Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Ռոնալդուն՝ մադրիդյան դերբիի լավագույն ռմբարկու

Ռոնալդուն՝  մադրիդյան դերբիի լավագույն ռմբարկու
22.11.2016 | 08:55

Դորտմունդի «Բորուսիա»-«Բավարիա» դիմակայությունում մյունխենցիներն ընթացիկ մրցաշրջանում կրեցին առաջին պարտությունը՝ աղյուսակի առաջին հորիզոնականի միանձնյա տնօրինումը զիջելով պարզապես փայլուն խաղ ցույց տվող, առաջնության նորեկ «Լայպցիգին», «Չելսիի» հաղթական հանդիպման արդյունքում նմանատիպ մի բան էլ եղավ անգլիական պրեմիեր լիգայում, «Մանչեստր Յունայթեդ»-«Արսենալ» առճակատումը կողմերից ոչ մեկին չտվեց գերազանցություն, «Բարսելոնի» համար պարտությանը հավասարազոր խաղաղ ելք գրանցվեց «Մալագայի» հետ հանդիպումում, իսկ առիթից առավել հատույցով օգտվողը եղավ Քրիշտիանու Ռոնալդուի ձեռամբ արտագնայում խոշոր հաշվով «Աթլետիկոյին» պարտության մատնած «արքայականը», միլանյան դերբիում վերջին վայրկյաններին «Ինտերի» խփած գոլը «Միլանին» ոչ միայն զրկեց երեք միավոր վաստակելուց, այլև թույլ չտվեց օգտվել «Ատալանտայի» հետ խաղում «Ռոմայի» վրիպումից ու դուրս գալ երկրորդ հորիզոնական:

ԳԵՐՄԱՆԻԱ
Բունդեսլիգայում շարունակում է ապշեցնել «Լայպցիգը»՝ ինչպես հասուն խաղով, այնպես էլ բարոյակամային բարձր հատկանիշներով, պայքարելու անհագ ծարավով: Առաջին իսկ րոպեին «Բայերից» բաց թողած գոլը հյուրերին թեև անակնկալի բերեց, սակայն չկոտրեց: Ընդամենը երեք րոպե պահանջվեց հաշվի հավասարությունը վերականգնելու համար: Այդուհանդերձ, «Լայպցիգը» միջխաղյա հանգստի գնաց պարտված: Երկրորդ խաղակեսում «Բայերն» իրացներ տասնմեկմետրանոցը, դժվար կլիներ ասել, թե հանդիպումն ինչ ընթացք կունենար, մինչդեռ Չալխանօղլու վրիպումը հզոր ազդակ եղավ հյուրերի համար, ովքեր նախ հավասարեցրին, ապա և առաջ անցան հաշվի մեջ: Սա իսկապես փառահեղ խաղում ձեռք բերված փառահեղ հաղթանակ էր՝ 3։2, որի վարձը եղավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:
Սակայն բունդեսլիգայի հերթականի թիվ մեկ դիմակայությունը Դորտմունդի «Բորուսիա»-«Բավարիա» հարաբերությունների պարզումն էր: Մրցակցությունը գուցե ոչ այնքան գրավիչ, սակայն խիստ լարված ստացվեց: Հանդիպման ելքը վճռեց Օբամեյանգի խփած միակ գոլը: Նկատենք, որ ընթացիկ մրցաշրջանում սա մյունխենցիների առաջին պարտությունն էր:
Հաղթանակի շնորհիվ 21 միավորով առաջատար եռյակ ներխուժած Դորտմունդի «Բորուսիային» այնտեղից հեշտությամբ կարող էին դուրս մղել թե՛ «Հերտան», թե՛ «Հոֆենհայմը», սակայն երկուսն էլ խաղաղ դաշն են կնքել: Առաջինն արտագնայում գոլազուրկ ոչ-ոքիով է ավարտել հանդիպումը «Աուգսբուրգի» հետ, երկրորդը սեփական հարկի տակ չի կարողացել կոտրել մրցաշարային աղյուսակի հետնապահ «Համբուրգի» դիմադրությունը՝ 2:2: «Լայպցիգն» ունի 27, «Բավարիան»՝ 24 միավոր:

ԱՆԳԼԻԱ
Արտագնայում «Կրիստալ Պալասի» նկատմամբ «Մանչեստր Սիթիի» դժվարին հաղթանակը (2։1) Խոսեպ Գվարդիոլայի սաներին օգնեց պահպանելու տեղն առաջատար եռյակում: Հյուրընկալվելիս ծանր հանդիպում ունեցավ և նախորդ տուրի արդյունքներով պրեմիեր լիգան գլխավորած «Լիվերպուլը»: Համենայն դեպս, «Սաուտհեմպտոնը» մերսիսայդցիներին թույլ չտվեց երեք միավոր տանել իր հարկից: Գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի:
Ոչ-ոքի է գրանցվել նաև «Մանչեստր Յունայթեդ»-«Արսենալ» դիմակայությունում՝ 1:1, ինչը հյուրերի համար որպես հաջողություն պիտի դիտել՝ նկատի ունենալով վերջին տարիներին «կարմիր սատանաների» հարկի տակ նրանց անհաջող մրցելույթները: Այստեղ միջանկյալ նկատենք. որքան Մոուրինյոն լղոզված արդյունք է ցույց տալիս, այնքան հաբռգում է իր գնահատականներում: Տեսեք, թե, ի պաշտպանություն իրեն և թիմի ցույց տված միջակ արդյունքներին, այս անգամ էլ ինչ է մոգոնել. «Հիանալի խաղից ու վատ արդյունքից հետո ինձ զանգահարեց Դիեգո արքան (նկատի ունի Մարադոնային- Մ. Հ.): Շնորհակալություն, ընկեր: Քո, իմ ընտանիքի, իմ ֆուտբոլիստների և «Մանչեստր Յունայթեդի» հիանալի երկրպագուների շնորհիվ երկուշաբթի ես նորից պատրաստ կլինեմ»: Մոուրինյոյի խոսքի մեջ նկատեցի՞ք վարպետորեն քողարկված ինքնապաշտպանությունը, հարկ եղած դեպքում մեծերի անվան հետևում թաքնվելու սատանայական ունակությունը: Երևում է, որ մեր արտգործնախարարի հետ կամ մի կտոր հաց է կիսել, կամ էլ նույն դիվանագիտական դպրոցում է ուսանել ու հրաշալի տիրապետում է չեղածը եղածի տակ «նաղդելու» սատանայական արվեստին: Պատկերացնում ե՞ք՝ ինչ կլիներ, եթե այդ խաղը հաղթական ավարտ ունեցած լիներ նրա համար:
Ինչևէ: Առաջատարների այս գրեթե համընդհանուր ոչ-ոքիների ֆոնին մեծ հետաքրքրություն էր ներկայացնում, թե ինչպիսին կլինի «Միդլսբրո»-«Չելսի» դիմակայության արդյունքը, արդյո՞ք «ազնվականները» կշարունակեն հաղթական մրցելույթների շարքը (վերջին հինգ խաղն ավարտել են հաղթանակով՝ գնդակների շլացուցիչ 16:1 հարաբերությամբ), ինչը նրանց կդարձներ առաջնության միանձնյա առաջատար: Թեև դժվարությամբ, այնուամենայնիվ, «Չելսիին» դա հաջողվեց անել: Հաղթական գոլի հեղինակը Դիեգո Կոստան է:
«Ազնվականներն» ունեն 28, «Լիվերպուլն» ու «Մանչեստր Սիթին»՝ 27-ական միավոր:


ԻՍՊԱՆԻԱ
Ավելի քան վառ ստացվեց «Դեպորտիվո»-«Սևիլիա» մրցակցությունը: Տանտերերի երկու գնդակի առավելությունը հյուրերը կարողացան նվազագույնի հասցնել միայն առաջին խաղակեսի ավարտին մոտ: Մինչև 87-րդ րոպեն լուսատախտակի վրա 2:1 հաշիվն էր, սակայն լակորունացիները չդիմացան փորձությանը, Վիտոլոն հավասարեցրեց հաշիվը, իսկ Մերկադոն հավելյալում խփեց հաղթական գոլը՝ 2:3:
Երկու կարմիր քարտ «վաստակելու» գնով հյուրընկալվելիս «Մալագան» գոլազուրկ ոչ-ոքի կորզեց «Բարսելոնի» հետ խաղում, դառնալով յուրօրինակ սենսացիայի հեղինակ, միաժամանակ ապացուցելով, որ «կապտանռնագույնները» մի բան են Մեսիով ու միանգամայն ուրիշ բան՝ առանց նրա:
Սեփական հարկի տակ անսպասելի խոշոր հաշվով պարտություն կրեց «Աթլետիկոն»՝ 0։3 հաշվով զիջելով «արքայականին»: Այստեղ բոլոր գոլերն էլ գրանցվել են Քրիշտիանու Ռոնալդուի անվան դիմաց, ինչն ավելի ցավեցնող է դարձնում Դիեգո Սիմեոնեի սաների պարտությունը: Հարկ համարենք նշել, որ սա Ռոնալդուի երկրորդ հեթ տրիկն էր «Աթլետիկոյի» հետ խաղում (ի դեպ, երկուսն էլ՝ արտագնայում), ինչի շնորհիվ նաև տասնութ գոլով դարձավ մադրիդյան դերբիների պատմության լավագույն ռմբարկուն՝ շրջանցելով լեգենդար Ալֆրեդո դի Ստեֆանոյին:
Առաջատար եռյակի խմբագրման գործում կարող էր իր լուրջ մասնակցությունն ունենալ 22 միավոր ունեցող «Վիլյառեալը», սակայն Բիլբաոյից անգամ մեկ միավոր տանելը հեշտ չէ, ուր մնաց երեքը: Արդյունքում՝ պարտություն տեղի «Աթլետիկից», թող որ նվազագույն հաշվով, սակայն դրանից ոչինչ չի փոխվում:
Լա լիգայի առաջատարը 30 միավոր ունեցող «արքայականն» է, երկրորդը չորս միավորով նրան զիջող «Բարսելոնն» է, երրորդը՝ «Սևիլիան»՝ 24 միավոր:

ԻՏԱԼԻԱ
Ինչպես և սպասվում էր, անակնկալ չեղավ «Յուվենտուս»-«Պեսկարա» մրցակցությունում: Երկրի գործող չեմպիոնը վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով:
Չկարողանալով զարգացնել առաջին խաղակեսի հաջողությունը՝ «Ռոման» սեփական հարկի տակ խաղացող «Ատալանտային» ոչ միայն հաշիվը հավասարեցնելու, այլև ամբողջ երեք միավոր պոկելու ու 25 միավորով առաջին հնգյակ ներխուժելու հնարավորություն տվեց:
Միլանյան դերբիում «Ինտերի» նկատմամբ «Միլանի» հաղթանակը նշանակում էր «իտալական գայլերի» շրջանցում երկրորդ հորիզոնականում բավականին տաքուկ դիրքավորվելու շահեկանությամբ: Խաղի ընթացքով, մինչև մրցավարի ավելացրած ժամանակն անգամ, ամեն ինչ գնում էր դրան, սակայն «Ինտերը» հաջողեցրեց հավասարեցնել հաշիվն ու իր հավերժական թշնամուն զրկել երեք միավոր վաստակելու հաճույքից:
Սկուդետեի առաջատարը շարունակում է մնալ 33 միավոր ունեցող «ծեր սինյորան», նրան յոթ միավորով զիջում են «Ռոման» ու «Միլանը»:

ՖՐԱՆՍԻԱ
Աղյուսակը եզրափակող «Լորիանի» դեմ խաղում մոնեգասկները ամեն ինչով էին առավել, ինչն իր արտահայտությունը գտավ նաև գրանցված արդյունքում՝ 3։0: «Մոնակոն» շարունակում է մնալ դիվիզիոնի ամենաշատ գոլ խփող թիմը՝ 39 գնդակ, և սա այն դեպքում, երբ մնացածները չեն էլ մոտեցել 30-ի սահմանագծին: Տուրը հաղթական եղավ և «Պարի Սեն Ժերմենի» համար՝ հյուրընկալվելիս «Նանտը» զիջեց 0։2 հաշվով:
Ինչպես հայտնի է, նախորդ տուրում նվազագույն հաշվով զիջելով «Կաննին»՝ մինչ այդ պարտություն չունեցող «Նիցցան» մսխեց ունեցած վեց միավորի առավելությունից երեքն ու տասներեքերորդ տուրի նախաշեմին ընդամենը այդքան միավորով էր առաջ իր թիկունքում ծանրորեն շնչող «Մոնակոյից» ու «Պարի Սեն Ժերմենից»: «Սենտ Էտիենի» հետ այս արտագնա հանդիպումն էլ հեշտերից չեղավ դիվիզիոնի առաջատարի համար, սակայն թիմը տուն դարձավ երեք միավոր վաստակած, ու նրա անվան դիմաց 32 միավորն է շողշողում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1062

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ