Դորտմունդի «Բորուսիա»-«Լեգիա» դիմակայությունը խփում է հնարավոր բոլոր ռեկորդները, Կուրբան Բերդիևն այս անգամ «Ռոստովի» փաստացի ղեկակալի դերում երկրորդ անգամ է ապացուցում, որ հեղինակություն ասվածն իր համար կատեգորիա չէ, «Բեշիկթաշը» անհավանականը դարձնում է հավանական, ԲԿՄԱ-ն գոհանում է խմբայինում իր համար ոչինչ չասող ոչ-ոքիով՝ հայտարարելով, որ այդ օրվա հանդիպումն իր համար լավագույնն էր Չեմպիոնների լիգայում, «Մոնակոն» «Տոտենհեմի» համար վերածվում է վիզաների ձևակերպման ծառայության, ներքին առաջնությունը հիմնովին ձախողող «Լեստերը» շարունակում է անպարտելի մնալ ՉԼ-ի խմբային խաղերում՝ հավասարապես ոտք գցելով գրեթե նույն աշխատանքային ռեժիմով ապրող ու գործող «Աթլետիկոյի» հետ (եթե «Լեստերը» մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի արդյունքով, մադրիդցիները բացարձակ արդյունք են ցույց տալիս):
A ԽՈՒՄԲ
Հաջորդ ռաունդ դուրս գալու ուղեգիր արդեն իսկ նվաճած «Արսենալն» ու «Պարի Սեն Ժերմենը» փլեյ օֆում գոնե տեսականորեն ավելի թույլ մրցակից ստանալու համար լոնդոնյան դիմակայությունում «Ո՞վ է խմբայինն առաջին տեղով ավարտելու» հարցն էին որոշելու: Հետևաբար մարզասերը «ատամով» խաղ ակնկալելու բոլոր հիմքերն ուներ: Այս առումով հերթապահ հանդիպում չէր կարելի ակնկալել նաև խմբային մյուս՝ «Լուդոգորեց»-«Բազել» մրցակցությունում, որտեղ կշեռքի թաթերին էր Եվրոպայի լիգայում ելույթները շարունակելու խնդիրը:
Եվ այսպես՝ «Արսենալ»-«Պարի Սեն Ժերմեն»: Փարիզցիները բացեցին հաշիվը, սակայն հանգստի գնացին գոլ «կերած»: Երկրորդ խաղակեսում եղավ հակառակը՝ լոնդոնցիներն առաջ անցան հաշվի մեջ, փարիզցիները կարողացան վերականգնել հավասարությունը: Խաղն այդպես էլ ավարտվեց, սակայն, ի հաշիվ լոնդոնյան հանդիպման արդյունքի (Փարիզում գրանցվել էր 1:1 հաշիվը), աղյուսակի առաջին հորիզոնականում հայտնվեցին ՈՒնաի Էմերիի սաները, որին, ի դեպ, թիմը գլխավորելու են հրավիրել ոչ այնքան ներքին առաջնությունում, որքան Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: Այո, Փարիզում շեշտադրումները փոխված են, ու դա միանգամայն բնական է, որովհետև ակումբի վրա խոշոր ներդրումներ են արված, իսկ փողը նորմալ մարդիկ հենց այնպես չեն ծախսում:
Խմբային երկրորդ դիմակայությունում տպավորությունն այնպիսին էր, ասես միայն «Բազելն» էր շահագրգռված հաղթանակով: Եվ այդուհանդերձ «Լուդոգորեցը» մրցակցին երեք միավոր վաստակելու հնարավորություն չտվեց (0:0)՝ ձեռի հետ առկախելով Եվրոպայի լիգայի ուղեգրի տիրոջ հարցը:
B ԽՈՒՄԲ
Հետագայի առումով այս խումբը կազմածներից մոտիվացիան իսպառ կորցրած միայն մեկ թիմ կար՝ «Նապոլիին» հյուր գնացած Կիևի «Դինամոն», եթե բացառենք սեփական երկրպագուի առաջ ամբողջովին մրի մեջ չմնալու հանգամանքը: Փոխարենը ոտքից գլուխ մոտիվացիա էր «Բենֆիկայի» հետ զույգ կազմած «Բեշիկթաշը»:
Ի՞նչ եղավ այստեղ:
Առաջին խաղակեսի արդյունքով մրցակցին 0:3 հաշվով պարտվող թուրքերը կարողացան հասնել ոչ-ոքի արդյունքի, ինչը, պարզ ասենք, ֆանտաստիկայի ոլորտից էր: Հանդիպման 3:3 հաշիվը «Բեշիկթաշին» հնարավորություն տվեց մնալու փլեյ օֆ դուրս բերող երկու ուղեգրերից մեկի հավակնորդի դերում: Ասում ենք՝ երկու ուղեգրերից մեկի հավակնորդի դերում, որովհետև «Նապոլին» սեփական հարկի տակ տարօրինակորեն չկարողացավ ծնկի բերել Կիևի «Դինամոյին»՝ 0:0: Խմբային այս ոչ-ոքիների արդյունքում երեք թիմերն էլ գրեթե հավասարապես հավակնում են Չեմպիոնների լիգայի փլեյ օֆի ուղեգրերին (Նապոլին» մյուս երկուսից մեկ միավոր ավելի ունի, և նրան միանգամայն բավարարում է առաջիկա հանդիպումում ոչ-ոքի արդյունքը):
C ԽՈՒՄԲ
Ավանդույթի ուժով փլեյ օֆում իր տեղն ամրագրած «Բարսելոնը», ի տարբերություն Մյոնխենգլադբախ մեկնած «Մանչեստր Սիթիի», Շոտլանդիայում իրեն ամեն կարգի ազատություն կարող էր թույլ տալ, մանավանդ որ դեռևս մեկ տուր առաջ էր ապահովել ցանկալի ուղեգիրը: Այո, կարող էր, սակայն չարեց ու դարձյալ շնորհիվ Մեսիի դուբլի՝ 2:0: Ի դեպ, արգենտինացին դարձավ միջազգային հանդիպումներում ակումբային մակարդակով 100 գոլ խփած աշխարհում առաջին ֆուտբոլիստը (92-ը՝ Չեմպիոնների լիգայում, 5-ը՝ ակումբային թիմերի աշխարհի առաջնություններում, 3-ը՝ Եվրոպայի սուպերգավաթում. նկատենք, որ նրա մոտակա մրցակիցը Քրիշտիանու Ռոնալդուն է՝ 99 գոլով):
Թվում էր, թե Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղում «Մանչեստր Սիթին» էլ պիտի պրոբլեմներ չունենար, սակայն գերմանացիներն իսկապես ճակատ տվեցին, ու թեև հանդիպման ոչ-ոքին (1:1) բուն նպատակի առումով նրանց էական բան չտվեց, բայց հո քրտնեցրին կղզիաբնակներին:
D ԽՈՒՄԲ
«Էյնդհովենի» հետ տնային խաղում «Աթլետիկոն» շարունակեց իր անպարտ ելույթների շարքը (2:0), թեև խմբային աղյուսակի առումով հաղթել-չհաղթելու խնդիր չուներ: Նման խնդիր չուներ և «Բավարիան», սակայն դա չէր նշանակում, թե «Ռոստովի» հետ արտագնայում միավոր կիսելը մտնում էր նրա պլանների մեջ: Սակայն ի՞նչ միավոր կիսելու մասին է խոսքը, ռուսական թիմը վերցրեց ու քրքրեց մյունխենցիներին՝ հաղթելով 3:2 հաշվով, ինչը ոչ պակաս սենսացիաների շարքից է: Ինչ խոսք, քրքրել ասածը չափից դուրս չափազանցված որակում է, սակայն «Ռոստովի» հաղթանակն այնքան անակնկալ էր, որ այդպես ասելը «կուտվի»: Փաստը մնում է փաստ, որ այս հանդիպման արդյունքով մեր հայրենակից Դանիելյանցի գլխավորած թիմը (որքան էլ թիմի թիկունքում կանգնած թիվ մեկ մարդը Կուրբան Բերդիևն է) Եվրոպայի լիգայում պայքարը շարունակելու փայլուն հնարավորություն ստացավ:
E ԽՈՒՄԲ
«Մոնակո»-«Տոտենհեմ» դիմակայությունը տհաճ ավարտ ունեցավ անգլիացիների համար: Այս հաղթանակով մոնեգասկները ձեռքի հետ մեծագույն նվեր արեցին գերմանական «Բայերին», որը Մոսկվայում ոչ-ոքի (1:1) ավարտեց հանդիպումը տեղի բանակայինների հետ: Ի դեպ, սույնից մեծապես ոգևորված էին հենց ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներն ու թիմի մարզչական կորպուսը, որոնք այդ խաղը բնութագրեցին իրենց համար այս խաղարկության լավագույն դիմակայություն: Լինում է և այսպիսի ուրախություն: Բանակայինների խմբային վերջին հանդիպումը Լոնդոնում է, և հաղթելու դեպքում նրանք «Տոտենհեմի» հետ կարող են տեղները փոխել, իսկ սա նշանակում է Եվրոպայի լիգայի ուղեգրի նվաճում:
Այս խմբից «Մոնակոն» արդեն իսկ տիրացել է ուղեգրերից մեկին, երկրորդի ամենահավանական տերը լոնդոնցիներից երեք միավոր ավելի ունեցող «Բայերն» է:
F ԽՈՒՄԲ
Նախորդ տուրում «Ռեալի» հետ խաղում սենսացիոն ոչ-ոքի արձանագրած «Լեգիան» (մադրիդցիները խաղավարտին մոտ կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը) Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումը սկսեց երկրորդ խելահեղության պատրաստակամությամբ: Լեհերն իրենց մտադրությունը հաստատեցին դարպասն առաջինը գրավելով: Մանրամասներին շատ չտրվենք՝ շեշտադրումը գերազանցապես պահելով գլխավորի վրա: Ընդամենը քսաներկու րոպեում կողմերի միացյալ ջանքերով արձանագրվեց դարպասի յոթ գրավում, ինչն աննախադեպ արդյունք է Չեմպիոնների լիգայի հանդիպումներում, եթե չասենք՝ առհասարակ:
Առաջին խաղակեսի չեմպիոնական գրաֆիկը (5:2՝ հօգուտ դորտմունդցիների) հարկադրեց հիշել, որ մինչ այդ Չեմպիոնների լիգայում մեկ խաղում խփած գոլերի առավելագույն թիվը եղել է տասնմեկը, ու այն գերազանցելու բոլոր հնարավորությունները կան: Ռեկորդային տասներկուերորդը եղավ լեհ Ժեզնիչակի գոլը սեփական դարպասը: Հանդիպման ամփոփիչ արդյունքն է 8:4: Ճիշտ է, այն ավելի շատ հոկեյի հանդիպման հաշիվ է հիշեցնում, բայց, ինչպես տեսնում եք, նման բաներ լինում են և ֆուտբոլային հանդիպումներում:
Խմբային մյուս դիմակայությունը հաշվի առումով անհամեմատ համեստ ստացվեց. արտագնայում «Ռեալը» 2:1 հաշվով պարտության մատնեց պորտուգալական «Սպորտինգին», նաև մեծապես օգտվելով նրանից, որ տանտերերը գրեթե մեկ քառորդ խաղաժամ հանդես էին գալիս տասը հոգով: Վերջին խաղում պորտուգալացիները լեհերի հետ խաղում պայքարելու են Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունքի համար, իսկ առաջին երկու տեղերում 13 միավոր ունեցող «Բորուսիան» է ու նրանից երկու միավորով հետ մնացող «արքայականը»:
G ԽՈՒՄԲ
Եթե այս խմբում կան թիմեր, որոնք բնավ խնդիր չունեն, «Լեստերն» ու «Բրյուգեն» են: Առաջինն արդեն անառարկելիորեն փլեյ օֆում է, երկրորդը, նույնքան անառարկելիորեն, թոշակառուների շարքում է, տան բազմոցին՝ միավորների զրո պաշարով: Աղյուսակի բերումով հենց նրանք էլ կազմում էին Չեմպիոների լիգայի հինգերորդ օրվա զույգերից մեկը: Նշենք դիմակայության լոկ թվային արտահայտությունը՝ 2:1:
Ինչ վերաբերում է խմբային մյուս, այն էլ խիստ առանցքային նշանակություն ունեցող երկրորդ դիմակայությանը, կողմերին չհաջողվեց իրար գերազանցել ու, որպես հետևանք, գոլազուրկ ոչ-ոքի, ինչը նշանակում է, որ վերջին տուրից առաջ շարունակում է բաց մնալ Չեմպիոնների լիգայի եզրափակչի երկրորդ ուղեգրի տիրոջ հարցը: «Պորտուն» ունի 8, «Կոպենհագենը»՝ 6 միավոր:
H ԽՈՒՄԲ
«Սևիլիա»-«Յուվենտուս» հանդիպումը մրցակցություն էր խմբայինի առաջին երկու հորիզոնականներում գտնվող թիմերի միջև, ընդ որում իսպանացիների առաջադասությամբ: Սկզբունքային նշանակությամբ այս դիմակայությունում շատ բաներով վճռորոշ եղավ անդալուզցիներից Վասկեսի հեռացումը հանդիպման 36-րդ րոպեին: Վերջնահաշվում գրանցվել է 1:3 արդյունքը, ինչը «ծեր սինյորային» 11 միավորով հանեց փլեյ օֆ: Ինչ վերաբերում է 10 միավորով մնացած «Սևիլիային», միանգամայն բավական է վերջին տուրում չպարտվելը:
Խմբայինի Զագրեբի «Դինամո»-«Լիոն» դիմակայությունում ֆրանսիացիները հաղթել են նվազագույն հաշվով ու, որպես մինիմում, լուծել Եվրոպայի լիգայի ուղեգրի խնդիրը, սակայն հասկանալի է, որ նրանց սիրտը «սամալյոտի միս» է ուզում, ու դրա համար դեռ արյուն կթափեն: Ի դեպ՝ «Սևիլիայի» հետ խաղում: Ի դեպ՝ սեփական հարկի տակ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ