Հայաստանում, պարզվում է, երկար-բարակ մտածում, յոթ չափում, մեկ կտրում են, հետո նոր միայն քաղաքականություն վերադառնում։ Այս շաբաթն էլ անցավ, բայց Գագիկ Ծառուկյանը դեռ մտածում է՝ վերադառնա՞լ, թե՞ ոչ։ Հետաքրքիր է, նրա թիմակիցներն ի՞նչ ժամանակի միավորով են հաշվում, երբ հայտարարում են, թե «առաջիկայում» Ծառուկյանը հայտարարություն կանի։ «Առաջիկա»-ն գուցե երկու ամի՞ս է, մեկ տարի՞, թե՞ խիստ հարաբերական ժամանակահատված։ Փաստ է, որ քաղաքական «ընդերքը» եռում է և այս ուշացումը հենց այնպես չէ։ Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում` իշխանության հետ համագործակցություն չցանկացող, բայց այլ ճար չունեցող մարդու կարգավիճակով։
Բնականաբար, եթե ժողովուրդը հիշում է ՀՀԿ-ականների որակումները փետրվարյան հայտնի ելույթից հետո, ինչպե՞ս կարող է Գագիկ Ծառուկյանը մոռանալ ու չհիշել(չնայած դրանից ամիսներ հետո Սարգսյան-Ծառուկյան հարաբերություններն արտաքուստ այնպիսին էին, որ մի պահ հիշեցնում էր հայտնի ֆիլմը. « Էնպես էլ հանգիստ քնել են, ոնց որ մեղավորը ես եմ»)։ Այսուհանդերձ, ԲՀԿ նախկին առաջնորդը չի կարող բացահայտ աջակցություն ցուցաբերել ՀՀԿ-ին, որքան էլ ինքն իր մասին հավաստիացնի. «Ծառուկյանը նենգ մարդ չի, բարի ա, բոլորին ներում ա»։
Մնում է ընդդիմադիր դաշտում «խաղալու» տարբերակը։ Հենց այս հարթությունում է, որ չկան այն հզոր ուժերը, որոնց հետ Ծառուկյանը կմիանա ու կկարողանա իշխանությունների «հախից» գալ։ Եթե այս հնարավորությունը իրական լիներ, նա վայրկյան իսկ չէր մտածի։ Բայց ընդդիմադիր դաշտում իշխանությանը հակակշիռ ուժ չկա, ավելին, բացի իր թիմակիցներից, ընդդիմադիր մյուս ուժերն էլ շունչը պահած սպասում են ԲՀԿ նախկին ղեկավարի խոսքին, շատերի ապագան հենց Ծառուկյանի քայլերով է պայմանավորված։
Այս երկընտրանքի մեջ էլ արդեն քանի շաբաթ է` տվայտում է պարոն Ծառուկյանը, չգիտի, ի վերջո, քաղաքականության էջը «փակած-ծալա՞ծ» պահի, թե՞ «անհրաժեշտության դեպքում, եթե դրա կարիքը լինի, եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարողանում առաջ տանել, պահանջարկ լինի, հնարավոր է, որ ծալած էջը բացի»։
Գուցե Գագիկ Ծառուկյանը խիստ օրիգինալ է փորձում լինել և Ամանորի գիշերը՝ նախագահի ուղերձից առաջ, հայտարարությո՞ւն կանի։ Տեսնես քանիսի համար Գագիկ Ծառուկյանն այդ օրը կվերածվի Ձմեռ պապի, ում «նվերից» է կախված ոմանց քաղաքական ապագան։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ