Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

«Դեմ եմ, որ այս էտապում ու այդ մարդկանց կողմից Արցախի ճանաչման հարց ներկայացվի»

«Դեմ եմ, որ այս էտապում ու այդ մարդկանց կողմից  Արցախի  ճանաչման հարց  ներկայացվի»
17.05.2016 | 21:14

Երեկ, ԱԺ քառօրյան չմեկնարկած, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկեց Արցախի անկախության ճանաչման նախագիծը, որն ԱԺ օրակարգում ընդգրկելու հարցը լիագումար նիստում մերժվեց` ընդամենը 12 կողմ ձայն ստանալով: Քաղաքական բոլոր ուժերը միաբերան պնդեցին, թե իրենք քվեարկությանը չեն մասնակցելու: Հանձնաժողովում էլ մեկ դեմ և մեկ կողմ է եղել: Կողմը Թևան Պողոսյանն էր, դեմը` Համլետ Հարությունյանը: Վերջինից էլ փորձեցինք պարզել` ինչո՞ւ է դեմ քվեարկել, այն դեպքում, երբ խորհրդարանական մեծամասնությունն ընտրեց «չեզոք» դիրք:

-Ես էլ կարող էի ձեռնպահ քվեարկել, բայց ձեռնպահն ու դեմը նույն բանն են: Կարծում եմ` սա ԱԺ-ի կամ առանձին անհատների լուծելիք հարց չէ: Սա ինչ-որ մեկի մշակած օրենք չպետք է լինի: Ղարաբաղի ճանաչման ողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի ռազմական-քաղաքական ղեկավարության ուսերին: Հետևաբար, հենց ռազմական-քաղաքական ղեկավարությունն էլ պետք է ճանաչման խնդիրը պատեհ պահի ներկայացնի, որովհետև, ի տարբերություն մեզ, նրանք իրավիճակը հիանալի գիտեն: ԱԺ-ում շատերը կիսատ-պռատ, շատ անգամ ընդհանրապես պատկերացում չունեն՝ ինչ է կատարվում Ղարաբաղում: Դրա համար դեմ եմ, որ այս էտապում ու այդ մարդկանց կողմից ճանաչման հարց ներկայացվի:
-Այսինքն, ներկայացնողների առնչությա՞մբ էլ վերապահումներ ունեք:
-Երկրորդեմ. Ղարաբաղի անկախության ճանաչման հարցն անհատների խնդիր չէ: Այդ ահռելի պատասխանատվությունը չեն կարող մեկ կամ մի խումբ մարդիկ տանել: Սա միայն ռազմաքաղաքական ղեկավարության որոշելիքն է:
-Ի՞նչն էր խանգարում, որ հարցն օրակարգում ընդգրկեիք, հետո՝ պատեհ պահի քվեարկության դրվեր:
-Դա արդեն կուսակցության ղեկավարության որոշումն է, որին ես հետևել եմ: Կարծում եմ, այս պահին հարցն օրակարգում ընդգրկելն անգամ ձեռնտու չէ:
-Երեկ հանդիպեցին երկու երկրների ղեկավարները, ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից:
-Ես միշտ կողմ եմ բանակցային գործընթացին, անկախ նրանից, թե դա ինչ մակարդակով է ընթանում` արտաքին գործերի նախարարների՞, թե՞ նախագահների: Այս թնջուկը չի կարող պատերազմով լուծվել, դրա լուծման բանալին բանակցությունների սեղանի վրա է: Ցանկացած բանակցային գործընթացից էլ ակնկալիք ունեմ: Իհարկե, մեծ չեն սպասումները, բայց հուսով եմ՝ դրական տեղաշարժ կլինի:
-Ե՛վ Հայաստանում, և՛ Ղարաբաղում կա հակառակ տեսակետը, այն է` հարցի լուծման համար հայկական զինուժը չպետք է կանգ առներ:
-Առանձին զորահրամանատարներ այդպիսի կարծիք են հայտնում, գուցե դա ճիշտ է: Բայց Ղարաբաղի ողջ բնակչությունը միայն մի բան է տենչում` խաղաղություն: Ոչ մի ժողովուրդ, ազգ պատերազմ չեն ցանկանում, դրա հետևանքները սարսափելի են:
-Նշեցիք, որ հարցի կարգավորումը տեսնում եք բանակցությունների սեղանի շուրջ: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է բանակցություններով ձեռք բերել մի փաստաթուղթ, որը երկարատև խաղաղության երաշխիք կլինի:
-Եթե բանակցային գործընթացներին մասնակցում են համանախագահ երկրների արտգործնախարարները, իսկ գերտերությունները շահագրգիռ են, որ այս տարածաշրջանում տևական խաղաղություն լինի, կարծում եմ, այդպես էլ կլինի: Ի վերջո, Ադրբեջանն ու Հայաստանը համաշխարհային գործընթացներում որոշիչ սուբյեկտներ չեն: Երկու երկրներն էլ ընդունում են այն քաղաքականությունը, որը նրանց թելադրում են:
-Ապրիլյան ռազմական գործողություններն ապացուցեցին, որ մենք հովանավորներ և աջակիցներ չունենք «համաշխարհային գործընթացներում»: Ստացվում է՝ իրենց «թելադրածը» մեզ այնքան էլ ձեռնտու չի լինելու:
-Դրա համար էլ ես «եթե»-ներով եմ խոսում, քանի որ հարյուր տոկոսով վստահ չեմ, որ այդ երկրները կնպաստեն խաղաղության պահպանմանը: Կարող է հակառակն էլ լինել՝ տարածաշրջանում կրակը բորբոքեն:

Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ