Ֆրանսիայի կառավարող սոցիալիստական կուսակցության բարձրաստիճան անդամները փորձում են կանխել մասնատումը իրենց թեկնածուին նախագահական ընտրություններում առաջադրելու հարցում:
Տագնապի զանգ դարձավ վարչապետ Մանուել Վալսի հայտարարությունը, որ կարող է առաջադրել իր թեկնածությունը նախագահ Ֆրանսուա Օլանդի դեմ կուսակցական պրայմերիզներում, իսկ կառավարության ներկայացուցիչը նրան զգուշացրեց, որ այդ դեպքում պետք է հրաժարական տա: Կիրակի օրը հանրապետական կուսակցության թեկնածուն դարձավ Ֆրանսուա Ֆիյոնը՝ կուսակցական պրայմերիզներում փայլուն հաղթանակ տանելով: Բոլոր քվեաթերթիկները հաշվելուց հետո Ֆրանսուա Ֆիյոնը ստացավ 66,5 %, Ալեն Ժյուպենը՝ 33,5 %: Հասարակական կարծիքի վերջին հարցման տվյալներով՝ եթե համապետական ընտրությունները անցկացվեին այսօր, Ֆիյոնը հեշտությամբ առաջ կանցներ ծայրահեղ աջերի թեկնածու Մարին լը Պենից: Harris Interactive poll-ի տվյալներով՝ Ֆիյոնը Լը Պենին կհաղթի առաջին փուլում՝ 26 %-ով, երկրորդում՝ 67 %, նրա 33 %-ի դիմաց: Նույն հարցումը վկայել է, որ սոցիալիստներից և Ֆրանսուա Օլանդը, և Մանուել Վալսը կստանային 9 %:
Մասնատվածության տենդ
Մանուել Վալսը Journal du Dimanche-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ չի բացառում պրայմերիզներում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը, որովհետև ցանկանում է ցրել միֆը, որ սոցիալիստները իշխանությունը պահելու շանս չունեն: Ֆրանսիական մամուլը գրում է, որ երկուշաբթի Վալսն ու Օլանդը ավանդական ճաշն են ունենալու Ելիսեյան պալատում, սակայն կառավարության մամլո քարտուղար Ստեֆան լը Ֆոլն արդեն ընդգծել է, որ պրայմերիզներին իր թեկնածությունն առաջադրելու համար Վալսը պետք է հրաժարական տա: «Նախագահի ու վարչապետի միջև պրայմերիզ չի լինի»՝ ասել է նա Europe 1 ռադիոկայանի եթերում: Սակայն սոցիալիստական կուսակցության քարտուղար Ժան Քրիստոֆ Կամբադելիսը, ելույթ ունենալով պետական հեռուստաալիքով, մարել է եռացող կրքերը՝ ասելով, որ աջ թևը «մասնատվածութան տենդի» մեջ է: «Ես կողմ եմ ամբողջական, միավորված աջերին, բայց պարտադիր չէ ամբողջ վարչակազմի: Հերիք է արդեն մասնատվածությունը»՝ ասել է կուսակցության քարտուղարը:
Չնայած Harris Interactive հարցումը վկայեց, որ սոցիալիստները առաջին փուլում կստանան ընդամենը 9 %, կուսակցության նախկին անդամ, այժմ անկախ թեկնածու Էմանուել Մակրոնը, սոցիոլոգների հարցումով, կստանա 13-14 %, իսկ «Աջ կուսակցության» թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը՝ 13-15 %:
Սարկոզին դուրս եկավ
Հանրապետական կուսակցության պրայմերիզմի արդյունքները հայտարարվելուց հետո հաղթող Ֆրանսուա Ֆիյոնը փոփոխություններ խոստացավ կողմնակիցներին: «Հիմա ես պետք է համոզեմ բոլորին, որ մեր տեսակետը միակն է, որ կարող է երկիրը ոտքի հանել զբաղվածության, աճի և այն ֆանատիկոսների դեմ պայքարի առումով, որ մեզ պատերազմ են հայտարարել»՝ ասաց նա: Շատերն էին սպասում, որ 62-ամյա Ֆրանսուա Ֆիյոնը այս մրցավազքում կհաղթի, երբ առաջին փուլում ստացել էր ձայների 44 %-ը՝ ասպարեզից հանելով ընդդիմախոսին, նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին: Ֆիյոնն առաջարկում է լայնամասշտաբ տնտեսական բարեփոխումներ, որի մասն է 500 հազար աշխատատեղի կրճատում պետական սեկտորում, աշխատանքային շաբաթի երկարացում ներկա 35 ժամից և կենսաթոշակային տարիքի բարձրացում, հարստության հարկի վերացում: Արտաքին քաղաքականության մեջ նա կողմ է Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների:
Ինչ է գրում ֆրանսիական մամուլը
Պահպանողական Le Figaro-ն զգուշացնում է, որ Ֆիյոնի համար ամենամեծ դժվարությունը կլինի «շարքային ընտրողի ահավոր խորթացումը»՝ նախագահական ընտրություններում նա ստիպված է լինելու իր կողմը գրավել շատ ավելի մեծ ընտրազանգվածի, քան կուսակցական պրայմերիզներին էր մասնակցում: Գործազրկությունը և անվերահսկելի ներգաղթը մարգինալացած ընտրողներին նետում են Ազգային ճակատի գիրկը՝ կարծում է թերթը:
Կենտրոնամետ Le Monde-ը գրում է, որ Ֆրանսուա Ֆիյոնի անվիճարկելի հաղթանակը նրան «ոչ վատ շանսեր է տալիս հաղթել Ազգային ճակատին և կոմայի մեջ գտնվող ձախերին»:
Նորությունների Francetvinfo ինտերնետ ռեսուրսի կարծիքով՝ Ֆրանսուա Ֆիյոնը, որ հայտնի է իբրև «Պարոն Ոչոք», Ելիսեյան պալատի ճանապարհին է, թեպետ այդ ճանապարհը շատ էր երկար:
Հ.Գ. Իսկ պատկերացնո՞ւմ եք Հայաստանում նախագահական ընտրություններ լինեին և նախագահն ու վարչապետը իրենց թեկնածությունը դնեին ներկուսակցական պրայմերիզներում՝ որոշելու համար հանրապետական կուսակցության թեկնածուին: Մի պատկերացրեք, Հայաստանում նախագահին խորհրդարանն է ընտրելու, իսկ միջկուսակցական պրայմերիզներ արդեն կունենաք խորհրդարանական ընտրություններում, որ անցկացվելու է անունով համամասնական, բայց փաստացի մեծամասնական ընտրակարգով: Սա Հայաստանն է, ու՝ վերջ: Իսկ Ֆրանսիան հին ու նոր, նախկին նախագահ, թե վարչապետ՝ ակնածանք չունի՝ Ֆրանսիան որոնում է միայն ապագան, այն ապագան, որ նման չի լինի ոչ երեկվան, ոչ այսօրվան: Ֆրանսուա Ֆիյո՞նը, Մարին լը Պե՞նը, թե՞ նա, ում դեկտեմբերին իրենց կուսակցական պրայմերիզներում կառաջադրեն սոցիալիստները: Ապրիլի 23-ին Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ