ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2016-ի տարեկան ամփոփիչ ասուլիսում, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, ասել է, որ Ղարաբաղում իրավիճակն ու ռազմական գործողություններն Ադրբեջանի ներքին գործը չեն, որ Ղարաբաղի խնդիրն ուժային լուծում չունի, որ Ռուսաստանը 2011-ից հանդես է գալիս միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման օգտին (թե ինչու չեն ներդրվում, կոչ է արել հարցնել ԵԱՀԿ-ից), որ կարգավորումը ենթադրում է Ղարաբաղի վերջնական կարգավիճակ և համապատասխանաբար՝ «դեօկուպացիա»:
Նա հիշեցրել է, որ 2016-ի ապրիլին հակամարտության սրումից հետո, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները, միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու ու շփման գծում ԵԱՀԿ-ի դիտորդների թվի մեծացման անհրաժեշտության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: «Ցավոք, նույնիսկ այսպիսի տարրական բանը՝ մեխանիզմների ստեղծումը և դիտորդների թվի մեծացումը, չի կարող կյանքի կոչվել, քանի որ ԵԱՀԿ-ում առայժմ կոնսենսուս չկա»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ կոնսենսուսի բացակայության պատճառների մասին «պետք է հետաքրքրվել այդ կազմակերպության ներկայացուցիչներից»: Թեև ավելի ճիշտ կլիներ հետաքրքրվել Բաքվից, որի մասին Լավրովը լռել է:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ որոշումների ամբողջ հավաքածո կա, առաջին հերթին՝ որոշումներ, որոնք հակամարտության թեժացման պահին ընդունվել են ՄԱԿ Անվտանգության խորհրդում և կրակի դադարեցում են պահանջել»,- հիշեցրել է Լավրովը: Ամփոփելով՝ նա ասել է, որ «պահպանվում է օկուպացված տարածքներն ազատելու պահանջը, բայց ոչ մի դեպքում ուժով, այլ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու դեպքում»: Նա եզրափակել է՝ հայտարարելով, որ այդ ամենն ամրագրված է Մինսկի խմբի բազմաթիվ որոշումներում, հայտարարություններում, փաստաթղթերում, որ ընդունել են ու ստորագրվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: «Այնտեղ վեճերի խաղաղ կարգավորման մասին նշված է առանց երկիմաստության»,- ընդգծել է Լավրովը: Նա նշել է, որ տարածաշրջանում արյունահեղ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել 2016-ի ապրիլին, խոր տագնապ են հարուցում և հիշեցրել է, որ «Ռուսաստանը կարևոր դերակատարում է ունեցել այդ արյունահեղությունը այդ պահին դադարեցնելու հարցում»:
Գործնականում նոր ոչինչ ՌԴ ԱԳ նախարարը չի ասել, որևէ նոր «պլան», ծրագիր, առաջարկ չի արել, բայց Ադրբեջանում ու Հայաստանում, ինչպես միշտ, ՌԴ ԱԳ նախարարի խոսքը ընկալվել է իբրև … նոր տեսակետ:
Նա ընդամենը արձանագրել է ստեղծված իրավիճակը՝ Բաքուն չի համաձայնում ԼՂՀ կարգավիճակի հարցի լուծմանը և բանակցությունները մտել են փակուղի: Նույն օրը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն էլ է դա հաստատել. «Ադրբեջանի նախագահը ավելի վաղ հստակություն է մտցրել ԼՂ-ի կարգավիճակի հարցում։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում չի կարող լինել փոխզիջում, սակայն փոխզիջումները հնարավոր են ԼՂ-ի ինքնակառավարման հարցում։ Եթե մենք գանք համաձայնության, ապագայում ԼՂ-ը կարող է ինքնավար հանրապետություն լինել Ադրբեջանի կազմում»։ Այսինքն՝ Բաքուն ընդունում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, և այդտեղ ավարտվում են բանակցությունները: Պատահական չէ, ըստ haqqin.az-ի, ադրբեջանցի լրագրողները ՌԴ ԱԳ նախարարին հարցրել են, թե ի՞նչ քայլեր կձեռնարկի Ռուսաստանը, եթե Ադրբեջանը փորձի «հակաահաբեկչական գործողությամբ» լուծել ղարաբաղյան հարցը՝ դիտարկելով՝ որպես ներքին գործ: ՈՒ Լավրովը ստիպված է եղել պատասխանել, որ դա Ադրբեջանի ներքին գործը չէ: Ռազմական ագրեսիան, քառօրյա պատերազմը, դիվերսիաները այլևս օգուտ չեն տալիս, և Բաքուն, համահունչ համաշխարհային քաղաքական տրենդին՝ պայքար է սկսում…ահաբեկչության դեմ՝ փորձելով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը՝ մոտավորապես սա է ստացվում Ադրբեջանի նոր սխեման, եթե հաշվի առնենք, որ ադրբեջանցի որևէ լրագրող ՌԴ ԱԳ նախարարին Մոսկվայում, ասուլիսում չէր կարող հարց տալ՝ առանց Ադրբեջանի ԱԳՆ-ի համաձայնության ու հանձնարարության: Թերևս ակնկալելով, որ կստանա պատասխան՝ Ռուսաստանը միշտ և ամենուր պայքարում է ահաբեկչության դեմ, բայց Սերգեյ Լավրովը այդ պատասխանը տալու փոխարեն ասել է, որ Ղարաբաղում իրավիճակն ու ռազմական գործողություններն Ադրբեջանի ներքին գործը չեն, որ Ղարաբաղի խնդիրն ուժային լուծում չունի: Եթե անգամ սա շոկ է Ադրբեջանի համար, ավետիս չկա Հայաստանի ու Ղարաբաղի համար: Լավրովը ներկայացրել է ՌԴ պաշտոնական դիրքորոշումը՝ վերահաստատել է «դէօկուպացիան», որ հենց «Լավրովի պլանի» կամ «Կազանյան սկզբունքների» հիմքում են ու ոչինչ ավելին: Առավել ևս, որ հրապարակային ու ռեալ քաղաքականությունները ոչ միայն զուգահեռ չեն, այլև հաճախ են միմյանց հակասում: Ոչ միայն Ռուսաստանի դեպքում, բայց հատկապես Ռուսաստանի դեպքում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հայաստանը մշտապես սկզբունքային դիրքորոշում է արտահայտել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ և համարում է, որ այն լավագույն միջոցն է խուսափելու անտեղի զոհերից՝ անդրադառնալով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը` ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը. «Միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը մեր սկզբունքային դիրքորոշումն է, ինչը բազմիցս արտահայտել ենք: Մենք ևս կարծում ենք, որ այն լավագույն միջոցն է` խուսափելու միջադեպերի հետևանքով անտեղի զոհերից»: Փաստորեն նա էլ հաստատել է, որ… Լավրովը նոր ոչինչ չի ասել: