Մինչ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում նոր-նոր են սկսվում խմբային երկրորդ հանդիպումները, Ամերիկայի գավաթի խաղարկությունում արդեն իսկ հայտնի են դարձել փլեյ օֆ դուրս եկած ութ թիմերը: Ավելին՝ հայտնի են քառորդ եզրափակիչը կազմած զույգերը:
Սկսենք ամենախոշոր անակնկալից: Պերուի ընտրանու հետ խաղում բրազիլացիները չկարողացան կոտրել «ինկերի» դիմադրությունը՝ անկարող լինելով անգամ մեկ միավոր վաստակելու, ինչը լրացուցիչ գործակիցների հաշվարկով նրանց կարող էր հնարավոր առավելություն տալ ու դեռևս պահել գավաթի խաղարկությունը շարունակողների ցուցակում: Աշխարհի հնգակի չեմպիոնները մրցակցի դարպասը գրավելու բազմաթիվ հնարավորություններ ունեին, սակայն երբ դրանք չես օգտագործում, դու ընդամենը վիճակագիրների ջրաղացին ես ջուր լցնում: Իսկ պերուացիները հնարավորինս գործնական եղան՝ դրա համար խտրություն չդնելով միջոցների միջև: Ի բարեբախտություն նրանց, մրցավարները գրանցեցին ձեռքով նրանց գոլ խփելը, ու բրազիլացիները դուրս մնացին գավաթի խաղարկությունից: Սա աշխարհի հնգակի չեմպիոններին արժեցավ հավաքականի գլխավոր մարզիչ Դունգայի գլխավորությամբ թիմի ողջ մարզչական կազմի պաշտոնանկություն, իսկ «ինկերը», բացի այն, որ մտան փլեյ օֆ, երեսունմեկ տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ առավելության հասան մրցակցի նկատմամբ:
Վերը նշված լրացուցիչ գործակիցների գործոնը պատահաբար չհիշեցինք:
«Շառից-փորձանքից» ազատվելու համար ավելի վաղ հանդես եկող էկվադորցիներին անհրաժեշտ էր Հայիթիի հավաքականին հաղթել երկու գնդակի առավելությամբ, ինչը նրանք արեցին ավելի քան համոզիչ (4:0)՝ տասնինը տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ դուրս գալով փլեյ օֆ:
Իր համար բացառիկ սկզբունքային խաղում ԱՄՆ-ի ընտրանին նվազագույն հաշվով առավելության հասավ պարագվայցիների նկատմամբ ու երկրորդ անգամ նվաճեց քառորդ եզրափակչում հանդես գալու իրավունք: Խմբային մյուս՝ Կոլումբիա-Կոստա Ռիկա դիմակայությունում վերջիններս հաղթեցին 3։2 հաշվով: Սա 1963 թվից հետո մրցակցի նկատմամբ առաջին հաղթանակն էր: Սրանից ավելի այդ հաղթանակը նրանց ոչինչ չտվեց, որովհետև պարագվայցիներն ավելի վաղ էին լուծել քառորդ եզրափակիչ դուրս գալու իրենց հարցերը:
Խաղարկությունում խիստ վառ հանդես եկող Արգենտինայի ընտրանու համար, ինչպես և սպասվում էր, խնդիր չէր Բոլիվիայի ակնհայտ թույլ հավաքականի նկատմամբ հաղթանակի հասնելը՝ 3:0:
Գոլառատ մրցակցություն ստացվեց և Չիլի-Պանամա դիմակայությունում՝ 4:2: Արգենտինան ու Ամերիկայի գավաթի գործող չեմպիոնները մեկ քառորդում են:
Ինչ վերաբերում է C խումբը կազմածներին, մրցաշարի խոշոր անակնկալներից մեկն էլ ՈՒրուգվայի ընտրանու թույլ հանդես գալն էր: Ճամայկայի հավաքականի նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակն ընդամենը վառված սրտի թույլ մխիթարանք էր, իսկ ահա Մեքսիկա-Վենեսուելա դիմակայությունում ընդամենը պարզվելու էր մեկ հարց՝ կողմերից որն է առաջին տեղով դուրս գալու հաջորդ փուլ: Հանդիպման 1:1 հաշիվը հօգուտ մեքսիկացիների էր, ովքեր նույնպես արտակարգ գեղեցիկ խաղ են ցույց տալիս ու արգենտինացիներին համահավասար համարվում են գավաթի խաղարկության գլխավոր ֆավորիտներից:
Այսպիսով, քառորդ եզրափակչի զույգեր դարձան Արգենտինայի ու Վենեսուելայի, Չիլիի ու Մեքսիկայի, Պերուի ու Կոլումբիայի, Էկվադորի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրանիները:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՆ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում սկսվեցին խմբային փուլի երկրորդ խաղերը: Ռուսաստանի ընտրանին պարտվեց սլովակներին (1:2), ռումինացիները ոչ-ոքի՝ 1:1 խաղացին շվեյցարացիների հետ, Ֆրանսիայի ընտրանին 2:0 հաշվով առավելության հասավ ալբանացիների նկատմամբ:
Առաջին դիմակայության առնչությամբ թերևս, չարժի էլ լեզու թրջել, որովհետև ռուսների ցուցադրած ֆուտբոլն ավելի շուտ հակաֆուտբոլ էր, բովանդակազուրկ բան, ու սկզբունքորեն անհասկանալի էր, թե թիմն ինչու է ահռելի ծախսեր արել Ֆրանսիա հասնելու համար: Իհարկե, գործնականում նրանք խմբայինից դուրս գալու շանս դեռ պահպանում են (ռուսական լրատվամիջոցները հնարավոր բոլոր տարբերակները քննարկում են), սակայն նման ֆուտբոլով, եթե անգամ Օլիմպոսի բոլոր աստվածներն էլ նրանց աջակից լինեն, միևնույն է, սայթաքելու են առաջին իսկ հանդիպումում: Սակայն եկեք ռուսների վրա առանձնապես չծանրանանք, որովհետև, ոնց էլ լինի, հիշողություն ունեցող մի գլուխ կգտնվի ու իրենց ժողովրդական բառուբանից մեզ կիշեցնի «ՈՒմ կովը բառաչի…» ասացվածքն իր ավելի քան թափանցիկ շարունակությամբ: Թերևս միայն ավելացնենք, որ երեկ կայացած Անգլիա-ՈՒելս դիմակայությունը սահմանային արժեք ուներ ռուսների համար: Վերջինիս պարտությունը ռուսական ֆուտբոլի համար կլիներ Սովետմիության ժամանակների նոր տարվա լիմոնադ:
Հեռահար ծրագրի առումով շվեյցարացիների հետ խաղի մեկնարկային մասում ռումինացիները լավ հնարավորություն ստացան, սակայն մրցակիցը հասավ ոչ-ոքի արդյունքի, ինչը հիսունից ավելի տոկոսի չափով մոտեցրեց փլեյ օֆ դուրս գալու նրա հավանականությունը, քանի որ խմբային վերջին հանդիպումն արդեն իսկ վեց միավոր ունեցող ֆրանսիացիների հետ է (ալբանացիներին հաղթել են 2:0 հաշվով):
Այստեղ ևս մեկ անգամ օգտվենք «թերևս» բառի ծառայություններից ու ասենք, որ հանգիստ խղճով կարելի էր Ֆրանսիա-Ալբանիա դիմակայությանը չանդրադառնալ, եթե գոնե մեզ զարմացրած բան չլիներ այդ խաղում: Ամբողջ իննսուն րոպե կողմերը չեն կարողացել դարպասին դիպուկ հարված կատարել: Իմ իմանալով՝ նման բան չի եղել ֆուտբոլի պատմության մեջ: Երկու գոլերը գրանցվել են հավելյալ ժամանակում ու որքան էլ տարօրինակ կարող է թվալ, դրանք եղել են դարպասին ուղղված միակ երկու նշանառու հարվածները: Արդյունքի առումով, ինչ խոսք, հարյուրտոկոսանոց ցուցանիշ է, բայց սա այն դեպքն է, որ հանգիստ կարող ես ասել՝ զահար լինի ձեր հարյուրտոկոսանոց արդյունքը:
Հարգելի ֆուտբոլասեր, ինչպես տեսնում եք, ֆուտբոլը մի խաղ է, որ մարդուս ինչ կարգի մտորումների մեջ ասես կարող է գցել՝ Օլիմպոսի աստվածներից մինչ ժողովրդական բառուբանի հիշատակումներ, էլ չեմ ասում ապրած հույզերի ու զգացումների վայրիվերումները: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ, դժվար է միանշանակ պատասխանելը, բայց որ գոնե մեզ համար հիշողության վարժանք է, սա անկասկած է: Իսկ եթե ինչ-որ մեկի համար էլ իմացության պաշարի համալրում կարող է լինել, սա արդեն կրկնահատույցով աշխատող բան է, ինչն ինքնին լավ բան է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ