Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պատասխանատվության ու պարտականության միջև

Պատասխանատվության ու պարտականության միջև
05.09.2016 | 17:59

Որ Հայաստանի ֆուտբոլի ընտրանին զիջելու էր Դանիայի հավաքականին, չեմ հավատում, թե կար կասկածող, որովհետև չեխերի հետ մերոնց ցուցադրած հակաֆուտբոլը լավատեսության նշույլ իսկ չէր թողել: Առաջին խաղակեսը վերն ասածիս ավելի քան համոզիչ ապացույցը եղավ: Երկրորդ խաղակեսում իրավիճակը փոքրիշատե փոխվեց, չես էլ կարող ասել՝ դանիացիների մեծամիտ անհոգությա՞ն, սանտիմետր քառակուսու վրա տեղացող անձրևի նորմայից ավելի խտության պատճառո՞վ, թե՞ մեր դարպասապահի կաշվից դուրս խաղալու շնորհիվ, ով երևի ազդվել էր մեր նախորդ հրապարակումից: Սակայն ողջ ցավն այն է, որ մեր հավաքականի կազմում դաշտ ելածներից միակ ազդվածը ոնց որ թե նա էր:

Մի խոսքով, գլուխներդ ի՞նչ ցավեցնեմ, պարտվել ենք մեզ համար փառահեղ հաշվով. բացթողածներս ընդամենը մեկ գոլ է, սակայն, արի ու տես, որ այս մի գնդակով պարտվելը հայտնի մուլտից նույնքան հայտնի ազվերինի էֆեկտ է թողել մեր հավաքականի գլխավորի մոտ, ով հետխաղյա մամլո ասուլիսում գլուխ է գովել, որ եթե վնասվածքի պատճառով հանդիպումը բաց թողած ֆուտբոլիստները դաշտում լինեին, խաղի հաշիվը բոլորովին այլ կլիներ:

Էստեղ են ասել՝ հալլա-հալլա:
Ի՞նչ է, հանդիպումը բաց թողած տղաները չեխերի հետ խայտառակ խաղին չէի՞ն մասնակցում, թե՞ Վարուժան Սուքիասյանի ողջ հաշվարկը հասարակ մահկանացուներիս կարճ հիշողության վրա է:
Ժողովուրդ ջան, ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ չարախնդում, ու մի թույլ տվեք հարկ եղածից ավելի կարևորել համեստ անձս, ասելով, թե բոլորից շատ ե՛ս եմ մեր հավաքականի հաղթանակն ուզում, բայց երբ մարդը ռեալության զգացումը կորցնում է, սա ոչ թե վտանգավոր է, այլ չափից ավելի վտանգավոր:
Հանդիպման հաշիվը, այո, բոլորովին այլ կլիներ, եթե դանիացիները տուրք չտային այն մտայնությանը, որ երբ ուզենան ու որքան ուզենան, Հայաստանի այս հավաքականին կարող են գոլ խփել: Հազար ափսոս, որ դրա համար չպատժվեցին, ինչպես լեհերը պատժվեցին ղազախների հետ խաղում՝ երկու գնդակ «ուտելով» ու երեքի փոխարեն մեկ միավոր վաստակելով:


Պոռո-պոռո խոսելու փոխարեն մեզ հարկ է այնպիսի հավաքական ստեղծել, որը յուրաքանչյուր նման մտածողի կտոր-կտոր կանի՝ առարկայնորեն ցույց տալով, թե ինչպիսին է լինում թիմը:


Կգա՞ այդ ժամանակը: Հարկավ կգա, եթե մեր ֆուտբոլային տնտեսությունը հիմնովին բարեփոխվի, այդ տնտեսության գլխին կանգնեն պրոֆեսիոնալներ, ոչ թե կենացի մակարդակով ղեկավարողներ: Իսկ քանի դեռ այդպես չէ, երկրում տիրող ընդհանուր վիճակի պես, որտեղ ջայլամի քաղաքականության կողքին անմնացորդ տիրություն են անում զոռբայությունը, թայֆաբազությունը, ամենաթողությունն ու հանցագործ անպատասխանատվությունը, մեր ֆուտբոլի վիճակն այսպիսին էլ կլինի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ