Եթե վերացարկվենք ներկա բարեկամական հռետորաբանությունից, կասկածներ են ծագում,որ ռուս-ամերիկյան հարաբերություններում հնարավոր է «վերբեռնում»: Միջնաժամկետ հեռանկարում հնարավոր է նույնիսկ հարաբերությունների վատացում՝ գրում է Die Presse-ի կայքում Տրանսատլանտյան ակադեմիայի գիտաշխատող Հանես Ադոմեիտը: Նախընտրական արշավում և հաղթանակից հետո Թրամփը հասարակությանը գրգռեց ռուսամետ ու պուտինամետ դիրքորոշումներով, որոնք ստիպում էին մտածել, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահը ձգտում է ոչ միայն ռուս-ամերիկյան հարաբերությունների վերբեռնման, այլև «մեծ գործարքի» (Grand Bargain), որի էությունը երկկողմ հարաբերությունների սկզբունքային բարելավումն է՝ ընդհուպ գործընկերությունը:
Սպիտակ տան նոր տերը, իհարկե, կփորձի հարաբերությունների բարելավման ու համագործակցության հնարավորությունները: Այնուհանդերձ, հաշվի առնելով, վերբեռնման Վաշինգտոնի բոլոր նախկին ջանքերը, կասկածներ կան, որ հարաբերությունների շարունակական նորացումն ընդհանրապես հնարավոր է: Միջնաժամկետ հեռանկարում այդ հարաբերությունները կարող են նույնիսկ վատանալ: Կոնֆլիկտի կարևոր և սկզբունքային պատրվակ կարող են դառնալ Թրամփի ու Պուտինի նույնանման նպատակները: ԱՄՆ-ը նորից ուժեղ ու հզոր երկիր («Make America great again») դարձնելու Թրամփի բարձրաձայնած նպատակը զուգահեռներ ունի 2000-ականների սկզբին Պուտինի առաջադրած խնդրին՝ Ռուսաստանին վերադարձնել մեծ տերության կարգավիճակը: Ազգային «մեծությունը» և մեկ, և մյուս դեպքում ընկալվում է իբրև ռազմական հզորություն, իսկ գլխավոր դերում երկրի միջուկային ներուժն է:
«ԱՄՆ-ը պետք է նշանակալից մեծացնի իր միջուկային հնարավորությունները, քանի աշխարհը ատոմային զենքի հարցում խելքի չի եկել»՝ հայտարարել է Թրամփը: Ապագա նախագահի համար կարևոր չէ՝ գործը կհասնի՞ սպառազինության մրցավազքի: Պուտինն ի պատասխան հայտարարեց, որ եթե ինչ-որ մեկը սկսելու է սպառազինության մրցավազքը, հաստատ ռուսները չեն: ՌԴ նախագահը կոչ արեց ամրապնդել ռազմավարական միջուկային ուժերը և մշակել հրթիռներ, որ կարող են հաղթահարել հակահրթիռային ներկա ու ապագա համակարգերը: Բացի այդ՝ կա պահանջների ընդարձակ կատալոգ, որ Պուտինը ներկայացրել է Օբամայի վարչակարգին՝ խոսել Ռուսաստանի՝ իբրև հավասարի հետ, դադարեցնել ՆԱՏՕ-ի արևելք ընդարձակումը, հրաժարվել ԱՄՆ զորամիավորումների Արևելյան Եվրոպայում տեղակայումից, ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգերը Եվրոպայում տեղակայելուց, ճանաչել հետխորհրդային տարածքը ռուսական ազդեցության գոտի, ընդունել Ասադին իբրև գործընկեր սիրիական կոնֆլիկտի լուծման բանակցություններում, հանել հակառուսական պատժամիջոցները՝ ընդհուպ վնասների փոխհատուցում:
Բայց Թրամփը բիզնեսմեն է: Նա առաջին հերթին շահ է որոնում: Իսկ ի՞նչ կարող է իր բիզնես-գործընկերոջն առաջարկել Պուտինը մեծ գործարքի շրջանակներում: Դադարեցնել հակաամերիկյան ակտիվ քարոզչությո՞ւնը: Կամ՝ շարունակել Թրամփին անվանել «փայլուն ու տաղանդավոր մա՞րդ»: ՈՒրիշ ի՞նչ: Մոսկվան կարող էր Վաշինգտոնին առաջարկել համագործակցություն ահաբեկչության դեմ ավելի ակտիվ պայքարում: Բայց ԱՄՆ-ը ու ՌԴ-ն ոչ միշտ են միասնական միջազգային ահաբեկչությանը տրված գնահատականներում: Թրամփի թիմը նրանց շարքին առաջին հերթին դասում է ԻՊ-ը, նաև նրանց հետ կապված պետությունները, որոնց թվում է Իրանը: Ռուսաստանը Իրանին համարում է ռազմավարական գործընկեր: Ընդհանուր դիրքորոշում չկա և Չինաստանի հարցում: 2015-ի նոյեմբերին հրապարակված «Ինչպես Ամերիկան նորից դարձնել մեծ տերություն» գրքում Թրամփը ԱՄՆ-ի հակառակորդ է անվանում և Չինաստանին: Ռուսաստանը պաշտոնապես Չինաստանին համարում է «ռազմավարական գործընկեր», ում հետ համատեղ զորավարժություններ է անում: Հազիվ թե հանուն Վաշինգտոնի Մոսկվան երես դարձնի Պեկինից: 2016-ը Պուտինի կարծիքով, ռուսական արտաքին քաղաքականության համար շատ հաջող էր: Ինչո՞ւ նա պիտի գլուխ կոտրի ԱՄՆ-ին առաջարկներ անելու համար, եթե առանց զիջումների նպատակների հասնելու հեռանկարներ կան:
Հ.Գ. Թերևս տարվա վերջին օրը այնքան էլ լուրջ մտորումների ժամանակ չէ, բայց մի քանի ժամից սկսվում է 2017-ը և այն կյանքը, որտեղ շատ կարևոր են ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները ու այդ հարաբերությունների լավ կամ վատ լինելու հետևանքները: Փաստարկները, որ ՌԴ նախագահն ունի պահանջներ, բայց չունի առաջարկներ, իսկ ԱՄՆ ապագա նախագահը՝ շահ, գործնականում անխոտելի են, բայց շատ կասկածելի է Պուտինի արձանագրումը, որ անցնող տարին հաջող էր ու առանց զիջումների հեռանկարներ ունի նպատակներին հասնելու: Պուտինին օր առաջ պետք է պատժամիջոցներից ազատվել՝ տնտեսությանը վերականգնումի ելք տալու համար: Պուտինը չի կարող հրաժարվել ոչ Պեկինից, ոչ Թեհրանից, Թրամփը բավականին խորացել է իր հակաչինական (հիշեք Թայվանի դեպքը) և հակաիրանական (հիշեք միջուկային համաձայնագրի մասին կարծիքը) հայտարարությունների մեջ: Որտե՞ղ պիտի ընդհանուր հայտարարի գան: Սիրիայո՞ւմ: Հազիվ թե: Բացի ահաբեկչության տարբեր պատկերացումները, կա քրդական հարցը և կա Թուրքիան: Միով բանիվ, անակնկալներով ու զիգզագներով տարի է սկսվում: Բարի Ամանոր:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ