Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կարեն Կարապետյանի կոպիտ սխալը

Կարեն Կարապետյանի կոպիտ սխալը
25.09.2016 | 08:55

Երեկ՝ իր վարչապետ նշանակվելու 11-րդ օրը, Կարեն Կարապետյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, որ ՀՀ առաջին վարչապետն էր:


Պաշտոնական տեղեկատվությամբ՝ վարչապետը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է տնտեսության ներկա վիճակին, խնդիրներին և զարգացման ուղղություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես՝ տնտեսական քաղաքականությանը, կառավարման արդյունավետությանը, փոքր և միջին ձեռնարկատիրությանը, կրթությանը և գիտությանը, բանկային համակարգին և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր: Կամ խոսակցությունը շատ մակերեսային է եղել, կամ մինչև հիմա պիտի շարունակվեր:

Առավել ևս, որ մտքերի փոխանակության ընթացքում վարչապետին են ներկայացվել առաջարկություններ:
Կարեն Կարապետյանն ասել է, որ պետական ապարատը պատկերացնում է որպես ճկուն, գործող թիմ և ձեռնամուխ է եղել կառավարությունում կառուցվածքային փոփոխություններին, բացատրել է, որ փոփոխությունները անվանափոխության խնդիր չեն լուծում (իսկ կա՞ նման խնդիր), այլ ենթադրում են լուրջ բովանդակություն և նպատակային գործառույթներ: Կարեն Կարապետյանը նշել է, որ, օրինակ, ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարությունը լինելու է գործարարներին օժանդակություն ցուցաբերող պետական օղակ, որը քննարկելու է նրանց բարձրացրած խնդիրները և աջակցելու է ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը: Հետաքրքիր է՝ իսկ Հանրային խորհրդի որևէ անդամի հետաքրքրե՞լ է, թե բացի այդ օղակից՝ լինելո՞ւ է ուրիշ օղակ, որ զբաղվի էկոնոմիկայով, ու ընդհանրապես արդյունաբերությունը Հայաստանում ի՞նչ հեռանկար ունի, թե՞ խնդիրը ներդրումներ հավաքելը ու ձեռնարկատիրությանը աջակցելն է: Այդ պարագայում գուցե բացատրվի, թե «ձեռնարկատիրություն» ասելով ի՞նչ է հասկացվում՝ կոշկակարությունից մինչև զենքի արտադրություն այդ շրջագծում տեղավորվում են:


Փաստորեն՝ Կարեն Կարապետյանը Հանրային խորհրդին ասել է, որ նաև կրթության նախարարն է փոխվելու, որովհետև ըստ տեղեկատվության՝ «Վարչապետը կարևորել է նաև կրթության և գիտության դերը՝ որպես յուրաքանչյուր ոլորտի զարգացման հիմք և շեշտել, որ նոր կառավարությունը լրացուցիչ թափ է հաղորդելու կրթական համակարգի բարեփոխումներին»: Որպես կանոն՝ լրացուցիչ թափը նոր մենեջերներն են հաղորդում: Ասելիք չունի՞ Արմեն Ռուստամյանը «շոուների» թեմատիկայով: Իսկ Աղվան Վարդանյա՞նը, որ ինքնամոռաց կարևորում էր փոփոխությունները Հայաստանում նոր վարչապետի նշանակումով, իսկ կառավարության առաջին նիստից հետո ինքնամոռաց կարևորում էր ՀՅԴ-ի սկզբունքայնությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպմանը վարչապետ Կարեն Կարապետյանը հարկ է համարել ասել, որ նոր կառավարությունը, իր խնդիրները լուծելու ճանապարհին, հասարակությանը տեսնում է որպես գործընկեր, և այս տեսանկյունից Հանրային խորհուրդը խողովակներից մեկն է, որով գործադիրը հանրության հետ երկխոսություն է կառուցելու: Սա, թերևս, նոր վարչապետի առաջին կոպիտ սխալն է՝ հասարակությանը տեսնել որպես գործընկեր, բայց նրա հետ հարաբերվել միջնորդավորված՝ «խողովակների» միջոցով, թեկուզ այդ խողովակներից մեկը Հանրային խորհուրդն է: Կառույց, որ ստեղծվել է N թվով մարդկանց զբաղեցնելու համար՝ ստեղծելով N թվով խնդիրներ լուծելու N թվով պատրանքներ՝ ոչ մի արդյունքով: Հանրային խորհուրդը իր ստեղծման օրից հրատապ ու կարևոր ոչ մի խնդրի շուրջ իր տեսակետը չի ներկայացրել, իր մասին չի հիշեցրել, փոխարենը՝ պարբերաբար ինչ-որ նիստեր են գումարվել ու ՀԽ ներկա նախագահը ինչ-որ հարցազրույցներ է տվել՝ ի պաշտոնե: Փաստորեն՝ գազից հետո Կարեն Կարապետյանը «ժանգոտ խողովակներով» զբաղվելու հակում ունի:

Դիտվել է՝ 2486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ