Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ո՞վ է Հայաստանում ամենակարող

Ո՞վ է Հայաստանում  ամենակարող
27.09.2016 | 11:34

Հ1 հեռուստաընկերությունը սկսել է «Ամենակարող երգիչ» նախագիծը. պարզվում է՝ Հայաստանում ամենակարող միայն ռաբիսներն են: Քիչ էր, որ Հ2-ն է ժամերով եթեր տալիս նրանց, Հանրայինը ևս, պարզվում է, ռաբիսի երկրպագու է, կամ՝ այդպիսին է համարում հեռուստադիտողներին: Իսկ նրանք փոխվել են. «Անհապաղ դադարեցնել «Ամենակարող երգիչ» նախագծի ցուցադրումը» կոչով ստորագրահավաք է սկսվել change.org կայքում՝ ուղղված ՀՌԱՀ-ին և բոլոր մտահոգ հայերին։ Հանրայինի հեռուստաքաղաքականության հետ անհամաձայն քաղաքացիները հայտարարում են. «Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է իր լսարանի համար պատրաստել և հրամցնել մշակութային բարձր արժեք ներկայացնող հաղորդումներ, նրա գործունեության հիմնական նպատակը կայանում է հասարակությանը կրթելու և զարգացնելու առաքելության մեջ, իսկ նման նախագծերը ուղղակի կործանարար ազդեցություն կարող են ունենալ նույն այդ արժեքների համար: Եթե այլ հեռուստաընկերություններ, որոնց եթերները նույնպես լցված են աղբով, քիչ թե շատ անկախ են ու ենթակա չեն ժողովրդի պահանջի իրագործմանը, Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է հաշվի նստել իր լսարանի պահանջի հետ, քանի որ ֆինանսավորվում է պետական բյուջեից: Նրանք օգտագործելով մեր գումարները, մեզ են ներկայացնում իրենց ճաշակին համապատասխան հաղորդում: Հանրային հեռուստաընկերությունը պետք ու իրավունք չունի ընկնել ռեյթինգի հետևից, քանզի ֆինանսավորվում է բացառապես ՀՀ բնակչության միջոցներով: Հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ նշված նախագիծը իսկական սպանդ է հայ մշակույթի հանդեպ, պահանջում ենք անհապաղ դադարեցնել հաղորդման ցուցադրումը, քանի որ մենք ունենք դրա իրավունքը»։


Հայ մշակույթի սպանդը, իհարկե, միայն ռաբիսը չէ, ռաբիսի նկատմամբ վերաբերմունքն է, սերիալներն են՝ իրենց կեղծ արժեքների դավանանքով, նվնվոցով, քրեական-հիվանդանոցային-սիրային սրտաճմլիկ մելոդրամաներով, որ ալիքից ալիք կրկնում են իրար: Հայ մշակույթի սպանդը այդ մշակույթը չճանաչելն է ու մակերեսային սահքը գրականության, պատմության, ճարտարապետության, երաժշտության, լեզվի իրավունքների վրայով: «Ամենակարող երգիչը» հետևանք է, որի դեմ ստորագրահավաքով պայքարելը նման է գետի հունը ափով փակելուն:


Նույնիսկ երբ Հասմիկ Պապյանն է Ֆեյսբուքում արձագանքում. «Սա արդեն սպառում է հույսի նշույլը: Եվ հաղորդումը վարելու են ճանաչված, սիրված ՀՀ ժող. արտիստներ... Ոտքի՛, հայ ժողովուրդ: Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Երբ երկրում կարևորագույն փոփոխություններ են լինում, վարչապետ, նախարարներ ու կառավարության կառուցվածք են փոխվում, ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրում, ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպումներ է ունենում, հարևան Ադրբեջանը հանրաքվեով Սահմանադրություն է փոխում, որի հետևանքները նաև մենք ենք զգալու, թերթի առաջին էջեր բերել ինչ-որ հեռուստածրագի՞ր, որի դեմ բողոքում են ինչ-որ հեռուստադիտողնե՞ր: Միանշանակ՝ այո, քանի դեռ մշակույթը դոփում է թերթերի վերջին էջերում՝ առաջին էջերը զիջելով քաղաքականությանը, նույնն են մնալու թե քաղաքականությունը, թե քաղաքական գործիչները, թե քաղաքականության ու մշակույթի ընկալումները: Այդ վերաբերմունքն է անկարողներին դարձնում ամենակարող: Մշակույթը մտածողություն է ու աշխարհընկալում, ազատություն, որը չի նշանակում ամենաթողություն ու անտերություն, և արժանի է սիրո, հարգանքի ու խնամքի:

Դիտվել է՝ 1038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ