Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սահմանամերձ հայրենիք է Հայաստանը, որ այլևս մասնատվելու տեղ չունի

Սահմանամերձ հայրենիք է Հայաստանը, որ այլևս մասնատվելու տեղ չունի
30.12.2016 | 12:19

Բուռն ստացվեց դեկտեմբերի 29-ը, բուռն ու ցավալի՝ տարեվերջին հայկական բանակը երեք զինվոր կորցրեց: Լույս իջնի նրանց հոգուն: Երեք զինվոր զոհվեց, իսկ մնացածը քանիցս կրկնվել է: ՊՆ-ն ամբողջ օրը հայտարարություններ էր անում, անգամ ԱԳՆ-ն ձեռնպահ չմնաց, ՀԱՊԿ-ը արձագանքեց, Ադրբեջանի ԱԳՆ-ն ՀԱՊԿ-ին պատասխանեց, Ջեյմս ՈՒոռլիքը խոսեց, ԵԱՀԿ-ում մի քանի օրից նախագահող Ավստրիայի ԱԳ նախարարը առաջնահերթությունները նշեց: Զոհված երեք զինվորների ու նրանց հարազատների համար այդ ամենը որևէ նշանակություն չունի:


Ռացիոնալ Իլհամ Ալիևը նոր թիրախ ընտրել էր Տավուշը. «Այսօր վաղ առավոտյան Հայաստանի Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում»,- ասվեց ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: «Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը»,- հաղորդեց ՊՆ-ն: Բաքուն, ինչպես հաճախ, պատասխանատվությունը դրեց հայկական կողմի վրա՝ հայտարարելով, որ «Հայաստանի Զինված ուժերի հետախուզական խումբն» է փորձել խախտել սահմանը, բայց հայտնվել է ադրբեջանական ստորաբաժանումների դարանում և «ստիպված է եղել կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ կրելով նահանջել», նաև ընդունեց, որ զինվոր է անհետ կորցրել:


ՀՀ ԱԳՆ-ն խստագույնս դատապարտեց դիվերսիոն ներթափանցման փորձը՝ «Այն պայմաններում, երբ դեռ հաղթահարված չէ ապրիլին Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով կարգավորման գործընթացին հասցված լրջագույն վնասը, Բաքուն նոր արկածախնդրության է դիմում՝ կոպտորեն խախտելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, հիմնահարցը խաղաղ միջոցներով կարգավորելու վերաբերյալ հանձնառությունը: Այսպես է Բաքուն պատասխանում Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահ երկրների արտգործնախարարների հնչեցրած հստակ պահանջին՝ անվերապահ պահպանել 1994-1995 թթ. զինադադարի համաձայնագրերը»: ՀՀ ԱԳ-ն, արձանագրելով, որ «Բաքուն դեմ է դուրս գալիս համամարդկային արժեհամակարգին», համոզմունք հայտնեց, բայց չպահանջեց, որ «միջազգային հանրությունը, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, անհապաղ քայլերով պետք է սթափեցնեն իրենց կոչերը ու պահանջները հանդգնորեն արհամարհող, դրանց հակառակ գնացող, իրականության զգացումը կորցրած ադրբեջանական ղեկավարությանը»:


Իսկ հետո ոմանք բուռն հրճվանք չէ, բայց հոգեկան բավարարություն ապրեցին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար (ի դեպ, այդ պաշտոնում ռոտացիոն կարգով պիտի ՀՀ ներկայացուցիչը լիներ, եթե ՀԱՊԿ-ը հարգում է իր կանոնադրությունը) Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ «ՀԱՊԿ-ի քարտուղարությունում առանձնահատուկ տագնապով ընդունեցին ՀՀ Չինարի գյուղի մերձակայքում տեղի ունեցած զինված միջադեպի տեղեկությունը: ՀԱՊԿ անդամ պետության տարածքում տեղի ունեցած այդ գործողությունները գնահատում ենք սադրիչ, հատկապես այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծանր սպառազինության և զրահատեխնիկայի կիրառմամբ տեղի ունեցած բավական լուրջ միջադեպի ֆոնին»:

ՀԱՊԿ պաշտոնյան նույնիսկ պարիտետային սկզբունքով ցավակցություն չհայտնեց, հասցեական ոչինչ չասաց, այնքան էր «տագնապել», որ «մոռացավ» նշել` ո՞վ է սադրանք գործել ո՞ւմ նկատմամբ ու ընդհանրապես հայտարարությունն ո՞ւմ է ուղղված: Բայց նա սխրանք էր գործել, մեծ սխրանք՝ գրելով ԼՂՀ, չէր նշել «այսպես կոչված» կամ նման մի արտահայտությամբ չէր ընդգծել, որ ԼՂՀ պետություն աշխարհի պաշտոնական քարտեզին չկա: Ադրբեջանի ԱԳՆ-ն անմիջապես որակեց հայտարարությունը «սուբյեկտիվ» և «անընդունելի». «Դա հակասում է կազմակերպության մասնակից երկրների պաշտոնական դիրքորոշմանն ու բանակցային գործընթացի էությանը, որն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ ՀԱՊԿ-ի ղեկավարը որևէ հայտարարություն անելուց կամ մեկնաբանություն տալուց առաջ պետք է լավ գնահատեր ու վերլուծեր իրավիճակը»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը ցավակցեց զոհերի ընտանիքներին և շեշտեց. «Այս նոր բախումները մատնանշում են բանակցային կարգավորման ուղղությամբ քայլերի կարևորությունը, ինչը կբերի տևական խաղաղության հաստատման տարածաշրջանում: Ինչպես նշել ենք նախկինում, այս հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ»: Հին ու նոր մյուս համանախագահները լռեցին: Փոխարենը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ ամփոփելով 2016-ի դիվանագիտական արդյունքները՝ ասաց, որ Ադրբեջանն ապագայում ևս շարունակելու է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացման քաղաքականությունը` չսահմանափակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ «Ղարաբաղյան հակամարտության ընթացքում որևէ կառույց չի կարող մենաշնորհային դիրք զբաղեցնել»:

Դա պրագմատիկ ռացիոնալություն էր: Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիաֆեթ Ասկերովն էլ հայտարարեց, որ չնայած մի շարք ոլորտներում կան տնտեսումներ, ռազմական բյուջեի հարցում չկան խնդիրներ։ Խոսելով Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» հրթիռային համալիր հատկացնելու մասին՝ տեղեկացրեց, որ հարցը քննարկել է ԱԳՆ-ի հետ. «Նրանք պաշտոնական դիմում են հղել ՌԴ ԱԳՆ-ին։ Ռուսաստանը դեռ կոնկրետ պատասխան չի տվել մեր հարցին, թե ինչ նպատակով է արել դա։ Մենք մեր կարծիքը կհայտնենք հետո, երբ պաշտոնական պարզաբանում կստանանք հենց Ռուսաստանից։ Բնականաբար, Ռուսաստանը այդ հակամարտությունը կարգավորելու համար պետք է լինի անկողմնակալ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»։ «Անկողմնակալը» կարող եք հասկանալ՝ Ադրբեջանի կողմից: Բաքվում «անկողմնակալի» այլ ընկալում չկա, ինչպես Հայաստանն ամեն ինչ «ըմբռնումով» է ընկալում: Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը, որ հունվարի 1-ից նախագահելու է ԵԱՀԿ-ում, ասաց, որ Ավստրիայի առաջնահերթություններից մեկը հակամարտություններում լարվածության նվազեցումն է. «Մենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կանոնավորապես տեղեկատվություն ենք ստացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից։ Մենք մշտական շփման մեջ ենք կողմերի հետ։ Այդ պատճառով ակնդետ հետևում ենք իրավիճակին և էլ ավելի լավ ենք հասկանում տարբեր դիրքորոշումները։ Մենք ԵԱՀԿ-ում մեր միջազգային գործընկերների հետ վստահ ենք, որ այդ հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով։ Այդ ուղղությամբ աշխատանքն առաջնահերթ է մեզ համար։


Ավստրիան՝ որպես ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիր, միացել է 2016-ի ապրիլի 5-ին համանախագահների հայտարարությանը և կողմերին կոչ ենք արել անհապաղ զերծ մնալ ուժ կիրառելուց։ Մենք նաև ընդգծել ենք, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով։ Ես դա կրկնել եմ քանիցս։ Հակամարտությունից տառապող բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունը պետք է լինեն առաջնահերթ»։
Ահա այսպիսի երկար օր էր երեկվա օրը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այսպես կյանքը գալիս ու ջուրն է գցում փուլային կարգավորման Լևոն Տեր-Պետրոսյանի բացահայտ ջատագովումն էլ, Սեյրան Օհանյանի պաշտպանությունն էլ, համանման բոլոր վերլուծություններն էլ: Դիմացդ թշնամի է, որ խաղի կանոններ չի ընդունում, ում համար բանակցություններ կան, թե չկան, կարևոր չէ: Իսկ Հայաստանում հնչում են հանդուրժողականության, զիջման ու քաղաքական այլ փաթեթավորումով պատված կոչեր, այս ու այն պետությանն են փոխանցում կոնֆլիկտի կարգավորման բանալին: Աբսուրդ: Սա պատերազմ է, որ չունի կանոններ, բայց ամեն օր կրակում է:

ՈՒ այս պատերազմը ավարտելու է ուժեղը, ոչ թե սրա-նրա դուռը թակողը կամ այստեղ-այնտեղ ճամարտակողը: Ով էլ լինի: Մահվան առաջ դա ոչ մի նշանակություն չունի: Մասը հանձնելով՝ ամբողջը պահելը թղթի վրա սուպերռացիոնալ է, բայց կյանքում չի ստացվում: Մասը տալով՝ դու այլևս չունես ամբողջություն՝ սա մեկ, և հետո՝ ոչ մի երաշխիք, որ քո ունեցած նոր «ամբողջությունից» նոր մաս չեն ուզելու: Սահմանամերձ հայրենիք է Հայաստանը, որ այլևս մասնատվելու տեղ չունի:

Դիտվել է՝ 2302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ