Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Լեռնային Ղարաբաղի բլյուզը՝ ըստ Մակինդերի

Լեռնային Ղարաբաղի բլյուզը՝ ըստ Մակինդերի
14.06.2016 | 01:05

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը վաղուց արդեն դարձել է դարձակետ Անդրկովկասում, որի ախտորոշումը թույլ է տալիս ոչ միան որոշել ուժերի հարաբերակցությունը և Մերձավոր Արևելքի որոշ երկրների, մասնավորապես Թուրքիայի մասնակի ներգրավվածությունը, Իրանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներգործության ուժեղացումը, նաև իրադարձությունների հնարավոր ընթացքի վերհանումը՝ հաշվի առնելով կոնֆլիկտի կարգավորման հեռանկարները: Ապագայում պատմաբանները, հատկապես ադրբեջանցի, հարկադրված են լինելու մանրակրկիտ ուսումնասիրել պատճառները, որոնցով ղեկավարվում էր Բաքուն տարբեր փուլերում՝ որոշելով իր մոտեցումները Լեռնային Ղարաբաղի պրոբլեմին, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ բաց թողնվեց հարցը լուծելու հնարավորությունը Բաքու-Ստեփանակերտ-Երևան եռակողմ երկխոսության մակարդակում (կար նման հնարավորություն՝ չնայած նախորդած ողբերգական իրադարձություններին):

Բայց յուրաքանչյուր հաջորդ փուլում ինչ-որ պատճառով ընտրվում էր այն շարունակությունը, որը փակուղի էր տանում և գործընթացը նորից էր սկսվում՝ արդեն շատ ավելի մեծ լարումով և հանգեցնելով շատ ավելի խոր ճգնաժամի: Ժամանակին ես շփվել եմ ադրբեջանցի շատ քաղաքագետների հետ: Նրանք, հղում անելով նախագահ Հեյդար Ալիևի բանակցություններին ԱՄՆ-ի ու Անգլիայի ներկայացուցիչների հետ, հաստատում են, որ Ալիևը հայտարարում էր «ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի տրոհման անխուսափելիության մասին»:

Իրոք, որոշակի ժամանակ Ռուսաստանի ազդեցությունը Անդրկովկասի վրա նվազագույն էր, որը գայթակղություն էր ստեղծում որոշ արտաքին խաղացողների համար՝ լցնելու ձևավորված աշխարհաքաղաքական վակուումը: Իրադարձություններն այն ժամանակ զարգացան բրիտանացի պրոֆեսոր Հելֆորդ Մակինդերի սցենարով: 1904-ին նա առաջադրեց գաղափար, որ կոնկրետ կիրառական նշանակություն ուներ՝ նա արձանագրեց Եվրասիայի ներքին տարածքի (այսպես կոչված՝ սրտի) նշանակությունը՝ Ռուսաստանի ու Ասիայի հարավ-արևելքում, Պարսկաստանից հյուսիս ու Չինաստանից արևմուտք գտնվող տարածքի՝ իբրև համաշխարհային քաղաքականության հիմնական տարածաշրջանի: Արդեն XX դարի սկզբին բրիտանացի գիտնականը համեմատում էր տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը կարևորության տեսակետից իբրև «եվրասիական զանգված» Եվրոպայի համար՝ Գերմանիայի կարևոր դերով:


Այն ժամանակ համաշխարհային պատերազմը իր գործն արեց՝ մայրցամաքային կայսրությունները ճոճվեցին ու փլուզվեցին: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Մակինդերի բանաձևում Գերմանիայի դերը հատկացվում էր ԱՄՆ-ին: Սակայն ոչ պակաս ակտիվությամբ, թեպետ առավել սահմանափակ տարածքում, հատկապես Ադրբեջանում ու Կենտրոնական Ասիայի թուրքալեզու պետություններում իր քաղաքական, տնտեսական ու մշակութային էքսպանսիան սկսեց Թուրքիան՝ հենվելով ԱՄՆ-ի աջակցությանն ու հզորությանը: Մատնանշելով իր էթնիկ, լեզվական ու մշակութային ընդհանրությունը թուրքալեզու հանրապետությունների հետ, Անկարան նրանց համար ձգտում էր դառնալ նոր «մեծ եղբայր» և դնել հիմքերը թուրքալեզու պետությունների ապագա քաղաքական ու տնտեսական միության: Բաքուն խաղը դնում էր Անկարայի վրա, չենթադրելով, որ հնարավոր քայլերից լավագույնը չի անում ու հետագայում դա զգացվելու է: Դեռ 2008-ի ամռանը REGNUM –ը իր վերլուծական զեկույցում կանխատեսել էր, որ Ռուսաստանի «զսպման» գիծը հարավային սահմանների մոտ կլրացվի կամ կփոխարինվի Չինաստանի կողմից «եվրաատլանտյան զսպման» արևմտյան գծով, Պակիստանով՝ Աֆղանստանի միջոցով, բայց հատկապես Թուրքիայով: Դա առաջին հերթին օբյեկտիվորեն ԱՄՆ-ը դարձնում էր Ռուսաստանի իրավիճակային գործընկեր: Երկրորդ՝ աշխարհաքաղաքական ինտրիգի էպիկենտրոն էր դարձնում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Երրորդ՝ ակնհայտ էր, որ Արևմուտքի, այսպես կոչված ռազմավարական երկխոսությունն Ադրբեջանի հետ, որ կառուցվում էր Բաքվի էներգետիկ ռազմավարության շուրջ, երբեք չի փոխարկվի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման ադրբեջանական սցենարի: Վաշինգտոնը մարտավարորեն ներգրավում էր Բաքվին Իրանին չեզոքացնելու իր քաղաքականության մեջ, մինչդեռ Երևանին չէր խանգարում համագործակցել Թեհրանի հետ, որն իր հերթին Մոսկվայի ու Երևանի հետ առանցք էր կառուցում՝ Բաքվի վրա ճնշման լծակներ ապահովելով:


Վաշինգտոնի ու Մոսկվայի՝ Երևանի ու Անկարայի հաշտեցմանը և երկու երկրների պետական սահմանը բացելուն ուղղված համատեղ ջանքերը (2009-ի հոկտեմբերին Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումը) Ադրբեջանին զրկում էր Թուրքիայի տարածաշրջանային գլխավոր հենարանը լինելու հեռանկարից: Պատահական չէ, որ այդ պահին արդիականացավ Քուրդիստանի ինքնիշխանության պրոբլեմը: Ավելին, Կոսովոյի անկախության ճանաչման նախադեպը, 2008-ի օգոստոսին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հարուցած Կովկասյան պատերազմը, որի հետևանքով Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը, հանգեցրին նրան, որ իրավիճակն Անդրկովկասում առեղծվածային ձևով սկսեց հիշեցնել 1918−1921 թթ. իրավիճակը: Մակինդերի տեսությունը «աշխարհագրական առանցքի», «սրտի» մասին, հատկապես Եվրասիական տնտեսական միության ստեղծումից հետո, սկսեց աշխատել Մոսկվայի համար: Այսօր նորից ինտրիգային իրավիճակ է ստեղծվել: Թուրքիան, արաբական գարնան, սիրիական ու իրաքյան ճգնաժամերի մեջ ներգրավվելու արտաքին քաղաքականության հետևանքով սկսեց կտրուկ կորցնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում, առավելևս Անդրկովկասում: Իրանը, Ադրբեջանի համար անսպասելիորեն դուրս գալով պատժամիջոցներից, սկսեց վերածվել տարածաշրջանում իրական ու ուժեղ խաղացողի: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը առավելագույնս ինտերնացիոնալացվեց, որ Բաքվին զրկում է այդ ուղղությամբ որևէ մանևրից, բացի սովորական, ստանդարտ հայտարարությունները: Բաքուն մի կողմից հայտնվեց աշխարհաքաղաքական իմաստով Ռուսաստանի ու Իրանի միջև, մյուս կողմից՝ դիվանագիտական մանևրի տեսակետից՝ ամեն քայլին սկսեց բախվել կոնֆլիկտ ձևավորող գործոնների հետ: Թվացյալ պարզագույն լուծումը՝ վերականգնել «սովետական՛՛ stutus-quo-ն ուժային գործոնի օգնությամբ, խաբուսիկ է, որ հաստատում են ապրիլի սկզբի ղարաբաղյան քառօրյա պատերազմի արդյունքները: Չխորանալով Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունների մանրամասների մեջ, որոնց վերաբերյալ ԵԱՀԿ-ում կա լիակատար կոնսենսուս, ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատում է անդառնալի դարձնել 1994-ի մայիսին կնքված զինդադարը Ադրբեջանի, Հայաստանի, ԼՂՀ-ի իշխանությունների միջև, իսկ կոնֆլիկտի կողմերի շփման գծում միջազգային վերահսկողությունը այնպես կկառուցվի, որ առավելագույնս բացառի մարտական գործողությունների վերսկսումը, նոր զոհերն ու ավերածությունները: «Անհրաժեշտ է արագ ավարտել զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների մշակումը և ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի ընդլայնումը»՝ հայտարարեց ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:


Ժամանակին հայ փորձագետները բարձրաձայնեցին Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման առաջարկների «փաթեթը», որ այսօր էլ արդիական է իբրև աշխատանքային սցենար: Լեռնային Ղարաբաղը, պահպանելով դե ֆակտո գոյություն ունեցող համադաշնային հարաբերությունները Հայաստանի հետ, Ադրբեջանի հետ դաշնակցա-պայմանագրային հարաբերությունների մեջ է մտնում՝ որոշակի երաշխիքներ ունենալու պայմանով. 1) հատուկ տնտեսական գոտի, որ բացառում է Ադրբեջանի դիկտատը, 2) ինքնապաշտպանության ուժեր հստակ սահմանված մանդատով և միջազգային դիտորդներին ենթակա, 3) գործադիր ու ներկայացուցչական իշխանությունների, կառավարման ու դատաքննության սեփական մարմիններ՝ Ադրբեջանի որոշումները վիճարկելու իրավունքով հատուկ ստեղծվելիք միջազգային արբիտրաժում, 4) սեփական քաղաքացիություն, որ բացառում է բնակչության մեխանիկական աճը և սեփականության իրավունք է տալիս, 5) միջազգային կառույցներում ներկայացուցչության որոշակի ձև:

Այս համալիրը կարող է իրականացվել իբրև ժամանակավոր միջոց միջազգային երաշխիքներով՝ ընդհուպ մինչև միջազգային իրավունքի նորմերով պահանջված հանրաքվե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի հովանու ներքո:
Չկանխորոշելով հարցի վերջնական լուծումը, «երաշխավորությունների փաթեթը» կոնֆլիկտի կողմերին վերջնական լուծում գտնելու ժամանակ ու հնարավորություն է տալիս: Ճիշտ է, վերջին օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոշտ հայտարարություններ է անում: Նա գտնում է, որ կոնֆլիկտը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, խոստանում է թույլ չտալ հայկական երկրորդ պետության ի հայտ գալը: Բայց մեծ քաղաքականութան մեջ երբեք չի կարելի ՛՛երբեք՛՛ ասել: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման կազմակերպման ուղղությամբ Սանկտ Պետերբուրգում: Բոլորը բեկման սպասում ունեն: Տեսնենք՝ ինչ է լինելու:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ահա և ձեզ Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպման ռուսական կողմի առաջարկած օրակարգը՝ «փաթեթ», որ «ժամանակին հայ փորձագետներն են բարձրաձայնել»՝ անորոշ ու անհասկանալի ձևակերպումով: Համենայն դեպս՝ պարզ չէ՝ ե՞րբ է առաջարկվել և ու՞մ է առաջարկի պատիվը վերապահված: Ինչ-որ ժամանակներում ինչ-որ կետեր շրջանառվել են, բայց միասնական՝ փաթեթային տեսքով, թերևս, առաջին անգամ է հրապարակվում: Ու՝ ի՞նչ: Վերադարձ ընդհանուր պետության գաղափարի՞ն, մասնակի անկախությու՞ն՝ միջազգային պատրոնատի ենթակայությամբ, միջանկյալ լուծու՞մ՝ վերջնական լուծման որոնումներում, որ կխորանա տասնամյակների մեջ: Իսկապես՝ «Տեսնենք՝ ինչ է լինելու»: Իլհամ Ալիևի համար սա անընդունելի է՝ դատելով տարածքային ամբողջականության սկզբունքի և ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի պաշտամունքից: Իսկ եթե ոչ ոք նրա պահանջը չի՞ կատարում, եթե նոր պատերազմ սկսելու թույլտվություն ոչ ոք այլևս չի՞ տալիս: Եթե Ռուսաստանն ու Թուրքիան անգամ հակված են տարածաշրջանում խաղաղությա՞ն: Ընդունելի՞ տարբերակ է հայկական կողմերի համար: Չափազանց սեղմ է տեղեկատվությունը՝ եզրակացության համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ