Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանի սեպտեմբերի 22-ը

Հայաստանի սեպտեմբերի 22-ը
23.09.2016 | 00:08

Անկախության հանրաքվեի օրը Վարդգես Պետրոսյանն ասաց. «Անկախության կիրակին ավարտվեց, վաղվանից սկսվում է երկուշաբթին»: 25 տարի առաջ, երբ արբած էինք մեր հզոր «Այո»-ով ու տոն էինք ուզում ողջ կյանքի համար: Բայց սկսվեց երկուշաբթին, որ ծանր օր է, ու երկուշաբթին չի ավարտվում: Արդար լինենք՝ հայկական երկու պետություն ունենք՝ արդեն քառորդ դար: Պատերազմ ենք անցել: Երկրաշարժ: ՈՒ կանք: Բայց այսօր ավելի շատ կորցրածն ենք հաշվում, քան գտածը: Եվ, ուրեմն, շատ կարճ՝ տեղացու «մարդասիրական օգնություն» նոր վարչապետին.


1. Հայաստանում պետք է փոխել կառավարման որակը՝ ոչ թե գործը հիմքում դնելով, այլ մարդուն, ում համար արվում է գործը: Քաղաքական-կուսակցական պաթոսը խեղդում է միտքը, սպանում գաղափարը:
2. Հայաստանին պետք է մեծ արդյունաբերություն, առանց որի մնացած ոլորտները մրցունակ արտադրանքի հնարավորություններ չունեն, ուրեմն՝ աշխատատեղերի ստեղծումը նախընտրական ծրագիր է, որը, որպես կանոն, չի կատարվում:
3. Հայաստանին պետք է քաղաքակրթական ընտրություն՝ տեխնոլոգիական հեղափոխությունների դարում ձիով ինքնաթիռից առաջ տեղ չենք հասնի: ԵԱՏՄ-ն չէ այն կառույցը, որը կապահովի տնտեսական զարգացում, համակարգային փոփոխությունները ոչ թե համակարգի ներսում են լինում, այլ համակարգերի փոփոխություններ են լինում:
4. Բյուջեի կառուցվածքն է պետք փոխել: Ամեն տարի հայտարարվում է սոցիալական բյուջե ու դրվում գոյատևման խնդիր: Զարգացման իրական ծրագրեր են պետք: Հայաստանը միայն Երևանը չէ: Մարզերում է պետք աշխատատեղեր ստեղծել: Ոչ թե «Արի տուն», այլ «Մնա տանդ» է արդիական կարգախոսը: Ժողովրդագրական վիճակը փոխելը թիվ մեկ խնդիրն է Հայաստանում, որ կարող է լուծվել աշխատատեղ ու հեռանկար ստեղծելով:
5. Զբոսաշրջությունը եկամտաբեր բիզնես է, բայց ոչ մեր ենթակառուցվածքների վիճակով: Փոխարենը կան բարձր տեխնոլոգիաներն ու բանկային գործը, որ Հայաստանի դեպքում կարող էր, բայց չզարգացավ տարածաշրջանային դրամատան մակարդակի:
6. Հայաստանը շրջափակման մեջ է ոչ միայն ցամաքում, բացել է պետք Հայաստանի երկինքը՝ երկիրը պետք է սեփական շահութաբեր ավիափոխադրողն ունենա, ոչ թե երկրից դուրս թռիչքները սկսի ավտոմեքենայով Թբիլիսի հասնելուց:
7. 9-10 միլիարդ դոլար Հայաստանից դուրս է բերվել, ու՝ ի՞նչ: Հայտարարեք ֆինանսական համաներում ու թույլ տվեք, որ փողերը փող աշխատեն:
Հայաստանի օրացույցում միայն փետրվար ու սեպտեմբեր լինել չի կարող:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իբրև սկիզբ՝ ՀՀ վարչապետը նվազագույնը երկու երկրում պետք է պաշտոնական այցով լինի՝ Վրաստանում ու Իրանում: Դիվերսիֆիկացիան երկնքից չի ընկնում, տնտեսության մենաշնորհները վերացնելը «Գազպրոմից» սկսելը քաղաքակրթական ընտրությունը մեծացնելու ու այլընտրանք ստեղծելով՝ քաղաքական ու տնտեսական անկախության հիմքերն ամրապնդել է նշանակում: Իրանն այդ հնարավորությունները տալիս է: Տարածաշրջանում կա հայկական երկու պետություն՝ մեկը առանց մյուսի լիարժեք չի ստացվում: Խաղաղության ու պատերազմի միջև ժամանակը կրկնակի բարձր գին ունի, հաշվարկը սկսվել է: Սեպտեմբերի 13-ից:

Դիտվել է՝ 1661

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ