Հայ քաղաքական դաշտի հունվարի 17-ը չափազանց բեղուն էր, բայց կարող էր և այդպիսին չլինել, եթե չլիներ վարչապետ Կարեն Կարապետյանի հունվարի 13-ի ասուլիսը, որտեղ նա համակերպված հայտարարեց, որ կլինի կամ չի լինի ՀՀԿ ընտրացուցակում՝ կախված է օրենսդրությանը համապատասխանությունից: Իսկ նրա հայտարարությունը հաջորդեց հրապարակումներին, որ Կարեն Կարապետյանը վերջին տարիներին Հայաստանում չի ապրել և համապատասխանաբար՝ չի կարող առաջադրվել պատգամավոր ու 2018-ից հետո մնալ վարչապետ՝ նոր Սահմանադրությամբ: Այսինքն՝ խնդիրը, որ Մոսկվան առաջադրել էր Կարեն Կարապետյանին, չի կարող լուծվել՝ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Ընդամենը չորս օրից Մոսկվան խաղի մեջ մտցրեց պահեստային խաղացողներին՝ ինչ չի կարող անել Կարեն Կարապետյանը, որ նաև արագ հրավիրվեց Մոսկվա՝ ՌԴ վարչապետին հանդիպելու հույժ պետականամետ առաքելությամբ, կարող է անել ՀՀ քաղաքացի Սեյրան Օհանյանը: Առանձնապես մեծ փոփոխություն չէ Մոսկվայի համար, միևնույն է, ֆինանսավորման աղբյուրը չի փոխվում, իսկ քարոզչական միջոցները հիմա կդրվեն նոր հայտարարված դաշինքի՝ «Երրորդ հանրապետության», «Համախմբումի» ու ՀԴԿ-ի տրամադրության տակ: Սա է ողջ պատմությունը՝ ինչո՞ւ և ինչպե՞ս հենց հունվարի 17-ին ի հայտ եկավ նոր դաշինքը և հենց հունվարի 17-ին Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն:
Գագիկ Ծառուկյանի համար սա աստղերի բարենպաստ դասավորություն էր, որ մանևրելու ու անկանխատեսելի քաղաքականություն ծավալելու հնարավորություններ է տալիս: Տեսականորեն ԲՀԿ նախկին ու գուցե ապագա նախագահը երեք տարբերակ ունի:
1. Հավատարիմ է մնում ՀՀ երկրորդ նախագահին, որ Բաղրամյան 26-ում իր իշխանության վերջնամասում ստեղծեց ԲՀԿ-ն՝ ՀՀԿ-ից իշխանությունը վերցնելու ու իբրև վարչապետ շարունակելու համար: Եթե Գագիկ Ծառուկյանը որոշում է վերադառնալ ակունքներին, նա իսկապես կարող է ընդարձակ դաշինք ձևավորել՝ ոչ միայն դաշտի մանրիկ ռուսամետներին հավաքելով, այլև իր վերադարձի ստեղծման օրը հայտարարված դաշինքն անդամագրելով՝ սա մեծ պլատֆորմ է երկրորդ նախագահի հավակնությունների տակ: Բայց որքանո՞վ է դա բխում Գագիկ Ծառուկյանի շահերից, թերևս ընդամենը հագուրդ է տալիս 2015-ի «քաղաքական կրկեսի» դիմաց վրեժխնդրության ցանկությանը:
2. Հավատարիմ է մնում ՀՀ երրորդ նախագահին և նրա աջակցությամբ կազմավորում է խորհրդարանական երկրորդ՝ անվանական ընդդիմադիր ուժ ու շարունակում է քննադատել իշխանությանը, մնալով իշխանահետ ու շարունակել «բարեգործությունը» իբրև քաղաքական գործունեություն: Սա, թերևս, առավել հավանական տարբերակն է:
3. Տեսականորեն երրորդ տարբերակն էլ կա՝ Գագիկ Ծառուկյանը ընդարձակ մանևր է անում՝ փոխադարձ համաձայնության գալով թե երկրորդ, թե երրորդ (նաև առաջին) նախագահների հետ, թե Կարեն Կարապետյանի՝ յուրաքանչյուրին վստահեցնելով, որ նրա հետ է ու նրա համար է աշխատում, իսկ իրականում խաղում է սեփական խաղը՝ անկանխատեսելի հետևանքներով թե իր, թե մյուսների համար: Սա ամենանվազ հնարավոր տարբերակն է՝ Գագիկ Ծառուկյանը չափազանց զգուշավոր է՝ նման վտանգավոր խաղի մեջ մտնելու համար, որից կարող է դուրս գալ՝ ինչպես սկսել է՝ ճարպիկ, բայց մեղու պահող ու սունկ աճեցնող միայն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ նրանց հայտարարություննե՞րը, հայրենանվեր խոստումնե՞րը, վեհ նպատակնե՞րը ու ժողովրդին ծառայելու անձնազոհ պատրաստակամությո՞ւնը: Համարեք, որ նախընտրական քարոզչությունն արդեն սկսվեց: