Նույն օրը ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին Մոսկվայում ասել է. «ԼՂՀ ճանաչումը սադրանք է: Թեև ադրբեջանական տարածքի գնդակոծությունները շարունակվում են, Ադրբեջանն այսօր էլ պատրաստ է խաղաղ բանակցությունների շարունակմանը: Կարծում եմ, որ նման որոշում կայացնելու դեպքում ողջ պատասխանատվությունը լինելու է ՀՀ պատգամավորների և ՀՀ ներկայիս ղեկավարության ուսերին: Հետևանքները շատ բացասական կլինեն: Եթե այս հարցը չհանգուցալուծվի, մենք պատրաստ ենք խնդրի ռազմական լուծմանը: Իհարկե, ցանկալի չէր լինի, որ մարդիկ զոհվեն, դագաղներ ուղարկվեն ռազմաճակատից, չէինք ուզի, որ հողն այրվեր, բայց մեզ այլ ելք չեն թողնում»: Իսկ Ղարաբաղում համոզված են, որ ԼՂՀ միջազգային ճանաչումը կապահովի բանակցային գործընթացի անդառնալիությունը, թույլ կտա «բանակցող կողմերին կենտրոնանալ բուն խնդիրների վրա՝ ինչպես ապահովել խաղաղ գոյակցության պայմաններ երկու անկախ պետությունների համար, որոնք ձևավորվել են տարածաշրջանում Խորհրդային Միության փլուզումից, դրան հետևած պատերազմից հետո»՝ ասել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը:
Մասնիկների ճանապարհների խաչաձևման միակ վայրն ամբողջ տիեզերքում ժամանակն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. ՈՒ ի՞նչ: Ի սկզբանե եղել է սխալ, որը պիտի ուղղվի հիմա: Պատերազմում հաղթած և պարտված կողմերը դրվել են նույն հարթության մեջ: Իսկ հիմա պետք է հարթություն փոխել՝ մասնիկները այլևս փոխել են ուղղությունը: Ինչպե՞ս: Հայաստանը տարածաշրջանում մինչև այժմ եղել է խաղաղության պահպանման գործոն և շարունակում է մնալ, բայց Հայաստանն այլևս չի կարող մնալ մինչ այժմ վարած քաղաքականության շրջագծում՝ փոփոխությունների ժամանակը ինքն է իրեն պարտադրում: Պատերազմով, խաղաղությամբ ու պարզապես կյանքով: Լրջանալու ժամանակն անցել է, գործելու ժամանակն է: Համենայն դեպս, ճշտեմ՝ ավարտվել է նաև այլոց թելադրանքով սխալներ գործելու ժամանակը: Առերեսման ժամանակն է ոչ միայն ինքնության, այլև ապագայի հետ, որտեղ ոչ բոլորը կլինեն այսօրվա տերերից: Բայց դա արդեն համատիեզերական օրենք է: