Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո 13 մարդ է ձերբակալվել՝ 22-ամյա ոստիկան Մևլութ Ալթինթաշի ազգականները կամ ծանոթները: Թուրքական արդարադատությունը արդեն սպանությունը կապում է Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, անգամ հայտարարվեց, թե հյուրանոցի նրա համարում գյուլենական գրականություն է գտնվել, որ դժվար չէր նախ տանել-դնել, հետո գնալ-գտնել: Սակայն Ալթինթաշի հայտարարությունները գյուլենականների տեսակետներից տարբերվում են: Գնդակահարելով դեսպանին՝ նա բացականչել է. «Սիրիան չենք մոռանա: Հալեպը չենք մոռանա: Բոլորը, որ խառնվել են այս ոճիրներին, պատժվելու են»: Այս բացականչությունները ավելի շատ Ասադի դեմ ապստամբի են հիշեցնում, քան գյուլենականի: Ինքը՝ Ֆեթուլլահ Գյուլենը դատապարտել է դեսպանի վրա հարձակումը:
Դեկտեմբերի 19-ին Մևլութ Ալթինթաշը «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի բացմանը եկել է ոստիկանի նշանով և որևէ կասկած չի հարուցել անվտանգության աշխատակիցների մեջ: Առավել ևս, որ նրան դեմքով էլ ճանաչում էին՝ նա ութ անգամ ապահովել է Թուրքիայի նախագահի անվտանգությունը հուլիսյան հեղաշրջման փորձից հետո՝ հրապարակային վայրերում: Հեղաշրջման ժամանակ Ալթինթաշը աջակցել է Էրդողանին՝ Դիարբեքիրից Անկարա վերադառնալով: Բայց այս ամենը կողմնակի փաստեր են, ամենատարօրինակը թուրքական ոստիկանության պահվածքն է: ՌԴ դեսպանին սպանելուց հետո Մևլութ Ալթինթաշը բավականին ժամանակ ուներ փախչելու, ոստիկանությունը՝ նրան ձերբակալելու, նա կրակել էր բոլոր փամփուշտները և գործնականում անզեն կանգնած էր: Այդ պահին նրան ձերբակալելու փոխարեն՝ թուրք ոստիկանները նրան սպանում են ցուցասրահի պատերի տակ՝ վերացնելով հարցաքննության և դատավարության հնարավորությունը: Այսքանից հետո մեղադրել ԱՄՆ-ում գտնվող Ֆեթուլլահ Գյուլենին, կամ՝ ԻՊ-ի զինյալներին, մեղմ ասած, քաղաքականություն է, ոչ թե սպանության բացահայտում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ Կրակոցներ հնչեցին և երկու ուժեղ ու հավակնոտ պետությունները, թվաց, բախվելու են, բայց ոչ, Ֆրանց Ֆերդինանդի ժամը չեկավ: Ավելի շուտ՝ ՌԴ դեսպանի սպանությունը Թուրքիայում անտաղանդ փորձ էր ձախողել խաղի կանոններ փոխող Մոսկվայի ու Անկարայի ալյանսի ստեղծումը՝ գրում է The Times-ում Ռոջեր Բոյսը:
1914-ի հետ համեմատությունը տեղին էր անցած տարի, երբ Թուրքիան խփեց ռուսական ինքնաթիռը: Հիմա Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը լավագույն բարեկամներ են, կամ ներկայանում են իբրև ապագա ուժեր, որ բաժանելու են իրենց միջև Սիրիան: Անկարայի ու Կրեմլի գաղտնի կապերը հանգեցրին զիջումների ռազմաճակատում՝ Մոսկվան աչքերը փակեց, որ թուրքերը կռվում են քրդերի դեմ Հալեպի հյուսիսային մասում, իսկ Թուրքիան սուսուփուս բախտի քմահաճույքին է թողնում Սիրիական ազատ բանակի զինյալներին Հալեպում: Էրդողանն արդեն հասկացրել է, որ պատրաստ է միանալ Շանհայի համագործակցության կազմակերպությանը՝ ակումբ, որ առաջարկում է հակաամերիկյան, հակաարևմտյան այլընտրանք՝ նպատակ ունենալով ներգրավել նրանց, ովքեր հոգնել են ԱՄՆ-ի համաշխարհային հեգեմոնիայից: ՆԱՏՕ-ի անդամ ու ԵՄ-ի թեկնածու Թուրքիան կարևոր որս է:
Դոնալդ Թրամփը նվազագույնն առաջարկում է կառավարման գործարար ոճ՝ ԱՄՆ-ը ավտորիտար ղեկավարների հետ գործարքներ կկնքի, երբ դա բխի երկուստեք շահերից և չի պարտադրի Վաշինգտոնի պատկերացումները լիբերալ աշխարհակարգի մասին: Դա ձեռնտու է Պուտինին:
Բայց և Պուտինը, և Էրդողանը հոռետես են՝ նրանք կարծում են, որ Թրամփը կդառնա ազդեցիկ լոբբիի պատանդ: Երկուսն էլ կարող են իշխանության ղեկին մնալ մինչև 2024-ը, բավարար ժամանակ ունենալով վերաձևել Մերձավոր Արևելքը և հետևել՝ ինչպես է հիասթափված Արևմուտքը հեռանում տարածաշրջանից: