Եվ այսպես, Չեմպիոնների լիգայի եզրափակչում կխաղան մադրիդյան «Աթլետիկոն» ու «Ռեալը»: Առաջինը կիսաեզրափակչում հաղթահարեց բավարական արգելքը, երկրորդը լավագույն քառյակից այն կողմ անցնելու հնարավորություն չտվեց «Մանչեստր Սիթիին»: Եզրափակչի սպասումով՝ բնականաբար ֆուտբոլային աշխարհն «ո՞ւմ շանսերն են ավելի բարձր» մտմտուքների մեջ է: Սակայն ողջ հարցն այն է, որ կողմերից որին էլ տրվի նախապատվությունը, լինելու է զգայական հողի վրա, քանզի ուժերի հարաբերակցության ճշմարիտ պատասխանը հայտնի կդառնա հանդիպման ավարտից հետո միայն:
«ԲԱՎԱՐԻԱ»-«ԱԹԼԵՏԻԿՈ»
Դեռևս կիսաեզրափակիչ խաղերից առաջ նշել էինք, որ, այլ պարամետրերից զատ, դիմակայությունը հետաքրքիր կլինի նաև թիմերի գլխին կանգնած մարզիչների բախման մակարդակով, ու մրցակցությունն է ցույց տալու, թե որի տակտիկական մտածողությունն է ավելի «գործնական» լինելու: Հիմա, երբ ամեն ինչ ավարտված է, խնդիրը դադարում է դիլեմա պարունակելուց: Դիեգո Սիմեոնեն գերազանցեց Խոսեպ Գվարդիոլային, ով գերմանական ակումբում աշխատած իր երեք տարիներին թիմն այդպես էլ չկարողացավ կիսաեզրափակիչ փուլից այն կողմ հանել: Բոլոր դեպքերում, հետաքրքիր բան է կյանքը:
Մեկ ուրիշի պարագայում սույնը կդիտվեր որպես նվաճում, ինչպես, օրինակ, «Սիթին» գլխավորած Մանուել Պելեգրինիի դեպքում է, իսկ ահա Պեպ Գվարդիոլան ակումբի պատմության մեջ մասնավորապես կմնա պարտված մարզիչ, քանզի երբ երեք տարի առաջ նրան հրավիրում էին թիմը գլխավորելու, հրավիրում էին ոչ այնքան ներքին առաջնության, որքան Չեմպիոնների լիգայի չեմպիոնության համար: Եթե մի փոքր շեքսպիրանանք, մավրն իր գործն արեց մասամբ, ու մավրը պիտի հեռանա: Իհարկե, հանուն ճշմարտության պիտի ասենք, որ ակումբում նրա գործունեությունը հաշվարկված էր երեք տարվա համար, ու նրա հեռանալու մեջ հարկադրանքի տարր չկա, սակայն, բոլոր դեպքերում, մավրը հեռանում է ու հեռանում է մի թիմ, տվյալ պարագայում՝ «Մանչեստր Սիթի», որը «Բավարիայի» օրինակով նրան դիտարկում է իրեն Չեմպիոնների լիգայի հաղթող դարձնելու հեռանկարով: Կհաջողվի՞ Գվարդիոլային գոնե այստեղ արդարացնել իր հետ կապվող բարձր ակնկալիքները, ցույց կտա ժամանակը: Սակայն եկեք առանձնապես չծանրանանք սույն խնդրի վրա ու դառնանք խաղին:
Երկմասանոց դիմակայությունն իր երկու մասերով էլ հավասարապես հետաքրքիր էր: Առաջինում «Աթլետիկոն» ուներ գոլ խփելու ու գոլ բաց չթողնելու խնդիր, երկրորդում առաջնահերթությունը հակառակ դասավորության էր: Առաջին մասով իսպանական ակումբը գերազանց գործեց՝ 1:0, երկրորդում փոքր-ինչ թերացավ (1:2), սակայն ոչ այնչափ, որ դիմակայության արդյունքով դառնար պարտվող կողմ:
Ընթացիկ մրցաշրջանում, նկատենք, «Աթլետիկոն» չի ունեցել գոնե մեկ խաղ, որում մրցակցին զիջած լինի երկու գնդակի տարբերությամբ: Ասել, թե այս մասով Գվարդիոլայի մոտ ինֆորմացիոն վակուում կար, կնշանակի պարզապես լինել դիլետանտ: «Բավարիան» ավելի քան տեղեկացված էր, սակայն «Ալյանց Արենայում» հավաստվեց այն իրողությունը, որ ինֆորմացված լինելը բնավ էլ չի տալիս այդ առավելությունից օգտվել կարողանալու երաշխիք: Հարկավ շատ բան այլ կերպ կլիներ, եթե Թոմաս Մյուլլերն իրացներ տասնմեկմետրանոցն ու այդ պահի դրությամբ իր թիմի համար ապահովեր երկու գնդակի առավելությունը: Սակայն եղավ այն, ինչ եղավ: Օբլակը չեզոքացրեց իր թիմի գլխին կախված մահաբեր սպառնալիքն ու հզոր իմպուլս հաղորդեց նրան: Իր հերթին նման մի բան էլ արեց «Բավարիայի» դարպասապահ Նոյերը (նկատի ունենք վտանգի չեզոքացումը), սակայն թույլ տվեք սնոտիապաշտ դիտվելու գնով անգամ ասել, որ չիրացված տասնմեկմետրանոցներում երկուստեք, այնուամենայնիվ, ոչ այնքան վճռորոշ եղավ դարպասապահների հաջողակ ու հարձակվողների անհաջողակ լինելու գործոնը (իսպանացիներից տուգանայինը չիրացրեց Տորեսը), որքան դարպասի… անիծված լինելը (պիտի որ հիշեք՝ տասնմեկմետրանոցները նշանակվել են նույն դարպասին): Հիմա կարող եք առարկել՝ ասելով, թե այդ նույն դարպասը խաղային իրադրությունից իրականացված գործողությունների արդյունքում «կույս» չի մնացել, բայց նման համառման դեպքում մենք սկզբունքորեն խոսած կլինենք երկու տարբեր բաներից, իսկ երբ մարդիկ նույն թեմայի մասին երկու տարբեր մեկնակետերից են խոսում, ի վերջո դառնում են… Իլհամ Ալիև, սակայն առանց Մեհրիբան խանումի, որքան էլ այդ խանումի աչք շոյող արտաքին ցուցանիշներն ինտենսիվորեն ապահովվում են ի հաշիվ կապռեմոնտի (հայերեն ասած՝ հիմնավերանորոգման):
Ինչևէ: Պատասխան խաղում «Աթլետիկոն» չճզմվեց: Ավելին, դուրս եկավ ավելի ամրացած, ինչն էլ Դիեգո Սիմեոնեին բավարար հիմքեր է տալիս նոր պատմություն կերտելու խոստման համար ու նրա խոստմանը չհավատալու ոչ մի հիմք չկա: Մարդը մեկ քառորդում շարքից հանել է Չեմպիոնների լիգայի այս խաղարկության ակնհայտ ֆավորիտ «Բարսելոն», շարքից հանել է ավելի քան մոտիվացված «Բավարիա», մնում է շարքից հանի աշխարհամասի երրորդ ուժեղագույն թիմն ու դառնա օրենսդիր:
«ՌԵԱԼ»-«ՄԱՆՉԵՍՏՐ ՍԻԹԻ»
Մինչ Դիեգո Սիմեոնեն խոստանում է նոր էջ բացել ֆուտբոլի պատմության մեջ, «Մանչեստր Սիթիին» հանելով կիսաեզրափակիչ՝ Մանուել Պելեգրինին արդեն իսկ դարձել է պատմություն կերտող:
Հարց՝ կարո՞ղ էր ավելին անել այս մարզիչը:
Հարկավ կարող էր, եթե «Սիթիի» ֆուտբոլիստներն այդքան վախեցած չլինեին «Սանտյագո Բեռնաբեուից», մարզադաշտ, որ փառահեղ խաղերի պակաս չունի:
Փառահեղ խաղերի մասով «Սանտյագո Բեռնաբեուի» հիշատակումը բնավ էլ չի նշանակում, թե այս հանդիպումը դրանց շարքից էր: Պարզապես հանդիպման կարգավիճակն էր բարձր, ու «արքայականին» հաջողվեց ուրախացնել իր անդավաճան հավատավորներին, որքան էլ հաղթանակը նվազագույն հաշվով էր: Շատ ավելի կարևոր էր, որ թիմը դուրս եկավ եզրափակիչ՝ հետ գնալով 2014 թիվ:
Ինչու հետ գնալո՞վ: Որովհետև «Ռեալը» վերջին անգամ եզրափակչում է եղել 2014-ին, ու մրցակիցն էլ եղել է, ոչ ավելի-ոչ պակաս, այս նույն Մադրիդի «Աթլետիկոն»: Իսկ Դուք ասում եք, թե պատմությունը չի կրկնվում: Կրկնվում է, այն էլ ո՜նց է կրկնվում: ՈՒրիշ բան, որ այդ կրկնությունը մեկին մեկ կլիներ, եթե «Ռեալը» երկու տարի առաջվա օրինակով կարողանար տիրանալ գավաթին: Հնարավո՞ր է: Այս լուսնի տակ անհնարին ոչինչ չկա, սակայն, բոլոր դեպքերում, չմոռանաք, թե Դիեգո Սիմեոնեն ինչ է խոստացել: Վերևում ես այդ մասին բավականին հանգամանալից ասել եմ:
Եվրոպական կիսաեզրափակիչների մասին (բնականաբար, Չեմպիոնների լիգայի մակարդակով, որովհետև մարզասերներին կիսաեզրափակիչներ են սպասում նաև Եվրոպայի լիգայի խաղարկությունում) խոսելը թերատ կլինի, եթե չանդրադառնանք «Բավարիա»-«Աթլետիկո» դիմակայության մրցավարությանը, որտեղ թուրք Չաքիրը, ի դեպ՝ բարձրակարգ մրցավար, չկարողացավ իր ազգային հատկանիշներից մեկը չդրսևորել՝ խաղավարտին հօգուտ «Աթլետիկոյի» մոգոնելով տասնմեկմետրանոց: Եթե Տորեսին հաջողվեր իրացնել այդ տուգանայինը, խաղի մասին մեկնաբանությունները, բնականաբար, միանգամայն այլ շեշտադրումներ կունենային, քանզի 2:1 հաշիվը հանրագումարում «Ռեալին» դիմակայությունը փրկելու շանս դեռ թողնում էր: Ինչևէ: Առանց ավելորդ մանրամասների մեջ մտնելու՝ ասելիքս այն է, որ թուրքերը գիտեն գործել թրքավարի, ու նրանց ոչ որակյալությանը, ոչ էլ քաղաքակրթվելու ձևացումներին չպետք է վստահել: Նրանք միշտ հարվածում են գոտկատեղից ներքև, որովհետև ազնիվ պայքարը նրանց համար չէ, եթե անգամ անմիջական կողմ չեն, թեպետ «Աթլետիկոյի» առնչությամբ Ջունիեթ Չաքիրի շահագրգռությունն այնքան էլ անընթերցելի չէ, թեկուզև այդ ակումբի մարզաշապիկների վրա ոչ վաղ անցյալում եղած գրառումը նկատի ունենալով: Դե ինչ, կրակի երկիր՝ կրակի երկիր: Հետևաբար, պիտի կրակի երկրի էլ վերածել ու ոչ թե թողնել թռվռա մեր երկրի սահմաններին: Այս վերջինը, ինչպես ընդհանրապես, այնպես էլ մասնավորապես:
ԿԱՐԾԻՔՆԵՐ
Դիեգո Սիմեոնե («Աթլետիկոյի գլխավոր մարզիչ) -Մենք խաղացինք ընդդեմ ամենաուժեղ մրցակցի, ում հետ հարկ է եղել հանդիպել իմ ողջ կարիերայի ընթացքում: Դա հատկապես վերաբերում է առաջին խաղակեսին: Ես ուղիղ առումով սիրահարվեցի նրան, ինչ տեսա խաղադաշտում: Մենք կարողացանք դիմանալ ճնշմանը, թող որ դա անելը անչափ դժվար էր: Մենք արեցինք անհնարինը: Արդեն հաղթել ենք Եվրոպայի առաջատար թիմերից երկուսին: Մենք այժմ ունենք եզրափակչում հաղթելու հնարավորություն, ինչին կպատրաստվենք հնարավորինս լավ, իսկ այնտեղ կտեսնենք, թե որքանով է հնարավոր հաղթանակը:
Խոսեպ Գվարդիոլա («Բավարիայի» գլխավոր մարզիչ) -Իմ շնորհավորանքները «Աթլետիկոյին»: Դա շատ լավ խաղ էր: Վստահ եմ, որ ողջ Եվրոպան վայելեց այդ խաղը: Մենք արեցինք ամեն ինչ, ինչ կարող էինք: Հպարտանում եմ իմ սաներով: Այս թիմին սպասում է փայլուն ապագա: Մենք շատ լավ խաղացինք մադրիդյան երկրորդ խաղակեսում ու այսօրվա ողջ հանդիպման ընթացքում: Մենք պարզապես հրաշալի խաղացինք ընդդեմ «Յուվենտուսի», «Բենֆիկայի», «Աթլետիկոյի»: Կրկնում եմ` իմ նպատակն էր Չեմպիոնների լիգայում «Բավարիայի» հետ հաղթանակը, ու մենք խաղացինք այնքան լավ, որքան կարողացանք:
Կառլ Հայնց Ռումենիգե («Բավարիայի» վարչության նախագահ) -Մեր թիմը խաղաց հրաշալի, ֆանտաստիկ: Նա արժանի էր եզրափակչում լինելուն: Իհարկե, մենք ցանկանում էինք լինել Միլանում, և շատ ցավալի է, որ դա մեզ չհաջողվեց:
Ֆեռնանդո Տորես («Աթլետիկոյի» հարձակվող) -Առանցքային դարձավ երկրորդ խաղակեսը: Խփած գնդակը մեզ վստահություն տվեց: Սակայն «Բավարիան» ուժեղ թիմ է, և դրա համար էլ հեշտ չէր մեր ֆուտբոլը խաղալը: Հիմա մենք ցանկանում ենք կերտել պատմություն: Մենք դեռ երբեք չենք հաղթել Չեմպիոնների լիգայում:
Զինեդին Զիդան («Ռեալի» գլխավոր մարզիչ) -Մեզ համար չափազանց դժվար էր, սակայն մենք գիտեինք, որ այդպես էլ լինելու է: Վերջնահաշվում մենք մեր ուզածին հասանք ու հիմա շատ ուրախ ենք: Ես ուրախ եմ ոչ այնքան ինձ, որքան հրաշալի աշխատանք արած խաղացողների համար: Յուրաքանչյուր խաղացող «աշխատեց» ամբողջ ուժով, դրա համար էլ մենք դուրս եկանք եզրափակիչ: Մենք պետք է շարունակենք աշխատել միասին ու հավատալ, որ կարող ենք մեծ գործեր անել:
Մանուել Պելեգրինի («Մանչեստր Սիթիի» գլխավոր մարզիչ) -Կարծում եմ, որ թիմերից ոչ մեկն էլ արժանի չէր հաղթանակի: Երկու հանդիպումներն էլ գրեթե հավասար ստացվեցին: Իհարկե, եթե եզրափակչում չես, ուրեմն կորցրել ես շանսդ: Չեմ կարծում, թե «Ռեալը» ցույց տվեց, որ ուժեղ է մեզնից: Յուրահատուկ մրցաշրջան ստացվեց: Մենք հասանք կիսաեզրափակիչ, ինչը մեծ կարևորություն ունի: Պետք է անպայման տեղ ունենանք Չեմպիոնների լիգայում: Այս թիմը միշտ պիտի պայքարի եզրափակիչ մտնելու համար:
Սերխիո Ռամոս («Ռեալի» պաշտպան) -ՈՒրախանում եմ, երբ Սիմեոնեն ասում է, որ թիմում կուզենար ունենալ ինձ նման մարզիկ: Ես նրան լավագույն բաներ եմ ցանկանում, սակայն եզրափակչում մենք կլինենք հակառակորդներ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ