Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչ կա Էրդողանի մտքին

Ի՞նչ կա Էրդողանի մտքին
29.06.2016 | 11:56

Մոսկվայի տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ներողություն է խնդրել անցյալ տարվա նոյեմբերին խփված ռուսական կործանիչի համար: Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ ՌԴ նախագահին ուղղված նամակում Էրդողանը գրել է, որ ափսոսում է կատարվածի համար, Ռուսաստանին համարում է բարեկամ ու գործընկեր և ուզում է հարաբերությունները բարելավել: Մի՞թե Ռուսաստանի հետ տևական առճակատումից հետո Էրդողանը նորից գործընկերություն է որոնում՝ Bild-ում գրում են Յուլիան Ռյոպկեն և Դիրկ Հեմպելը:


Նախկին ՆԱՏՕ-ական գեներալ և Բունդեսվերի գլխավոր տնօրեն Հարալդ Կույատը կարծում է, որ «Թուրքիան իր համար նոր բարեկամներ է որոնում, որովհետև Եվրոպայի հետ հարաբերությունները հիմա շատ են բարդացել»: «Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ, քանի որ Պուտինի ու Էրդողանի շահերը հակասում են միմյանց. երկուսն էլ ուզում են ընդգծել իրենց հավակնությունները Սիրիայում և տարածաշրջանի մյուս թեժ կետերում»: Քաղաքական ռիսկերի գնահատման Verisk Maplecroft բրիտանական կոնսալտինգային ընկերության փորձագետ Էնտոնի Սկիները կարծում է, որ «Թուրքիան տարածաշրջանում ինքնամեկուսացած է և վեճի մեջ նախկին շատ դաշնակիցների հետ» ու «հիմա նրան պետք են ավելի շատ բարեկամներ»: Հիմա արդեն Թուրքիան կարող է հույս ունենալ Ռուսաստանից զբոսաշրջային հոսքի, որ դադարել էր ՌԴ իշխանությունների արգելքից հետո: Կարող է վերանալ թուրքական սննդամթերքի տնտեսական էմբարգոն:

Պուտինն էլ ուրախանալու առիթ ունի՝ հիմա ռուսական ինքնաթիռները չեն խփվի հինգ վայրկյանով Թուրքիայի օդային տարածքում հայտնվելիս, որը, կարող է ամրապնդել Ռուսաստանի ներխուժման ցանկությունը՝ շատ ավելի երկար ժամանակով՝ ՆԱՏՕ-ի արտաքին սահմանները թեստավորելու համար: Առավել ևս, որ իսրայելական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ու Սիրիայի հարևան պետությունների միջև համաձայնություն կա, որ իրենց օդային տարածքը խախտելու դեպքում չի կարելի ռուսական ինքնաթիռները խփել:
Յուլիան Ռյոպկե, Դիրկ Հեմպել, Bild


Հ.Գ. Գերմանացիների համար հարցը դեռ զուտ ռուս-թուրքական շրջագծում է՝ նրանք սպասում են հետագա զարգացումներին, որ մտածեն տարածաշրջանում ու աշխարհում ռուս-թուրքական տանդեմի վերականգնման հետևանքների մասին:
Իսկ ամերիկացիները հիշեցնում են, որ Էրդողանը զուգահեռ ձեռնարկել է հարաբերությունները բարելավել Իսրայելի հետ: Շիվոն О'Գրեյդին Foreign Policy-ում գրում է, որ ինչ-որ մեկից ներողություն խնդրել իր վարքագծի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը տանել չի կարողանում ավելի, քան տեղեկանալ, որ իրեն ինչ-որ մեկը նորից վիրավորել է: Այս շաբաթ նա որոշեց ինքն իր վրա բռնանալ և մի հարվածով բարելավել փչացրած հարաբերությունները Ռուսաստանի ու Իսրայելի հետ: Նոյեմբերին Անկարայի ու Մոսկվայի սառը հարաբերությունները սառցե դարձան, երբ թուրքական ռազմական ավիացիան խփեց ռուսական ինքնաթիռը: Անկարան պնդում է, որ ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը, Մոսկվան հերքում է: Ռուս օդաչուներից մեկը զոհվեց, ծովային հետևակի մեկ զինվոր էլ սպանվեց անձնակազմը փրկելիս: Երկրորդ օդաչուն փրկվեց: Մի քանի տասնամյակում առաջին դեպքն էր, երբ ՆԱՏՕ-ի անդամը ռուսական ինքնաթիռ խփեց, ռուսների վրա ՆԱՏՕ-ի հարձակման առաջին դեպքը, երբ Մոսկվան սեպտեմբերի վերջին միջամտեց սիրիական քաղաքացիական պատերազմին՝ ամրացնելու համար խուլ պաշտպանության անցած Բաշար Ասադի դիրքերը: Այն ժամանակ Պուտինը թուրքերի քայլն անվանեց դավաճանական հարված թիկունքից: Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Էրդողանը ՌԴ նախագահին նամակ է ուղարկել և «կարեկցանք ու խոր ցավակցություն» է հայտնել զոհված օդաչուի ընտանիքին: «Նամակում ասվում է, որ Ռուսաստանը Թուրքիայի բարեկամն է և ռազմավարական գործընկերը, որի հետ թուրքական իշխանությունները չեն ուզում փչացնել հարաբերությունները»,- ասաց Պեսկովը: Թուրքիայի պետական Anadolu գործակալությունը երկուշաբթի հաղորդեց, որ նախագահը «ցանկանում էր զոհված օդաչուի ընտանիքին տեղեկացնել, որ կիսում է նրանց ցավը և իր ցավակցությունն է հայտնում»: «Թող նրանք ներեն մեզ»,- գրել է Էրդողանը նամակում:


Միաժամանակ, Իսրայելի ու Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ կիրակի օրը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որ կտրուկ վատացել էին 2010-ին, երբ իսրայելցի զինվորականները հարձակվեցին Գազա գնացող թուրքական նավի վրա՝ սպանելով թուրքական ծագումով մեկ ամերիկացու և թուրք ութ ակտիվիստի: Պայմանավորվածության շրջանակներում զոհված թուրք քաղաքացիների ընտանիքներին փոխհատուցում կվճարվի 20 միլիոն դոլարի չափով: Կրեմլի ու Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու քայլերը Էրդողանը ձեռնարկում է Մերձավոր Արևելքի անվտանգությանը ԻՊ-ի աճող սպառնալիքի և Օսմանյան կայսրությունում 1915-ին հայերի ցեղասպանությունը ճանաչելու Գերմանիայի խորհրդարանի որոշման համապատկերում, որը Էրդողանը կտրականապես հերքում է: Իսկ երկուշաբթի գերմանացի իրավաբանների և իրավապաշտպանների մի խումբ հայտարարեց, որ քաղաքացիական հայց է դատարան ներկայացրել Էրդողանի դեմ՝ Թուրքիայում քրդերի նկատմամբ ռազմական հանցագործությունների համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1662

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ