Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ե՞րբ կվերադառնա Էդվարդ Նալբանդյանը

Ե՞րբ կվերադառնա Էդվարդ Նալբանդյանը
27.09.2016 | 20:36

Նշանակվել է նախարարների երկրորդ խումբը՝ 11 նախարարների անուններն այլևս հայտնի են՝ Լևոն Մկրտչյանը կրթության և գիտության, Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման և զարգացման, Հրանուշ Հակոբյանը՝ սփյուռքի, Արփինե Հովհաննիսյանը՝ արդարադատության, Արմեն Երիցյանը՝ արտակարգ իրավիճակների, Արտեմ Ասատրյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի: Նրանք, փաստորեն, վերանշանակվել են: Հասմիկ Պողոսյանը այլևս չի պաշտոնավարի՝ Արմեն Ամիրյանը նշանակվել է մշակույթի նախարար, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ սպորտի և երիտասարդության նախարար, Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության, էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը, առողջապահության՝ Լևոն Ալթունյանը:


Վեց նախարարների վերանշանակումը ավելի շուտ ՀՀԿ-ի, քան՝ անկուսակցական Կարեն Կարապետյանի կամքի դրսևորում է: Փաստորեն՝ նոր վարչապետի լիցքը հերիքեց կառավարության առաջին, երկրորդ նիստերին և կառուցվածքային փոփոխություններին: Այս նշանակումներով նա ընդունում է, որ վեց ոլորտներում վիճակը համապատասխանում է իր ծրագրերին ու նպատակներին: Կամ՝ կա ճնշում, որին անիմաստ է համարում հակառակվել: Սա Հայաստանն է, ու՝ վերջ: Գաղջ մթնոլորտը կցրվի՞, թե՞ կխտանա: ՀՅԴ-ն պահեց իր երեք նախարարներին՝ թեթևակի տեղաշարժով, բայց ՀՅԴ-ի համար դա նորություն չէ: Դավիթ Լոքյանին, օրինակ, կարելի է գրանցել Գինեսի կամ Կարմիր գրքում իբրև իր կյանքում ամենաբազմազան ոլորտների նախարար: Արծվիկ Մինասյանն էլ կշարունակի նրա փառավոր ավանդույթները: Իվերջո, ի՞նչ տարբերություն էկոնոմիկայի ու բնապահպանության միջև, երբ խոսքը վերաբերում է բարեփոխումներին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում ասում էր, որ Կարեն Կարապետյանի հետ երկար է զրուցել, բազում հարցեր է տվել ու պատասխաններ ստացել, որից հետո է որոշում կայացրել: Կարելի՞ էր եզրակացնել, որ նոր վարչապետը արդեն պատկերացում ուներ նոր կառավարության կառուցվածքի ու կադրերի, իր անելիքների մասին: Դատելով սեպտեմբերի 13-ին հաջորդած նշանակումներից ու առաջարկներից՝ կամ այդ պատկերացումը չի համապատասխանում ստեղծված վիճակին, կամ վարչապետը համեստություն է անում ու չի ասում, որ կախարդական փայտիկ ունի ու կգործադրի իր համար անհրաժեշտ պահին: Երրորդ տարբերակ չկա: Փոփոխությունները տեղավորվում են «Ոչ Հովիկ Աբրահամյանին» ծրագրում՝ հանած Արփինե Հովհաննիսյանին: Այս դեպքում կամ բացառությունը հաստատում է օրենքը, կամ նա հասցրել է նոր վարչապետին համոզել իր մասնագիտական ունակությունների մեջ: Իսկ Արծվիկ Մինասյանի ոդիսականը ցուցադրական ելույթ էր՝ ուժերի հետախուզություն, որ ավարտվեց արագ ու անկորուստ կոմպրոմիսով:


Կառավարությունն առաջարկեց երեք նախարարություններ անվանափոխել, մեկը լուծարել: Նախատեսվում էր Էկոնոմիկայի նախարարությունը անվանափոխել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, բայց փաստորեն նշանակվեց էկոնոմիկայի նոր նախարար, իսկ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությո՞ւնը: Տրանսպորտի և կապի նախարարությունը վերանվանվում է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ նոր նախարարը տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ է, իսկ ի՞նչ է լինելու կապի ու տրանսպորտի հետ:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը կկոչվի Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն: Վերացվեց Քաղաքաշինության նախարարությունը՝ գործակալություն ստեղծելու համար (հավելեք զբոսաշրջության գործակալությունը ևս), մինչև նոր Սահմանադրության լիովին ուժի մեջ մտնելը: Այսինքն՝ ժամանակավոր լուծում է տրվում հարցին, կամ՝ հարցը շրջանցվում է, իսկ քաղաքաշինական պրոբլեմները աղաղակող են ու հազիվ թե մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը այդ պրոբլեմների մասին ավելի պատկերացում ունի ճարտարապետից: Այս առաջարկներով նոր վարչապետ Կարեն Կարապետյանը ուզում է մեծացնել կառավարման արդյունավետությունը: Կախարդական փայտիկից բացի այլ տարբերակ չի մնում:


Սփյուռքի նախարարը վերանշանակվեց, բայց նրա աշխատանքի արդյունավետությունը ևս չի փոխվելու՝ հաստատված կանոնադրությամբ այդ նախարարությունը պարզապես ֆունկցիա չունի: Եվ ով էլ Հրանուշ Հակոբյանի փոխարեն լիներ, ինչ խնամիներ ու ընկերուհիներ էլ ունենար, ՛՛Արի տուն՛՛ ծրագիրը գործունեության գագաթնակետն է լինելու: Ի՞նչ պիտի անի ապահովագրության կազմակերպիչը առողջապահության համակարգում՝ ևս մեծ հարցական է: Դե իսկ սպորտի նախարարը ով էլ նշանակվի, սպորտը Գագիկ Ծառուկյանի ձեռքում է:
Գուցե վաղ է գնահատականներ տալը՝ մանավանդ կառավարության ծրագիրը դեռ ներկայացված չէ, բայց արդեն իսկ պարզ է՝ ինչ խնդիրներ են դրվում, ինչ մակարդակում ու ինչ լուծումներ են առաջարկվելու: Նոր ոչինչ, պարզապես PR:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ե՞րբ է Էդվարդ Նալբանդյանը վերադառնալու Նյու Յորքից: Եթե նա վերանշանակվելու է, կարող էր վերանշանակվել և գործուղման մեջ: Մնում են ԱԳ-ն և ՊՆ, ովքե՞ր են լինելու արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները, նախորդ կառավարությունների դեպքում առաջինն են նշանակվել, ավելի ստույգ՝ վերանշանակվել:

Դիտվել է՝ 2163

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ