Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ի՞նչն է վատ ու ի՞նչն է լավ Հայաստանի համար

Ի՞նչն է վատ ու ի՞նչն է լավ Հայաստանի համար
26.07.2016 | 09:08

Երևանում հուլիսի 17-ին սկսված իրադարձությունների վերաբերյալ 1in.am-ին հարցազրույց է տվել «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը: Հրապարակային գործունեություն ծավալող ռուս քաղաքական գործիչների արտոնյալ մասն ու քաղաքագետներն ունեն որոշակի առանձնահատկություն՝ նրանք մշտապես արտահայտում են Կրեմլի օրվա տեսակետը: Ժամանակի մեջ, նայած ստեղծված իրավիճակին, այդ տեսակետները լինում են նաև միմյանց հակասող, բայց երբեք չեն հակասում Կրեմլի օրվա քաղաքականությանը: Այս իրողության մեջ բազմիցս համոզվել ենք տարածաշրջանին ու Հայաստանին վերաբերող իրադարձությունների նրանց մեկնաբանությունների փաստով: Մոդեստ Կոլերովը ռուս քաղաքագետների բազմության մեջ փորձում է հնարավորինս պահել սեփական դեմքը՝ մեկ-մեկ իրեն թույլ տալով (արտոնվածի շրջանակներում) քննադատել իշխանություններին, բայց դա, կրկնում եմ, հազվադեպ է լինում, սովորաբար նա ասում է՝ ինչ պետք է Կրեմլին:


Ի՞նչը հանգեցրեց այսօրվա ճգնաժամային իրավիճակին Երևանում հարցին նա պատասխանել է՝ երկու գլխավոր պատճառ: «Առաջին՝ սոցիալական լայնածավալ ճգնաժամը Հայաստանում, որը իշխանությանը ընդդիմացող ցանկացած մեկին տալիս է առաքինի հեղափոխականի և գուցե նույնիսկ Ռոբին Հուդի կերպար: Երկրորդ պատճառը գործող իշխանության թուլությունն է, և հենց իշխանության թուլությունն էր պատճառը, որ ոստիկանական գունդը գրավողները ստացան այսպիսի վառ ընդգծված փողոցային աջակցություն և աջակցություն սոցիալական ցանցերում ու զանգվածային լրատվամիջոցներում»: Սոցիալական ճգնաժամը, սակայն, իշխանությանը ընդդիմացողին հեղափոխական չի դարձնում, դարձնում է քաղաքական ճգնաժամը: Բայց սա հարցի մի կողմն է, մյուս կողմում փաստն է, որ կատարվողը Կոլերովը համարում է ահաբեկչություն և շեշտում, որ «դա անհնարին կլիներ աշխարհի որևէ այլ քաղաքակիրթ երկրում»: Նաև օրինակներ է բերում՝ ահաբեկչական գործողությունները Փարիզում, Մյունխենում, «որտեղ որևէ մեկն անգամ մեկ վայրկյան չհապաղեց. միանգամից պարզեցին ահաբեկիչներին և ոչնչացրին»: Փաստացի՝ Մոդեստ Կոլերովը նույն հարթության մեջ է դնում «Սասնա ծռերի» զինյալներին և ԻՊ-ին, որ ստանձնել է Փարիզի ահաբեկչությունը: Ավելին՝ ահաբեկչությունը հովանավորելու մեղադրանք է ներկայացնում ՀՀ իշխանություններին, որոնց թուլության պատճառով «սովորական քրեական գործը քաղաքական հնչեղություն ստացավ»: Ի՞նչ իրավունք ունի նա նման եզրահանգումների: Ոչ մի, բայց Ռուսաստանում վաղուց իրավունք չեն հարցնում, նրանք սովորել են խոսել՝ ինչ ուզում են, երբ ուզում են և ինչի մասին ուզում են: Եվ չեն մոռանում՝ փաթեթավորել իրենց «անհանգստությամբ», «մտահոգությամբ», «պատասխանատվությամբ»: Այս անգամ էլ պարզվում է, որ «Մոսկվան անհանգստանում է իր գործընկերոջ կայունության համար», իսկ ԱՄՆ-ը և ԵՄ-ն «փարիսեցիություն են անում, երբ ասում են, թե պետք է զգույշ գործել զինյալների նկատմամբ»: Փաստացի՝ ռուսները նաև Հայաստանում կատարվող իրադարձություններով են շարունակում իրենց «կռիվն» ԱՄՆ-ի հետ՝ որոշելով, որ իրենք իրավունք ունեն նաև որոշել, թե ԱՄՆ-ը և ԵՄ-ն ինչ գնահատականներ տան տարբեր երկրներում կատարվող իրադարձություններին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իհարկե, այս ամենը, մեղմ ասած, անհեթեթ է, բայց Մոդեստ Կոլերովը հարցազրույցում նաև հայտարարել է. «Այս ահաբեկչական գործողությունը ոչնչացրեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բարոյական կապիտալը կարգավորման գործում: Սա ցույց տվեց իշխանության թուլությունը, և հիմա ցանկացած ոք աշխարհում, ով հետևում է այս իրադարձություններին, գիտի, որ եթե Երևանում ինչ-որ որոշում կայացվի, կամ Երևանը համաձայնի հիմնախնդրի ինչ-որ կարգավորման, դա կարող է որևէ նշանակություն չունենալ, որովհետև կհավաքվի մարդկանց խումբ, Աստված մի արասցե, կգրավի Օպերայի շենքը կամ ինչ-որ թանգարան, կինոթատրոն, և վերջ, իշխանությունը կգնա և կսկսի երկխոսել նրանց հետ: Սա վատ է, սա մեծ վնաս է հասցնում պետության դիրքերին ընդհանրապես, ոչ թե իշխող ռեժիմի, կոնկրետ նախագահի, այլ պետության դիրքերին»: Սա ամենաարժեքավոր միտքն է ամբողջ հարցազրույցում: Դատելով ամբողջ հարցազրույցի տրամաբանությունից, պետք է հասկանալ ճիշտ հակառակը՝ դա օգուտ է պետությանը և ամրացնում է պետության դիրքերը, որի համար Մոսկվան պատրաստ է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր ուղարկել Հայաստան՝ արտակարգ իրավիճակներին, ահաբեկչությանը հակազդելու համար, եթե Հայաստանը պաշտոնապես դիմի:


Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը, կարծես, նման պատրաստակամություն չդսևորեց, փոխարենը Կրեմլը զինադադարի համաձայնության հասավ՝ երբ հայկական բանակը հակագրոհի էր դիմում:
Ստեղծված իրավիճակի ելքը Հայաստանը պիտի որոշի՝ սա միանշանակ է: Ինչ հայտարարություններ, հարցազրույցներ, «մտահոգություններ», խորհուրդներ ու հորդորներ էլ լինեն դրսից: Մեծ երկիր է Ռուսաստանը, բավարար ուժեր ու ժամանակ ունի սեփական ռոբինհուդներով զբաղելու, մեր հարցերը մենք պիտի լուծենք:

Դիտվել է՝ 2410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ