ՀՀԿ-ն այդպես էլ չկարողացավ Գյումրիում գեթ մի ՀՀԿ-ականի գտնել, ով կարող էր քաղաքապետի թեկնածու լինել: Ճարհատյալ ընտրեց բազմիցս «օգտագործված» տարբերակը: Գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ում ճակատի գիրը արդեն քանիերորդ անգամ պիտի փոխվի, պարզվեց` ՀՀԿ-ի համար ամենացանկալի թեկնածուն է: Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հիմնավորել է, թե ինչու են նրան ընտրել:
«ՀՀԿ-ն ունի վերլուծական կարողություն, որ կարողանա շեշտը, դրույքը դնել այդ պահին ամենաուժեղ և հաղթող թեկնածուի վրա: Մեզ համար կարևոր է, որ գյումրեցին այս տարիների ընթացքում տեսել է, բարձր է գնահատել գործող քաղաքապետի կազմակերպչական ջիղը, նվիրվածությունը քաղաքին: Այն աշխատանքները, որ իրականացնում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մեզ թույլ են տալիս ևս մեկ անգամ փաստելու, որ մենք մեր թիմային աշխատանքի շնորհիվ կարող ենք Սամվել Բալասանյանի կողմից ցուցակը գլխավորելով՝ Գյումրիում գնալ հաջողությունների»:
Իսկ իրենց տապալմանն էլ յուրահատուկ ձևակերպում է տվել. «Մենք չունենք այն վատ ավանդույթը, դոգման, որ անպայման բոլորը պետք է լինեն ՀՀԿ-ական, կուսակցական տոմսով: Մենք միշտ ներգրավելու ենք լավագույն կադրերին, լավագույն հմտություններ ունեցող մարդկանց պոտենցիալն օգտագործելու: Չենք ուզում և չենք լինի կոմունիստական կուսակցություն»: Որքան էլ Աշոտյանը ձգտի «ժողովրդավար» ներկայացնել իրենց ընտրությունը, հստակ է, որ իշխող մեծամասնությունը Գյումրիում «ձեռքի տակ» հարմար թեկնածու չունենալու պատճառով ընտրել է Բալասանյանին: Այլապես իրենց ասած «կազմակերպչական ջիղով, քաղաքին նվիրվածությամբ» Սամվել Բալասանյանը կընտրվեր առաջին իսկ պահից, ոչ թե ամիսներ շարունակ ՀՀԿ-ն անհույս փնտրտուքի մեջ կլիներ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ