Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լուկաշենկոն Իսլամաբադում պատուհան է բացում դեպի Եվրոպա

Լուկաշենկոն Իսլամաբադում պատուհան է բացում դեպի Եվրոպա
06.10.2016 | 07:49

Պակիստանն ու Բելառուսը չեն կարող պարծենալ երկկողմ ներդրումային համագործակցությամբ՝ ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 5-ին Իսլամաբադում բելառուսապակիստանյան գործարար ու ներդրումային 4-րդ համաժողովի բացմանը: «Սակայն ձեր տնտեսության աճը, արտասահմանում կապիտալ ներդրումներ անելու հնարավորությունների մեծացումը բարենպաստ նախադրյալներ են ստեղծում, որ Բելառուսն իրավամբ դառնա Պակիստանի համար ներդրումային պատուհան դեպի Եվրոպա»՝ հայտարարել է Բելառուսի նախագահը:

Նա հիշեցրել է, որ Բելառուսն ու Պակիստանը այս տարի չորս պաշտոնական այցեր են փոխանակել բարձրագույն ու բարձր մակարդակներում: Լուկաշենկոն վստահ է, որ Բելառուսի ու Պակիստանի ներդրումային համագործակցությունը լավ հեռանկարներ ունի: «Ես հրավիրում եմ պակիստանցի բիզնեսմեններին ներդրումներ անել իրենց համար շահավետ բիզնեսներում Բելառուսի տարածքում: Վստահ եմ, որ այդ համագործակցությունը լավ հեռանկարներ ունի»,- ասել է նա: Լուկաշենկոն պատմել է Մինսկի մերձակայքում չին-բելառուսական «Մեծ քար» արդյունաբերական պարկի կառուցման մասին, նշելով, որ այդ նախագծին տարբեր երկրների ընկերություններ են մասնակցելու ցանկություն հայտնել: Նա ընդգծել է Բելառուսի տրանսպորտային-լոգիստիկ հնարավորությունները, «կետային» սեփականաշնորհման քաղաքականությունը և կադրային ներուժը:


«Պակիստանցի բիզնեսմեններին կոչ եմ անում լայնորեն օգտագործել մեր արդյունաբերական հնարավորությունները ձեր երկրում տարատեսակ ինֆրակառույցների նախագծերում: Ձեզ հետ համագործակցության պատրաստ են խոշոր և համաշխարհային շուկաներում իրենց լավ ներկայացրած ընկերություններ՝ Մինսկի տրակտորի գործարանը, Բելառուսի ու Մինսկի ավտոգործարանները, «Ամկոդորը», «Բոբրույսկգյուղմեքենաշինը», «Գոմգյուղմեքենաշինը», «Լիդգյուղմեքենաշինը»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել մսի ու կաթի վերամշակման, մանկական սննդի արտադրության ու պահածոյացման համատեղ ձեռնարկություններ բացելու համար: Երկկողմ հարաբերությունների տնտեսական բանաձևի հիմքերի համար, բացի արդյունաբերական կոոպերացիայից, նա առաջարկելէ գյուղատնտեսությունը: Առաջիկայում լուրջ առաջընթաց է կանխատեսել բանկերի համագործակցության մեջ, թեթև արդյունաբերության, անտառտնտեսության, մաքսային գործում, ստանդարտացման ու արտոնագրման մեջ: Քննարկվում է Բելառուսի ու Պակիստանի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հարցը:

«Մենք պետք է անպայման որոշարկենք Բելառուսի ու Պակիստանի համար 3-4 կարևոր նախագիծ ու անհապաղ սկսենք իրականացնել: Միշտ մեծ գործը փոքրից է սկսվում: Այս օրինակների վրա բոլոր բիզնեսմենները թե Բելառուսում, թե Պակիստանում կտեսնեն՝ ինչպես է պետք աշխատել: Նրանք, որ առաջին նախագծերը կսկսեն, կդառնան առաջամարտիկներ: Նրանց միջոցով Պակիստանն ու Բելառուսը մոտիկից կծանոթանան այս ու մյուս երկրի հնարավորություններին: Եթե պետք լինի, մենք կստեղծենք աշխատանքային խմբեր մեր համագործակցության ուղղությունների համար: Մենք պայմանավորվեցինք մեր հանդիպումների պարբերականության մասին: Ինչպես տեսնում եք, մենք ամեն տարի փոխադարձ այցեր ենք կատարում, որ վերահսկենք ընդունված որոշումները: Չափազանց կարևոր է, որ մեր երկրների փոխհարաբերությունները վստահություն ներշնչեն ու ռեալ տնտեսական բովանդակությամբ հագեցած լինեն: Նորից եմ ուզում կրկնել՝ բելառուսական կողմը բաց է արդյունավետ և տքնաջան աշխատանքի համար պակիստանյան բիզնեսի հետ բոլոր փոխշահավետ ուղղություններում»:
REGNUM


Հ.Գ. Օգոստոսի 11-ին Մինսկում նա Պակիստանի վարչապետ Նավաշ Շարիֆին խոստանում էր իր համար դեպի Եվրոպա պատուհան բացել, բայց կամ Շարիֆի սրտով չէ «բելառուսական» Եվրոպան, կամ Պակիստանում թռիչքային եղանակ չէ: Իսկ ապրել պետք է: Ահաբեկիչների հաշվին էլ: Ահաբեկչության դեմ պայքարողների հետ էլ: Ո՞Ւր է Բատկան գնալու հաջորդ անգամ:
Մինչ ԵԱՏՄ անդամները մանր-մանր քայլերով փորձում են ԵՄ-ԵԱՏՄ հարաբերություններ հաստատել, Բատկան ցատկ է անում՝ Եվրոպա-Պակիստան, միայն հասկանալի չէ՝ Բելառուսն ի՞նչ կապ ունի: Փաստորեն Ալեքսանդր Լուկաշենկոն համոզված է և ուզում է համոզել, որ գրպանում ունի Արևմուտքը և դեպի Եվրոպա պատուհան բացելն իր համար «փոխշահավետ բիզնես ուղղություն է»: Ստամբուլում նա միակ քրիստոնյա նախագահն էր, որ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամներին էր կոչ անում համագործակցել Բելառուսի հետ: Երևի չհամոզեց: Մինչև այսօր նրան լավ հաջողվել է միայն Ֆրանսուա Օլանդին, Անգելա Մերկելին, Վլադիմիր Պուտինին ու Պյոտր Պորոշենկոյին ձվածեղ ու լիտրերով սուրճ մատուցել ՈՒկրաինայի հարցով Մինսկում բանակցելիս: Հակառակ նրա սպասումների՝ ոչ ԻՀԿ-ի անդամները, ոչ Չինաստանը, ոչ էլ Պակիստանը չեն նետվում Բելառուս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1284

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ