Սեպտեմբերի ութին, երբ դեռ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական չէր տվել, ՀՅԴ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանն ասում էր, որ նոր վարչապետը 99 տոկոսով կլինի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։ «Այո, նոր մոտեցումներ, նոր որակ անհրաժեշտ է։ Արդեն 90-99 տոկոսով նշանակվելիք նոր վարչապետին՝ պարոն Կարապետյանին, մենք գիտենք իբրև եռանդուն, ժամանակակից մտածողությամբ, բարդ խնդիրներ առաջադրելու, ձևակերպելու և լուծելու ընդունակ և լավ կազմակերպիչ՝ իր նախորդ աշխատանքային փորձառությամբ։ Հուսով ենք, որ նա՝ նոր վարչապետը, կկարողանա է՜լ ավելի համախմբել և կառավարության արդյունավետությանը նոր որակ հաղորդել»։
ՈՒթ օրից ՀՅԴ-ն, որ մինչ այդ էլ բացառում էր վարչապետի փոփոխությունը, հիմնավորելով, որ իրենց հետ՝ իբրև կոալիցիոն գործընկերոջ, որևէ քննարկում չի եղել, կարծես, փոխում է եթե ոչ գնահատականը, գոնե՝ վերաբերմունքը: Հինգշաբթի կառավարության նիստում Կարեն Կարապետյանն Արծվիկ Մինասյանին ասաց՝ «Չեմ հավատում», որ հիմք դարձավ կառավարության կազմում ՀՅԴ-ական պատգամավորների փոփոխության հավանականության քննարկումների: Իրականում, սա լուրջ հարց է և չի վերաբերում միայն Կարեն Կարապետյան-ՀՅԴ հարաբերություններին, այլ վերաբերում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրին, որի արժանահավատությունն է վիճարկվում, եթե նոր վարչապետը խնդիր է դնում փոխելու ՀՅԴ-ի նախարարներին, գուցե նաև ՀՅԴ-ի քվոտաները: Կարեն Կարապետյանից ռեստարտ են պահանջում, տնտեսության վիճակի փոփոխություն, բայց նրան պրոկրուստյան պայմաններ են առաջադրում՝ ուժայիններին ու ԱԳ նախարարին փոխել չի կարող Սահմանադրությամբ, տնտեսական բլոկի նախարարին՝ կոալիցիոն հուշագրով: Ի՞նչ է մնում նրան անել, եթե ոչ ՉՀԱՎԱՏԱԼ:
Բայց դա ՀՅԴ-ին չի հետաքրքրում, կուսակցությունը բացահայտ արտահայտում է իր վիրավորանքը և Կարեն Կարապետյանին կոչ անում շոուներից ձեռնպահ մնալ: Այսինքն՝ շոու է անվանում աշխատանքային նորմալ գործընթացը, երբ նախարարի ոչ հավաստի ու վստահ պատասխաններին հետևում է «Չեմ հավատում»-ը:
Արմեն Ռուստամյանը համարում է, որ շոուների տրամաբանությանը համապատասխանող, ինչ-որ տպավորություն ստեղծող քայլերը շատ կարճաժամկետ կյանք կարող են ունենալ, և ընդհանրապես՝ կառավարությունը «հավատափորձության տեղ չի», «կոնկրետ գործեր պետք է կատարվեն և այդ կոնկրետ գործերը կամ կան, կամ չկան»։ ՀՅԴ-ն ամբողջությամբ վստահում է իր նախարարներին ու, մասնավորապես, Արծվիկ Մինասյանին, որ գիտի իր համակարգը, և եթե չի հավատում վարչապետը, որ գիտի, թող համոզվի, ավելին՝ «Ես զերծ կմնայի, իր փոխարեն, այդպիսի բառապաշար օգտագործելուց»` ասել է Արմեն Ռուստամյանը: ՀՅԴ-ն չի վախենում նոր վարչապետի պահանջկոտությունից. «Մենք մեր նախարարներին չենք ասում, որ իրենք կառավարությունում պաշտպանված են ՀՅԴ անդամ լինելով: Նրանք, առաջին հերթին, իրենց գործով, իրենց պրոֆեսիոնալ ունակություններով են պաշտպանված»՝ բացատրել է Արմեն Ռուստամյանը: Իսկ եթե ո՞չ: ՀՅԴ-ն ընտրության առաջ է կանգնած՝ կամ զոհել իր նախարարներին, կամ սեպ խրել ռուս-դաշնակցական հարաբերություններում, որ հատկապես կարևոր են խորհրդարանական ընտրություններից առաջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ի՞նչ եղան «նոր մոտեցումները», «նոր որակը», «պարոն Կարապետյանի եռանդուն, ժամանակակից մտածողությամբ, բարդ խնդիրներ առաջադրելու, ձևակերպելու և լուծելու ընդունակ, և լավ կազմակերպիչ» լինելը: ՀՅԴ-ն այլևս հույս չունի՞, որ «նոր վարչապետը կկարողանա էլ ավելի համախմբել և կառավարության արդյունավետությանը նոր որակ հաղորդել»։ Թե՞ այդ ամենը ուժի մեջ էր կառավարության կազմում ՀՅԴ նախարարներին անփոփոխ տեսնելու պարագայում: Կարեն Կարապետյանը նախարարներից պահանջում է իրականացնել իրենց գործառույթները օրենքի շրջանակներում, նա դեռ չգիտի, որ Հայաստանում օրենքի առաջ հավասար են բոլորը, բայց կան ավելի հավասարներ, ամենահավասարներ ու բացարձակապես անհավասարներ: Արծվիկ Մինասյանը դա նրան կբացատրի՞, թեպետ իր գործառույթը չէ:
Կարեն Կարապետյանը «կհասկանա՞» այդ իրողությունը, թե՞ մտադիր է սիմվոլ դառնալ: Ընդամենը մի բառ, բայց և մի ամբողջ պատմություն, որ այդ բառի հետևանքով է: