Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նորմալացում 9 քայլով

Նորմալացում 9 քայլով
19.06.2016 | 11:15

Գարունը թուրք-ռուսական հարաբերություններին ապագայի հույսեր բերեց: Անկարան հարաբերությունները հին ժամանակներին վերադարձնելու նպատակով ճանապարհային քարտեզ մշակեց: Թուրքիան, որ ծրագրում է այդ ճանապարհն անցնել ռուսական կողմի հանդիպակաց քայլերի հետ, անհրաժեշտ չի համարում երրորդ երկրների միջնորդությունը և համարում է, որ այդպես գործընթացն ավելի արագ կտեղաշարժվի: Վերջնանպատակը մինչև դեկտեմբերի 15-ը հարաբերությունների նախկին մակարդակին վերադառնալն է: Թուրք-ռուսական հարաբերությունների, որ ճգնաժամի մեջ էին հայտնվել Անկարայի օդային տարածք մտած ռուսական ինքնաթիռի ոչնչացումից հետո, նորմալացման ճանապարհին քայլերը մեկը մյուսին հետևեցին:

Հին ժամանակներ վերադառնալու նպատակով Անկարան 9 կետով ճանապարհային քարտեզ է մշակել: Երկու երկրների ժոովուրդների փոխգործակցությունը նախկին մակարդակին վերադարձնելու համար նախ և առաջ կգործառնեն ԶԼՄ-ները և ՀԿ-ները: Նպատակը դեկտեմբերի 15-ին երկու երկրների հարաբերությունները ամենաբարձր մակարդակի հասցնելն է, ինչպես մինչև ճգնաժամն էր: Կիսամյա գործընթացի առաջին 3 ամիսներին Անկարան իր բարձրաստիճան պաշտոնյաներին կուղարկի Ռուսաստանում կազմակերպվող բոլոր միջոցառումներին ու հանդիպումներին: Մինչև սեպտեմբերի 1-ը կհաշվարկվի և կգնահատվի տնտեսական, քաղաքական, մշակութային ու սոցիալական ոլորտներում կրած վնասը:


Հանդիպակաց ջերմության ազդանշաններ
Կրեմլում պատասխանեցին նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ուղերձին, որով նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մաղթում էր «հարաբերությունները արժանավոր մակարդակի բարձրացնել»: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը ասաց. «Մենք ուզում ենք բարենպաստ հարաբերություններ Թուրքիայի հետ ու նորմալացում: Մենք ցանկանում ենք վերադառնալ փոխշահավետ համագործակցության բարի ժամանակներին: Բայց Անկարան պետք է անհրաժեշտ քայլերն անի»: Ջերմության ազդանշանների փոխանակումից հետո Թուրքիան ծրագրում է հաջորդ քայլերը, որպեսզի երկու երկրները նորմալացման գործընթաց սկսեն: Նորմալացումը՝ մինչև օգոստոսի 15-ը:
2. Մասնակցություն բարձրամակարդակ միջոցառումներին Ռուսաստանում: Անկարան Ռուսաստան կուղարկի փոխնախարարների, խորհրդականներին, գլխավոր տնօրեններին:
3. Վնասի գնահատում: Նորմալացման գործընթացում կարևոր պահ է սեպտեմբերի 1-ը: Մինչ այդ կգնահատվի տնտեսական, քաղաքական, մշակութային, սոցիալական ոլորտներում կրած վնասը: Հաջորդ երեք ամիսներին ռուս գործընկերների հետ փոխգործակցության ցանց կստեղծվի՝ հաղթահարելու համար այդ վնասը և իրավիճակը նորմալ հուն վերադարձնելու նպատակով նախ և առաջ քաղաքական ու տնտեսական ոլորտներում:
4. Հաղորդակցության միջոցներ: Երկու երկրների ժողովուրդների գործակցությունը նախկին մակարդակին բերելու համար կօգտագործվեն հաղորդակցության միջոցները՝ նախ և առաջ ԶԼՄ-ները ու ՀԿ-ները:
5. Հրապարակային դիվանագիտություն. Բարեկամական Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար աշխատանքներ կծավալվեն հրապարակային դիվանագիտության ոլորտում: Նախ և առաջ՝ մեդիաոլորտում: Կշեշտադրվի, որ ինքնաթիռը ընկավ ռուս օդաչուի սխալի պատճառով, այսքան լարված փուլում հարաբերությունների նորմալացմանը կնպաստի երկխոսության և դիվանագիտության համար ալիքների բացությունը: Կխոսվի, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թուրքիան անցավ ռուս ժողովրդի կողմը և հիմա շնորհիվ Թուրքիայում ձևավորված ազգակցական կապերի երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունները դարձել են ընտանեկան: Բացի այդ՝ ուշադրություն կդարձվի ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի հետ համատեղ գործադրվող ջանքերին թուրքալեզու հանրապետություններում նրանց պետականության զարգացման համար: Կապահովվի աջակցությունը թուրքական կինոարտադրությանը Ռուսաստանում:
6. Ջանքերի համակարգում: Ներկա փոփոխությունները հաշվի առնելով՝ արտաքին գործերի նախարարությունում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով կզբաղվի բաժին, որ զբաղվում է Մերձավոր Արևելքով (Սիրիայով):
7. «Աշխատանքային խմբի» ներդրումը: Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման և բարձր մակարդակի բարձրացնելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որտեղ ներկայացված կլինեն տարբեր ինստիտուտներ:
8. Բիզնես միությունների ներգրավումը: ՈՒշադրությունը կկենտրոնացվի հարաբերությունների նորմալացման գործընթացին խոշորագույն բիզնես-ասոցիացիաների աջակցության կարևորությանը՝ Պալատների միության, Թուրքիայի բիրժաների, Թուրքիայի արդյունաբերողների և բիզնեսմենների ասոցիացիայի, Անկախ արդյունաբերողների և բիզնեսմենների ասոցիացիայի:
9. Առանց միջնորդների: Հարաբերությունների նորմալացմանը միջնորդելու ցանկություն են հայտնել երկու երկրներ, բայց Անկարան ծրագրում է սկսել ուղղակի բանակցություններ և կարծում է, որ միջնորդների մասնակցությունը գործընթացը կդանդաղեցնի: Թուրք-իսրայելական հարաբերությունների նորմալացման գործընթացում անհաջող միջնորդության պատճառով գերակայում է տեսակետը, որ առանց միջնորդ երկրի Իսայելի հետ հարաբերությունների գործընթացը շատ ավելի արագ կզարգանար:
Չեթիներ ՉԵԹԻՆ, Yeni Safak, Թուրքիա


Հ.Գ. Առաջին հայացքից՝ Չեթիներ Չեթինին պետք է ձերբակալել՝ պետական գաղտնիք հրապարակելու համար, որովհետև այս դարակազմիկ գործողությունների ծրագրի հրապարակումը միանշանակ նվազեցնում է արդյունավետության գործակիցը: Իրականում ոչ թե պետական գաղտնիքի հրապարակում է, այլ քարոզչական գրոհ. տեսեք՝ ինչ նշանակություն ու կարևորություն ենք տալիս թուրք-ռուսական հարաբերությունների վերականգնմանը, ճանապարհային քարտեզ ենք կազմում, բաժիններ ենք բացում, աշխատանքային խմբեր ենք ստեղծում, բիզնեսմեններին ենք ներգրավում ու նույնիսկ ընտանեկան կապերն ենք աշխատեցնում: Բայց և՝ այս քարոզչական գրոհը ոչ մի լուրջ քայլ չի պարունակում և նման է գովազդային հոլովակի, որ կարող է բոլորովին չարտացոլել գովազդվող ապրանքի իրական որակները: Համենայն դեպս՝ դույզն-ինչ չի զգացվում, որ Անկարան պատրաստ է ներողություն խնդրել ու փոխհատուցել ռուսական ինքնաթիռը խփելու համար՝ հարաբերությունների վերականգնման պահանջը, որ քանիցս բարձրաձայնել է Մոսկվան: Անկարան հայտարարում է, որ ճանապարհային քարտեզն աշխատելու է ռուսական կողմից հանդիպակաց ջերմության պարագայում, որտե՞ղ է այդ ջերմությունը: Ինչո՞ւ է ընտրվել դեկտեմբերի 15-ը՝ իբրև հարաբերությունների վերականգնման վերջնաժամկետ, նույնպես անորոշ է: Թերևս՝ նոր տարին հին-նոր հարաբերություններով սկսելու համար: Կես տարի, ըստ այս ծրագրի, Թուրքիան գրոհելու է բոլոր հնարավոր ուղղություններով, և ստեղծվում է տպավորություն, որ թուրք-ռուսական հարաբերություններում տեղաշարժի անհրաժեշտությունը Անկարան գիտակցեց ու բարձրաձայնեց Ահմեդ Դավութօղլուի հրաժարականից հետո: Եթե հիշում եք՝ անցյալ տարվա նոյեմբերին հենց վարչապետն առաջինը հայտարարեց, որ թուրք զինվորականները գործել են իր հրամանով՝ նրանք իրավունք ունեն երկրի անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում կրակ բացել: Թուրքիան շտապում է, Ռուսաստանը՝ ոչ, թեև հարաբերությունները վերականգնելուն դեմ չէ՝ որքան էլ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարի, որ նախադրյալներ չկան: Նախադրյալը քաղաքական ու տնտեսական շահն է: Շահերի ընդհանրությունը: Էրդողանի ու Պուտինի քաղաքականության նմանությունն ու մեկուսացումից դուրս գալու ջանքերը: Ի վերջո՝ վնասի հաշվարկումն ու փոխհատուցման պատրաստակամությունը: Մեկ տարին, հաշվի առնելով մինչև դեկտեմբերի 15-ը նշանակված ժամետը, թերևս բավարար ժամանակ է մի բաժակ ջրի փոթորիկը ավարտելու համար, բայց խփված ինքնաթիռը պատրվակ էր, հարաբերությունների վատացման բուն պատճառը Սիրիայում շահերի բախումն էր, և այդ պատճառը դեռ կա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ