Եվրոպայի ֆուտբոլի վերջին առաջնությունում Պորտուգալիայի ընտրանուն ոսկե բարձունքի հասցրած Ֆեռնանդու Սանտուշին չինական «Բեյցզին Գուոան» ակումբն առաջարկում է երկու տարվա համագործակցության պայմանագիր՝ տարեկան ութ միլիոն եվրո աշխատավարձով:
Սա հիրավի գայթակղիչ առաջարկ է, մանավանդ որ, վաթսունմեկամյա մասնագետը Պորտուգալիայի ընտրանու գլխավորի պոստում ստանում է չորս անգամ պակաս գումար:
Տեղեկացնենք, որ Սանտուշն ազգային ընտրանին գլխավորում է 2014 թվականից, իսկ ակումբային թիմի աշխատանքային վերջին փորձն ունեցել է վեց տարի առաջ: Հենց 2010-ին էր, որ նա հեռացավ հունական «ՊԱՕԿ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից:
Հ.Գ. Մինչ պատրաստում էինք այս ինֆորմացիան, հայտնի դարձավ, որ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկարաձգել է նրա պայմանագրի ժամկետը, և Սանտուշը երկրի ազգային ընտրանին կգլխավորի մինչև 2020 թվականը: Պայմանագրի ֆինանսական կողմի մասին ոչինչ չի հիշատակվում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ