Ռուսաստանը մնում է, ինչպես ՈՒինստոն Չերչիլն էր ասում 40-ականներին, «գլուխկոտրուկ՝ փաթաթած հանելուկի մեջ, որը պահվում է գաղտնարանում»: Ռուսաստանը մնում է նաև հզոր միջուկային տերություն հետամնաց տնտեսությամբ և նախագահով, ում համար անկանխատեսելիությունը և անակնկալներ մատուցելու ունակությունը անբեկանելի պրոֆեսիոնալ որակ է: Եվ Ռուսաստանը, և ԱՄՆ-ը պատճառներ ունեն փոխադարձ դժգոհության համար, գուցե նույնիսկ զգուշանալու: Լարումը մեծանում էր, հասարակական գիտակցության մեջ ձևավորվում էր «թշնամու սինդրոմը», որտեղ ողջամտությունը և հանդիպակաց կողմի տեսակետները փակագծից դուրս են նետվում, նախապատվությունը տրվում է կոշտ քաղաքականությանը և մեխանիկական տրամաբանությանը ճշմարտության ու բանականության փոխարեն: Այդպիսի զարգացումը ոչ մի կողմի մշտական հետաքրքրություններից չի բխում:
Կոնֆլիկտը՝ միջուկային կամ ավանդական, աղետ է լինելու, հույս կա, որ երկու նախագահներն էլ դա գիտեն և հետագայում էլ խուսափելու են կոնֆլիկտից: Կարծես անտեսվում է, որ խոսքերն ու գործողությունները նույնպես կարող են վտանգավոր ու անխելամիտ լինել: ԱՄՆ ընտրություններում հաղթողը պետք է օգտագործի երկխոսության ճանապարհը բացելու հնարավորությունը, որ հիմա ակնհայտորեն փակ է, ավելի շատ անձնական, քան պաշտոնական պատճառներով: Նոր մեկնարկը երբեք չի կարող հեշտ լինել, բայց սկսելն անհրաժեշտ է: Կողմերից յուրաքանչյուրը իբրև առաջին քայլ պետք է որոշի փոխել բանակցությունների տոնը և անտեսել երկխոսությանը խանգարող հասարակական հայտարարությունները: Առաջին քայլերին պետք է հավելել հին հունական բժշկական երդումը՝ «Մի վնասիր»: Այս իմաստուն խորհուրդը խախտող գործողությունները պետք է հետաձգել: Հաջորդող գործողությունները պետք է ներառեն երկխոսությունը, որ Հենրի Քիսինջերը վարում էր Չժոու Էնլայի հետ 1971-ին՝ Պեկինում իրենց առաջին հանդիպման ժամանակ՝ ի՞նչ պատկերացումներ ունեք աշխարհի մասին, ի՞նչ ուղղությամբ եք շարժվում, ինչպե՞ս է կողմերից յուրաքանչյուրը պատկերացնում մյուսին: Ճշմարիտ պատասխանները կարող են հասցնել երրորդ քայլին:
Գտնել միջոցներ, որ կարելի է ձեռնարկել խնդիրները լուծել սկսելու և առճակատումը նվազեցնելու համար՝ ի շահ երկու կողմերի՝ կայունության ավելի բարձր մակարդակ միջուկային ոլորտում, որ հնարավոր է համաձայնագրերը պահպանելով և խուսափելով ռազմավարական ու մարտավարական անակնկալներից ու պատահականություններից, Իրանի միջուկային համաձայնագրի հետագա օգտագործում՝ ամբողջ աշխարհում ուրանի և պլուտոնիումի հարստացումը վերահսկելու և դանդաղեցնելու համար, Մինսկի պայմանավորվածությունները պահպանելու հիմքով ուկրաինական պրոբլեմի լուծում, ՈՒկրաինայի տնտեսական խնդիրների լուծում և բարեփոխումներ, ՈՒկրաինայի առավել երկարաժամկետ դերի որոշարկում իբրև արևելքն ու արևմուտքը միավորող երկիր, այլ ոչ թե բաժանող, առավել սերտ համագործակցություն Սիրիայում՝ սկսելով հրադադարից ու ժամանակավոր կառավարությունից՝ երկրի վերականգնման ու փախստականների վերադարձի համար: Բոլոր այս խնդիրները հեշտ չէ լուծել, բայց որքան ավելի երկար ենք սպասում, այնքան դժվար ու վտանգավոր են դառնում պրոբլեմները երկու երկրների համար:
Թոմաս ՊԻԿԵՐԻՆԳ, The National Interest, ԱՄՆ
Հ.Գ. Այս ճանապարհային քարտեզը ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների վերականգնման վերաբերյալ ամփոփում է National Interest-ի և Carnegie-ի փորձագետների տեսակետները: Սա ուղեցույց է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար և միայն մեկ մասն է ընդարձակ վերլուծության: Ըստ էության՝ Հարավային Կովկասը ԱՄՆ-ՌԴ հակասություններից դուրս է կամ քննարկումների առաջնահերթություն չէ: Բայց Բարաք Օբաման Դոնալդ Թրամփին ժառանգում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ի համանախագահությունը, իսկ դա պարտավորությունների շրջանակ է, որտեղ հայտնվում են ԵՄ-ի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի շահերը Հարավային Կովկասում: Իսկ մենք մի թեթև շունչ քաշենք ու մտածենք, որ ստատուս քվոն միջազգային օրակարգ չի մտել դեռ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ