Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Հայերը իրավունք չունեն թուրք դառնալու

Հայերը իրավունք չունեն թուրք դառնալու
10.06.2016 | 01:24

Պոլսի «Ագօս» թերթը հունիսի 7-ին հրապարակել է Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունումից հետո Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի նամակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։ Ասեմ ի սկզբանե՝ հասկանում եմ, թե որքան բարդ է Թուրքիայի Հանրապետությունում հայ լինելը, հայ մնալը, առավել ևս՝ պատրիարք (Աթեշյանի դեպքում փոխանորդ) լինելը: Հասկանում եմ, որ նամակի բուն հեղինակը ոչ թե փոխանորդն է, այլ ինքը՝ Էրդողանը (կամ նրա աշխատակազմը), և Աթեշյանին ընդամենը նամակը ստորագրելու «պատիվն» է հատկացվել: Հասկանում եմ, որ Էրդողանի պարտադրած «նամակը» չստորագրելու դեպքում Աթեշյանը պիտի հրաժարական տար: Եվ, այնուամենայնիվ, հասկանալով հանդերձ նշված ու չնշված հետևանքները, չեմ կարող չհարցնել՝ իսկ ո՞ւմ է պետք նման փոխանորդը: Թուրքիայի Հանրապետության ու անձամբ Էրդողանի շահերը սպասարկելու համար գործում է ամբողջ պետական համակարգը, ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսը ստանձնել ծառայի գործը:


Ի՞նչ իրավունք ունի պատրիարքական փոխանորդը խոսելու «խոր վշտի» մասին, որ հարուցել է «Գերմանիայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում»: Նախ՝ պետք էր քաղաքական գրագիտություն ունենալ գոնե տարրական սխալներ չանելու՝ Գերմանիան ոչ թե հանրապետություն է, այլ Դաշնային Հանրապետություն, և խորհրդարանն էլ կոչվում է ոչ թե Ազգային ժողով, այլ Բունդեսթագ: Բայց դա մանրուք է զրպարտանքի առաջ, որ արքեպիսկոպոսը վերագրում է հայ համայնքին և հայ համայնքի անունից գրում է. «Սրտից բխող և անկեղծ զգացմունքներով Ձերդ գերազանցությանը տեղեկացնում ենք, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է այս վիշտը»։

Ո՞ր վիշտը, որ 1915-ին երիտթուրքերին չհաջողվեց սպանել բոլո՞ր հայերին, ու նրանք դեռ շարունակում են ապրել իրենց հայրենիքո՞ւմ: Ինչպե՞ս կարող է որևէ հայ, առավել ևս հոգևորական կիսել ցեղասպան թուրքի վիշտը, թեկուզ 101 տարի հետո: Որքան էլ Արամ Աթեշյանը փորձում է բացատրել պատրիարքարանի դերը («Քաղաքացիական կապերով կապված պետության առջև ունեցած իր պարտականությունները Պոլսո Հայոց պատրիարքությունը կատարում է անթերի կերպով, սա մի հոգևոր կառույց է, որը որդեգրել է քրիստոնյա-հայ թուրք քաղաքացիների զգացմունքների թարգմանը դառնալու առաքելությունը»), ինքն իրեն հակասում է՝ գրելով. «Քրիստոնյա-հայ թուրք քաղաքացիներն այս երկրի մյուս մարդկանցից իրենց տարբերելու բարդույթներից ազատված են և գիտեն՝ ինչպես օրենքների և կանոնների շրջանակներում իրենց իրավունքները պաշտպանել»։


Եթե իրապես գիտեն ու ընդունում են թուրքերի իրավունքներն ու իրենց՝ նրանց ծառայելու պարտականությունը միայն՝ առանց որևէ իրավունքի, հարցը փակվում է: Բայց Արամ Աթեշյանի ստորագրած նամակում խնդիր է դրված նաև անցյալը վարկաբեկել. «Պատրիարքական աթոռը գիտակցում է, որ ավանդական գծից չշեղվելով հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելը որոշներին դուր չի գալու։ Այս սուրբ պաշտոնը զբաղեցրած մեր երջանկահիշատակ պատրիարքները թե իրենց արտահայտություններով, թե իրենց կառուցողական վերաբերմունքով իրենց ղեկավարած համայնքին կրոնական ծառայություններ են մատուցել և պատմության էջերում ընդգրկվել են համայնքի համար օրինակ հանդիսացող դրական վարվելակերպով։ Մեր մեծերի օրինակելի վարքագիծն այսօր էլ շարունակում է մեզ համար ուղեցույց մնալ»։

Այսինքն՝ Աթեշյանը նոր ոչինչ չի անում, կառուցողական վերաբերմունքով կրոնական ծառայություններ է մատուցում: Պոլսո պատրիարքարանը Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռներից է, որի գործունեությանը Մայր Աթոռը միշտ ըմբռնումով է վերաբերվել՝ առանձնահատուկ վերաբերմունք ունենալով պատրիարքարանի վարած քաղաքականությանը, բայց սա արդեն այն դեպքն է, որ Մայր Աթոռը չի կարող վերաբերմունք չարտահայտել՝ առաջնորդվելով իր առաքելության տրամաբանությամբ: Չի կարող նույն եկեղեցին ունենալ նույն երևույթին տրամագծորեն հակառակ տեսակետներ:

Ցեղասպանության զոհերի սրբադասումից հետո՝ հատկապես: Արամ Աթեշյանը նաև ա՞յդ պատճառով է վշտացած, թե՞ մի կերպ հանդուրժեց, որ նրանք սրբադասվեցին, բայց չի հասկանում՝ ի՞նչ է նշանակում դա: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի դեմ ինչո՞ւ նամակ չի գրում, երբ նա Անկարայից պահանջում է Սիսի կաթողիկոսության հողերը վերադարձնել: Ինչո՞ւ չի մխիթարում Էրդողանին, երբ Մայր Աթոռն է եկեղեցապատկան հողերի վերադարձի հայցեր նախապատրաստում: Նման խնդիր չե՞ն առաջադրել: Դա էլ կանեն: Չմանրամասնելով նամակի քաղաքական ու լիրիկական բովանդակությունը՝ ստիպված եմ չափազանց տխուր ու դառը եզրակացության հանգել՝ թուրքերի հաջողությունը միշտ հիմնված է եղել հայերի դավաճանության, վախկոտության ու ստորաքարշության վրա: Թուրքերը միշտ պարտվել են, երբ հայերը դիմադրել են ու պաշտպանել կյանքի ու արժանապատվության իրավունքը:


Տարբեր արամաթեշյաններն ու ռեջեփէրդողանները գալիս-գնում են՝ մնում է պատմությունը, որից եզրակացություն անում են ու իրենց անելիքը որոշում են միայն մեր թշնամիները, բայց ոչ մենք, նրանք դա էլ գիտեն ու օգտագործում են: Բնական է, որ Պոլսո հայ համայնքում Արամ Աթեշյանն ունի իր նման մտածողների աջակցությունը: Նրանց համար պատմությունը անցած դեպք է՝ ուրիշների հետ կատարված, կա այսօրը, և կա Թուրքիայի իշխանությունը, որի հետ խնդիրներ ունենալը անմիջական ու անխուսափելի վտանգ է կյանքի ու ապրուստի համար: Այդպես է: Բայց նույնքան բնական է, որ հայ համայնքի անունից հակահայկական, հակապատմական, հակատրամաբանական հայտարարություններ անելը չպիտի անհետևանք մնա: Երբ թուրքերն իրենք են հայտարարում՝ «Մենք հայ ենք», «Մենք Դինքն ենք», հայերը իրավունք չունեն թուրք դառնալու: Պոլսում պատվախնդիր, Աստծուն ու ալլահին տարբերող, հոգևոր և աշխարհիկ իշխանության նպատակները հասկացող պատրիարք ունենալ չի ստացվում, ու դա միայն Թուրքիայի իշխանության մեղքով չէ: Պետություններն ունեն սահմաններ, ազգը՝ ոչ: Առավել ևս հոգևոր դաշտում իրավունք չունենք սահմաններ ճանաչելու, հոգևոր հոտը պետք է պաշտպանել հովիվներից, որ բացում են փարախների դռները գայլերի առաջ: Պոլսո պատրիարքի թեկնածությունը հաստատում է նաև Թուրքիայի իշխանությունը, բայց այդ հանգամանքը չպետք է զենք դառնա՝ դիմազրկելու ու փոշիացնելու պատրիարքարանի դերը հայ համայնքի կյանքում՝ փոշիացնելու ու ոչնչացնելու հայության ինքնագիտակցությունը, ցեղասպանությունը միայն ֆիզիկական ոչնչացում չէ, բուն ցեղասպանությունը ազգային ինքնության ու ինքնագիտակցության ոչնչացումն է, որ այսօրվա Թուրքիան շարունակում է հայերի դեմ՝ որոշ հայերի ձեռքով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների համար զրո նշանակություն ունեն ինչ-որ պատրիարքի մեղադրանքներն իրենց հասցեին, նրանք անտեսեցին Էրղողանի սպառնալիքներն ու ընդունեցին ցեղասպանությունը դատապարտող բանաձև՝ լիովին կանխատեսելով, թե ինչ հետևանքներ է ունենալու իրենց քայլը: Որ Էրդողանը իրենց դեմ հայերի ձեռքով կփորձի պայքարել, ընդամենը վկայում է, թե Թուրքիայի Հանրապետությունում ինչ որակ, մակարդակ ու նպատակ ունի ժողովրդավարությունը, ոչ միայն պատմության, այլև ներկայի խեղաթյուրման արվեստը ինչ կատարելության է հասցրել թուրքական դիվանագիտությունը: Նրանք տհաճություն կզգան, ոչինչ՝ ավելին: Բայց դա չի նշանակում, որ նույնը կարող ենք անել մենք՝ գողը տնից է, որ եզը հանում են երդիկից:

Դիտվել է՝ 1080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ