Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մոսկվայի հաշտությունը Թուրքիայի հետ՝ սիրահարության պահեր

Մոսկվայի հաշտությունը Թուրքիայի հետ՝ սիրահարության պահեր
08.07.2016 | 10:06

Երբեմն օգտակար է, որ քաղաքական գործիչները հիշողություն չունեն՝ Der Spiegel-ում գրում է Բենիամին Բիդերը: Օրինակ, ռուսական ռմբակոծիչը խփելուց հետո՝ 2015-ի նոյեմբերին, և Մոսկվայի տուգանային քայլերից հետո ռուս ազգայնականների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հանրահավաքներ էր կազմակերպում Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առաջ՝ քարեր ու պոմիդորներ նետելով պատուհաններին և հեռուստատեսությամբ անձամբ նախագահ Էրդողանին անվանում էր թուրքական Հիտլեր: Երբ Էրդողանը հասավ ներողության, Մոսկվան ու Անկարան կատաղի արագությամբ սկսեցին մերձեցումը՝ Պուտինը հաշված օրերի ընթացքում հանեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, իսկ TEZ զբոսաշրջիկային օպերատորը հուլիսի 1-ից սկսեց ռուսներին ուղարկել Անթալիա՝ Թուրքիան վերադարձավ ռուսների սիրած հանգստավայրի նախկին դիրքեր:

Թեպետ՝ չարտերային թռիչքները Կրեմլն արգելել էր իբր ոչ իբրև վրեժ, այլ՝ ելնելով ռուս զբոսաշրջիկների անվտանգության նկատառումներից: Թուրքիայում ահաբեկչությունները չեն պակասել՝ վերջինի ժամանակ տասնյակ մարդիկ զոհվեցին: Այնուամենայնիվ, Կրեմլը մոռացավ անվտանգության նկատառումները, իսկ Ժիրինովսկին սկսեց մարգարեանալ, որ Թուրքիան ահա-ահա դուրս է գալիս ՆԱՏՕ-ից ու դառնում է ՇՀԿ-ի անդամ, Մաքսային միության անդամ և հեռանկարում շատ ավելի մերձավոր բարեկամ, քան եղբայրական Բելառուսը: Երկու կողմերն էլ վերջին ժամանակներս իրենց պահում են հենց նոր միմյանց սիրահարվածների պես: Հունիսի վերջին Էրդողանն ու Պուտինը 40 րոպե հեռախոսեցին, թեպետ մինչ այդ Կրեմլը ցուցադրաբար չէր պատասխանում Անկարայի զանգերին: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնեց Սոչի, իսկ հիմա երկու նախագահների աշխատակազմերը ակտիվորեն նախապատրաստում են Պուտինի ու Էրդողանի հանդիպումը: Հանդիպումը կարող է կայանալ Չինաստանում, G20-ի շրջանակներում սեպտեմբերին, գուցե նույնիսկ ավելի շուտ: Ավելին, «Независимая газета»-ն հղում անելով իր դիվանագիտական աղբյուներին, գրում է, որ բանակցվում է Սիրիա բեռներ փոխադրող ռուսական ինքնաթիռների համար թուրքական երկինքը բացելու հարցը: Ռուսաստանի ու Թուրքիայի բարեկամական հարաբերությունների վերականգնումը կարող է ներգործել ՆԱՏՕ-ի նախագծերի վրա, մասնավորապես՝ Ռումինիայի առաջարկի՝ Սև ծով ուղարկել ՆԱՏՕ-ի նավերը երկար ժամանակով:

Առանց Թուրքիայի ակտիվ աջակցության այդ նախաձեռնությունը հազիվ թե իրագործելի է: Թուրքիայի գծով փորձագետ Պավել Շլիկովը կարծում է, որ Մոսկվային ընդառաջ գնալ Անկարային ստիպեց ներքաղաքական իրավիճակը՝ ռազմական գործողությունները քրդերի դեմ և ԻՊ-ի ահաբեկչությունները վերջնականապես Թուրքիան վերածեցին պատերազմող երկրի, իսկ այդ իրավիճակում յուրաքանչյուր բարեկամ իր տեղն ունի:
Բենիամին ԲԻԴԵՐ, Der Spiegel


Հ.Գ. Իսկ հիմա Ժիրինովսկին կասի, որ Էրդողանը նոր ժամանակների Լենինն է և Ռուսաստանին բերում է խաղաղություն ու բարեկեցություն: Ժիրինովսկուն հենց դրա համար էլ հավերժ պատգամավոր են պահում, որ հայտարարի՝ ինչ ոչ մի նորմալ մարդ չէր ասի: Դա կոչվում է մեծ քաղաքականություն, թեպետ քաղաքականության հետք իսկ չկա վարձավճարված պոռոտախոսության մեջ՝ ում էլ թիրախավորի կամ փառաբանի: Ցավալին դա չէ, ցավալին այն է, որ ռուսական ամբողջ քաղաքականությունը կրում է Ժիրինովսկու անունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1699

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ