Տարեվերջին Ադրբեջան-Իրան-Թուրքիա եռանկյունում չգիտես ինչու սկսեցին խոսել Լեռնային Ղարաբաղում ապրիլյան արյունոտ պատերազմի և այդ կոնֆլիկտի կարգավորման հեռանկարների մասին: Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցություններում, որ անցնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, դադար է: Վաշինգտոնն ու Փարիզը փոխեցին համանախագահներին: Ապրիլյան պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը մասնակցեց Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաժողովներին: Սակայն նրանք բախվեցին Բաքվում ու Երևանում կոնֆլիկտի կարգավորման մեթոդոլոգիայի ու հեռանկարների տարբեր ընկալումների: Հիմա հասկանալի չէ՝ կկայանա՞ Համբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որևէ տեղեկություն չկա, որ կողմերը պատրաստում են բանակցային համաձայնեցված օրակարգ:
Բաքուն տորպեդահարեց Ռուսաստանի առաջարկը՝ շփման գծում վերահսկողության համակարգի և միջազգային դիտորդների տեղակայման մասին՝ ակտիվացնելով ռազմական հռետորաբանությունը: Bloomberg-ի գնահատականով՝ «կոնֆլիկտը նորից կարող է տաք փուլ մտնել»՝ չնայած անգամ այն փաստին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Մոսկվան ու Երևանը ստեղծում են երկու երկրների Միացյալ զորամիավորում, Հայաստանն արդեն ՌԴ-ից ստացել է օպերատիվ-մարտավարական «Իսկանդեր» համակարգեր: Ռազմական փորձագետների գնահատականով՝ դա ինչ-որ չափով հավասարակշռեց Երևանի ու Բաքվի միջև ռազմական հավասարակշռությունը: Բայց Ադրբեջանում հայտնվեցին ուժեր, որ ուզում էին ապրիլյան պատերազմի «այլ» արդյունքներ տեսնել, նրանք դժգոհ են, որ սկզբնական «հաջողություններից» հետո զորքերը կանգ առան, իսկ դիվանագիտությունը չկարողացավ վերափոխել «հաղթանակը» ինչ-որ ձեռքբերումների: Այդ պատճառով էլ այդ ուժերը խաղում են իրավիճակի սրման վրա, տարբեր պատրվակներով արգելակում են ՄԽ աշխատանքը՝ տպավորություն ստեղծելով, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման միակ հնարավորություն համարում է պատերազմը: Այդ ուղղությամբ նրանք սկսեցին խաղարկել որոշ արևմտյան ուժերի՝ վերջերս Tool Shed Group ընկերության, որ օտարերկրյա կառավարություններին, հասարակական-քաղաքական կազմակերպություններին խորհուրդներ է տալիս ռազմավարական հաղորդակցության և քաղաքականության ոլորտում, տնօրեն Ջեյսոն Կացը (այդպիսի խմբերի գործունեությանը դեմ է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը) American Thinker-ում հոդվածում գրում է, որ «Թրամփը կարող է փոխել շեշտադրումը և օգնել Ադրբեջանին ապաօկուպացնել Հայաստանի գրաված տարածքները, դրսևորել պրագմատիկ, ԱՄՆ-ի ազգային շահերի վրա հիմնված տեսակետ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին և օգնել վերջապես լուծելուն»: Որովհետև «Ադրբեջանը շարունակում է աջակցել ԱՄՆ-ին միջազգային հարթակում և դարձել է, ինչպես ոմանք ասում են, Իսրայելի անփոխարինելի դաշնակիցը»: Միևնույն ժամանակ Կացը զգուշացնում է, որ «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կողմերի միջև նոր սրացումը, ինչպես եղավ ապրիլին, կարող է վերաճել պատերազմի Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և այլ երկրների զինված ուժերի մասնակցությամբ»: Բաքվին համահունչ է գործում Անկարան: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, բացարձակապես անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային օրակարգը, հայտարարում է, որ «ԱՄՆ-ը, ՌԴ-ն ու Ֆրանսիան պետք է արագ կատարեն իրենց պարտավորությունները՝ վերադարձնեն Ադրբեջանին բոլոր հողերը և կատարեն իրենց պարտականությունները ադրբեջանցի փախստականների առաջ, որ հայ օկուպանտները վտարել են հայրենի հողերից»:
Նման հայտարարություններ հնչում են տարբեր մակարդակներում՝ նախագահի, վարչապետի, դիվանագետների: Ապրիլյան պատերազմի ժամանակ Անկարան, որ Ռուսաստանի հետ առճակատման մեջ էր մտել, Մոսկվային ներկայացնում էր իբրև Հայաստանի կողմնակից և կոչ էր անում կամ ցրել Մինսկի խումբը, կամ Թուրքիան ևս ընդգրկել ձևաչափում իբրև համանախագահ: ՌԴ-ի հետ հարաբերությունների նորմալացումից հետո էլ Թուրքիան այդ ուղղությամբ իր քաղաքականությունը չի փոխել՝ շանտաժելով Մոսկվային, առայժմ դիվանագիտական և քարոզչական միջոցներով:
Իրեն այլ կերպ է պահում Իրանը: Օրերս Իրանի նախագահի խորհրդական Ալի Ասկար Սոլտանիեն, աջակցություն հայտնելով Ադրբեջանի ինքնիշխանությանն ու անկախությանը, միաժամանակ ինտրիգային հայտարարություն է արել. «Ապրիլյան ճգնաժամի ընթացքում մենք ուղղակի զգուշացրել ենք Հայաստանին, որ թույլ չենք տա իրավիճակի հետագա լարում: Եթե Թեհրանի ու Երևանի միջև կապեր չլինեին, Հայաստանը, 1990-ականների սկզբին, հենվելով իր հովանավորների վրա, կշարունակեր ռազմական գործողությոնները: Երևանում գիտակցում են, որ իրենք կախում ունեն ԻԻՀ-ից և չեն սրում իրավիճակը»: Իրանի ներկայացուցիչը համոզված է, որ իր երկիրը պետք է Հայաստանի հետ հարաբերությունները պահպանի, որ հնարավորություն ունենա ներգործել տարածաշրջանի իրադարձությունների վրա և նույնիսկ ճնշում գործադրել: Հարցին՝ ինչո՞ւ Թեհրանը որևէ կերպ չի ներգործել Երևանի վրա 1990-ականների սկզբին, ի պատասխան Ալի Ասկար Սոլտանիեն առաջարկել է հարցնել Ադրբեջանի նախկին ղեկավարներին, որ «չափազանց շատ սխալներ են գործել»: Իրանն այն ժամանակ զգուշացրել է Բաքվին, որ «նման քաղաքականության շարունակումը Ադրբեջանի շահերից չի բխում, բայց Հեյդար Ալիևի իշխանության գալուց հետո իրավիճակը փոխվել է»: Ապրիլյան պատերազմի օրերին Թեհրանը զգուշացրել է Երևանին, թե ոչ, կարող է հաստատել կամ հերքել միայն Երևանը: Լեռնային Ղարաբաղի պրոբլեմը քննարկվել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի Բաքու այցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ: Սոլտանիեի հայտարարությունից որոշ եզրակացություններ են բխում՝ Թեհրանը ենթադրում էր (կամ չէր բացառում), որ ապրիլյան պատերազմի օրերին Երևանը կարող է «խորքային հարված» հասցնել Ադրբեջանին, այդ պատճառով իրանցիները խոչընդոտել են դրան: Դա՝ առաջին: Երկրորդ՝ համեմատելով Ալիև ավագին և Ալիև կրտսերին Թեհրանը նրան կոչ է անում չկրկնել Վրաստանի նախագահների, մասնավորապես, Միխեիլ Սաակաշվիլու, սխալները, որ 2008-ի օգոստոսին պատերազմ հարուցեց:
Վերջապես, Թեհրանը չի պատրաստվում տարածություն պահել Երևանի հետ և մտադիր է զարգացնել նորմալ առևտրատնտեսական ու նույնիսկ ռազմատեխնիկական կապերը՝ հակառակ Բաքվի պահանջին՝ ուրվագծելով իրենց հետաքրքրող ուղղությունը: Գլխավոր ինտրիգը հենց այդ հարցի շուրջ է՝ քանի որ այդպիսով Թեհրանը խորտակում է ԱՄՆ-ի «փաթեթը», որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը կապում է հայ-թուրքական սահմանի բացման հետ: Դա ցույց է տալիս, որ Ադրբեջանը ընկալվում է իբրև «օրինակ պատմական ռուս-թուրք-իրանական հատման ու սիմբիոզի»: Պատժամիջոցներից ազատվելով Իրանը սկսել է ամրապնդել իր ազդեցությունը տարածաշրջանում, Ռուսաստանը ևս վերադարձել է տարածաշրջան հետխորհրդային ապակողմնորոշումից հետո, մինչդեռ Թուրքիան, խրվելով «արաբական գարնան» և Իրաքի ու Սիրիայի կոնֆլիկտներում, կորցնում է Ռուսաստանից ու Իրանից ուժեղ լինելու պատմական հնարավորությունները: Այդ փաստարկը պետք է շատ ուժեղ համարել և Մոսկվա-Բաքու-Թեհրան հաղորդակցային ալյանսի, և Բաքու- Անկարա ռազմակավարական գործընկերության, Մոսկվա-Երևան ռազմատեխնիկական դաշինքի և տարբեր նկատառումներով նրան հարող Թեհրանի, ենթատեքստում: Ընդ որում, Ռուսաստանն ու Թեհրանը պատրաստ են համագործակցել Թուրքիայի հետ Մերձավոր Արևելքում, այսինքն՝ Սիրիայում ու Իրաքում, բայց ոչ Անդրկովկասում: Համենայն դեպս՝ առայժմ: Մոսկվան հայտարարում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կողմերից որևէ մեկի վրա ճնշում գործադրելն արգելելու պոստուլատը, քանի որ կողմերը իրենք պետք է ելք գտնեն իրավիճակից՝ առանց «հաղթողների ու պարտվողների» (ի դեպ, համարվում է, որ դա ակնարկ է, որ Մոսկվան, ինչպես ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահները, հասկանում է՝ Ստեփանակերտը վաղ թե ուշ պետք է վերադառնա բանակցային սեղան):
Վերջապես, ՀՀԿ-ի XVI համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միանշանակ հայտարարեց. «Մենք Բաքուն գրավելու և կապիտուլյացիա պարտադրելու ռազմաքաղաքական խնդիր չենք հետապնդում: Սակայն նաև շատ լավ գնահատում ենք, թե ինչ տեսակի անդառնալի կորուստ կարող ենք հասցնել հակառակորդին: Կարծում եմ՝ ավելի մանրամասնելու կարիքը չկա:
Ապրիլին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սանձազերծեց Արցախի դեմ՝ պատերազմի հանցագործություններ կատարելով խաղաղ բնակչության և ռազմագերիների հանդեպ: Ադրբեջանի այդ ագրեսիան լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին: Այժմ հիմնախնդրի կարգավորման ջանքերը բաժանվել են «ապրիլից առաջ» և «ապրիլից հետո» փուլերի: Թե «առաջ», թե «հետո» մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Հայաստանը և Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն: Սա է մեր և Ադրբեջանի մոտեցումների ամենաէական տարբերությունը:
Խորապես համոզված եմ, որ Արցախի հարցը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են: Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական ու արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ»:
Գործնականում ոչինչ չկա հավելելու: Ստատուս քվոն տարածաշրջանում պահվում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության շնորհիվ, այլև ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի ու Իրանի մասնակցությամբ հավասարակշռության բարդ համակարգի: Այդ համակարգի խախտումը ցանկացած հատվածում անպայման կհանգեցնի մասշտաբային տարածաշրջանային զինված բախման:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Սկսենք նրանից, որ Բաքուն տորպեդահարեց ոչ թե Ռուսաստանի առաջարկը՝ շփման գծում վերահսկողության համակարգի և միջազգային դիտորդների տեղակայման մասին, այլ՝ Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունը, որին հաջորդած Սանկտ Պետերբուրգի բանակցությունները Վիեննայի շարունակությունը չէին: Երկրորդ՝ պետք չէ Bloomberg-ի գնահատականով պայմանավորել ՀՀ-ՌԴ Միացյալ զորամիավորման ստեղծումը, որի նպատակը բնավ էլ Ադրբեջանի հետ կռվելը չէ: Երրորդ՝ Ադրբեջանում չեն կարող հայտնվել ինչ-որ ուժեր՝ առանց Իլհամ Ալիևի հրահանգի, ոչ մի ուժ էլ չկա, կա արտաքին ներգործություն Ալիևի վրա: ՈՒ պետք չէ սովոր շարժումով սլաքն ուղղորդել ԱՄՆ ու Ջեյսոն Կացին օգտագործել՝ հայտարարելու, որ Թրամփը կարող է օգնել Ադրբեջանին ապաօկուպացնել Հայաստանի գրաված տարածքները, դրսևորել պրագմատիկ, ԱՄՆ-ի ազգային շահերի վրա հիմնված տեսակետ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին և օգնել վերջապես լուծելուն՝ հիմնավորելով, որ Ադրբեջանը շարունակում է աջակցել ԱՄՆ-ին միջազգային հարթակում և դարձել է, ինչպես ոմանք ասում են, Իսրայելի անփոխարինելի դաշնակիցը: Կացը՝ Կաց, բայց տասնյակ փորձագետների գնահատականով՝ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները իրենց լավագույն օրերը չեն ապրում, պատահական չէր, որ ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկում էին քննարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հարցը: Եվ վերջապես՝ Թրամփով, թե առանց Թրամփի ԱՄՆ-ը գերտերություն է, որ իր շահերն ու արտաքին քաղաքականությունը չի պայմանավորում՝ միջազգային հարթակում իր օգտին քվեարկություններով: Գոնե համատեղ տնտեսական շահերից խոսեին:
Չորրորդ՝ ինչ է հայտարարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, ԵԱՀԿ Մինսկի խումբը երբեք չի ունեցել ու չունի պարտավորություններ, ունի միջնորդական մանդատ, որի մեջ չի մտնում տարածքների ու փախստականների անհապաղ վերադարձ, այլ՝ բանակցություններ: Այնպես որ Էրդողանը որքան ասես կարող է աղմկել, դա հնամենի քարոզչական հնարք է, ոչ ավելին: Եվ հինգերորդ՝ ո՞ւմ հայտնի չէ, որ ՌԴ-ն «չի խառնվում» Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին ոչ մի հարցում, առավել ևս՝ Լեռնային Ղարաբաղի: Վեցերորդ՝ Իրանի նախագահի խորհրդական Ալի Ասկար Սոլտանիեի հայտարարություններից բնավ չի բխում եզրակացությունը, թե Թեհրանը տարածաշրջանում ինչ մտադրություններ ունի: Իրանի նախագահի խորհրդականի հայտարարությունը սկանդալային է ու զարմանալի չէ, որ ՀՀ ԱԳ-ն, ինչպես միշտ, գերադասեց չանդրադառնալ haqqin.az-ին տրված հարցազրույցին: Կամ էլ դիվանագիտորեն չնկատելու տվեց հարևանի հայտարարությունները, լավ հասկանալով՝ Թեհրանը ում, երբ, ինչ է ասում, իսկ ինչ է անում: ՈՒ՝ յոթերորդ ՀՀԿ-ի XVI համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը լավ «մոնտաժելու» ու ոչինչ չհավելելու խոստումն է անհասկանալի, երբ տեղնուտեղը հավելվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական հավասարակշռությունը պահում են ՌԴ-ն, ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Թուրքիան ու Իրանը: Մնում է հասկանալ՝ ո՞վ որ կողմից է հավասարակշռում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ